Home / Հայաստան / Հակամարտությունը՝ առևտրի առարկա․ Ղարաբաղի մասին զեկույց է հրապարակվել

Հակամարտությունը՝ առևտրի առարկա․ Ղարաբաղի մասին զեկույց է հրապարակվել

Ղարաբաղյան հակամարտությունը նախկին ԽՍՀՄ տարածքում մնում է առավել վտանգավոր և անկանխատեսելի հակամարտություններից մեկը։ Ըստ International alert միջազգային կազմակերպության փորձագետների կողմից պատրաստված զեկույցի՝ երկու կողմից մարդկային մեծ կորուստների պատճառ դարձած 2016 թ-ի ապրիլյան բախումները ի ցույց դրեցին ռազմական ճանապարհով խնդրի կարգավորման կողմերի պատրաստակամությունը։

Ըստ լոնդոնյան International alert-ի, այդ կազմակերպությունը, ղարաբաղյան հակամարտության խաղաղարար նախաձեռնություններին տարբեր մակարդակներում շուրջ 20 տարվա մասնակցության փորձ ունենալով, ուսումնասիրություն է իրականացրել՝ փորձելով ցույց տալ պատերազմի այլընտրանքները, հակամարտության փոխակերպման ուղիները, ինչպես նաև հակամարտող կողմերի ու միջնորդների մոտեցումները։

Ուսումնասրության արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի հասարակություններին միավորում են հակամարտության տարբեր ասպեկտներին վերաբերող մի շարք ընդհանրություններ։ Հեղինակները հույս ունեն, որ տվյալ աշխատանքում տեղ գտած եզրակացություններն ու խորհուրդներն օրգտակար կլինեն հակամարտության բոլոր կողմերի և կարգավորման գործընթացում ընդգրկված միջնորդների համար։

«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, զեկույցի համահեղինակ Գեղամ Բաղդասարյանի խոսքով, ծրագիրը սկսվել է երկու տարի առաջ․ «Ստեղծվել է փորձագիտական խումբ՝ Ադրբեջանի, Հայաստանի, Արցախի, ինչպես նաև Վրաստանի ու Աբխազիայի մեր գործընկերների մասնակցությամբ։ Մենք փորձել ենք ուսումնասիրել մարդկանց տրամադրությունները, հավաքել ենք բավականին հարուստ նյութ, վերլուծել ենք ու հիմա վերադարձնում ենք հակամարտող հանրություններին՝ փորձելով հասկանալ, արդյոք ճիշտ ենք ընկալել նրանց տրամադրությունները, ինչպես են նրանք վերաբերվում մեր առաջարկություններին»։

Փետրվարի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նա հայտարարեց, որ, հարցումների ու ուսումնասիրությունների համաձայն, հակամարտող հանրություններում մեծացել է քննադատական մտածողության մակարդակը, ինչը, Բաղդասարյանի խոսքով, շատ կարևոր է․ «Արդեն դժվար է դարձել պարզապես հայրենասիրական պաթոսով ինչ-որ նյութ կամ գաղափար հրամցնելը, որովհետև հանրություններում հարց է ծագում՝ ի՞նչ գնով, ո՞վ պետք է անի։ Հիմա հնարավոր չէ հալած յուղի տեղ ընդունել տալ հայրենասիրական պաթոսով ասված այնպիսի համահայկական մեծ ծրագրերը, որոնք առաջներում հանրությունն ավելի մեծ ոգևորությամբ էր ընդունում»։

Պատասխանելով հաճախ հնչող մեղադրանքներին այն մասին, որ խաղաղարարական ջանքերը միակողմանի են, քանի որ «մյուս կողմում ոչինչ չի կատարվում», Բաղդասարյանն ասաց․ «Մյուս կողմում, պարզվում է, բավականին հետաքրքիր միտումներ կան հասարակական կարծիքի դրսևորումներում։ Մասնավորապես, մեր փորձագետները խոսում են այն մասին, որ դասագրքերում հայատյացության այն աստիճանը, որ կա, ընդհանրապես, ատելության խոսքը որ կա, ընդամենը խանգարում է ամեն ինչին․ ոչ միայն հայերի հետ հարաբերություններին, այլ ընդհանրապես երկրի զարգացմանն ու իմիջին»։

