Home / Հայաստան / Փաշինյանի դիրքորոշումը Բաքվի տարակուսանքն է առաջացրել

Փաշինյանի դիրքորոշումը Բաքվի տարակուսանքն է առաջացրել

Ադրբեջանի ԱԳՆ արձագանքել է ղարաբաղյան խնդրի շուրջ Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությանը՝ կոչ անելով Նիկոլ Փաշինյանին չսրել իրավիճակը և նախադրյալներ ստեղծել խաղաղ գործընթացի համար:

«Մի կողմից Փաշինյանը հայտարարում է խաղաղ պայմաններ ստեղծելու կարևորության մասին, մյուս կողմից փորձում է փոխել բանակցային ձևաչափը, փորձում է մեղադրել Ադրբեջանին «ագրեսիվ հռետորաբանության մեջ», իբրև թե Բաքուն իր բնակչությանը պատերազմի է նախապատրաստում, ոչ թե խաղաղության», – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլլաևան։ Ըստ նրա՝ տվյալ դիրքորոշումը տարակուսանք է առաջացնում: «Ադրբեջանը խրախուսում է այն օգուտն ու զարգացումը, որը հակամարտության կարգավորումը կտա տարածաշրջանին։ Որքան շուտ Հայաստանի վարչապետը գիտակցի, թե հակամարտության կարգավորումն ինչպիսի օգուտ կտա տարածաշրջանին և մասնավորապես իր երկրին, այնքան շուտ նա ի վիճակի կլինի իրականացնել Հայաստանի բնակչությանը խոստացած «տնտեսական հեղափոխությունը», – հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։

ԱԳՆ ներկայացուցիչը պնդում է, որ Հայաստանի պաշտոնյաների հայտարարություններն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան նպաստում խնդրի խաղաղ կարգավորմանը:

Փետրվարի 12-ին վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ խոսեց ղարաբաղյան բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավման անհրաժեշտության մասին։