Ըստ նրա՝ Ադրբեջանի պետական քարոզչական հնարքին հակառակ, փորձագետների հետ զրուցաց հակամարտությունից տուժած մարդկանց զգալի մասը ո՛չ թե մտածում է լքած վայրեր վերադառնալու մասին, այլ ապրում է սովորական հոգսերով ու իղձերով։

«Մարդիկ նաև սկսել են խոսել ցանկացած «հայրենասիրական գաղափարի» իրականացման գնի մասին, – ասում է Բաղդասարյանը։ – Ի՞նչ գնով է լինելու խաղաղությունը, պատերազմը, ի՞նչ գին ունի հակամարտությունը բոլոր 3 հակամարտող հանրություններում։ Փորձագետները եզրակացրել են, որ հակամարտող հանրություններում խաղաղությունը ընկալվում է ոչ թե որպես նպատակ, այլ ավելի շատ որպես միջոց»։

Բաղդասարյան․ «Մեր աբխազ գործընկերը խոսում է մի մեծ անարդարության մասին, որը վերաբերում է սահմանամերձ բնակչությանը։ Ասում է՝ ընդունված է հակամարտության գոտիներում խոսել, թե հիմա պատերազմ չկա, ընդամենը սահմաններին միջադեպեր են լինում, մեկ֊մեկ մարդիկ են զոհվում։ Այսինքն՝ այս հակամարտության բեռը հավասարապես բաշխված չէ հանրության բոլոր շերտերի ու խավերի վրա, այն անասելի ծանր է սահմանամերձ գոտու բնակիչների համար, և այս բեռը չի փոխհատուցվում թե՛ նյութապես, թե՛ բարոյապես։ Ամենաընկալունակը ապագայի, խաղաղության հարցի քաղաքակիրթ լուծման հանդեպ հենց սահմանամերձ շրջանների բնակիչներն են»։

Զեկույցի համահեղինակ, լրագրող Մարկ Գրիգորյանը նշեց, որ զեկույցի շրջանակներում ոչ-ոք չէր առարկում խոսել երեք հանրությունների մասին, որովհետև հասկանում էին՝ իրականությունն այն է, որ կան այս երեք հասարակությունները և ուղղակի անհեթեթություն կլիներ դրան ուշադրություն չդարձնել։
Խոսելով արդյունքների մասին, Գրիգորյանն ասել է, որ, պարզվում է, հակամարտությունը որպես այդպիսին արժեք է դառնում, որից մարդիկ չեն կարողանում հրաժարվել, որը երեք հանրություններն էլ պահում են և գնահատում։

«Արդեն մեծացել է մի ամբողջ սերունդ, ում համար հակամարտությունը նորմա է, ով հավատում է, որ սա՛ է իսկական, ճիշտ և նորմալ կյանքը՝ հակամարտության մեջ։ Եվ հակամարտության հանդեպ վերաբերմունքը տարբերվում է նաև ըստ սերունդների՝ բոլոր հասարակություններում։ Իմ ու Գեղամի սերունդն ավելի այլ կերպ է տեսնում հակամարտությունը, որովհետև մենք տեսել ենք այն ժամանակները, երբ հակամարտություն չի եղել»։

Գրիգորյանը խոսեց նաև փախստականների մասին, որոնք որևէ ձևով ներգրավված չեն հակամարտության հետ կապված որևէ գործընթացի մեջ, չնայած այն ամենից շատ ազդել է հենց փախստականների և սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց վրա։

«Մեր ուղեղներում հակամարտությունը դառնում է առևտրի առարկա․ Մենք չենք խոսում դիվանագիտական և քաղաքական բանակցությունների մասին, ես խոսում եմ նրա մասին, որ մեր ուղեղներում հակամարտությունը առևտրի առարկա է․ ինչքանո՞վ ես կարող եմ վաճառել հակամարտությունը և ինչի՞ պիտի ես հրաժարվեմ հակամարտությունից, ի՞նչ կստանամ, եթե հրաժարվեմ։ Այս հարցերը հակամարտությունն առևտրի առարկա են դարձնում»։