Home / Դատարան / «Խնդրեցինք, չէ՞, վերջ»․ Բակո Սահակյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

«Խնդրեցինք, չէ՞, վերջ»․ Բակո Սահակյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Միջնորդությունը լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չէր հետապնդում, հակառակը՝ եթե կար լարվածություն, քայլն ուղղված էր այն թուլացնելուն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, ով ՀՀ խորհրդարան էր եկել «Իմ քայլը» դաշինքի հետ հանդիպմանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց փոխել Հայաստանի և Ղարաբաղի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ ազատ արձակելով նրան Ղարաբաղի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի երաշխավորության դիմաց:

«Մեր միջնորդության մեջ նշված էր, որ դա քայլ չէ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության դատական այդ գործընթացը կասկածի առնելու, դա ընդամենը գործընթաց էր խափանման միջոցը վերանայելու», ֊ ասել է Սահակյանը։

Մեկնաբանելով վարչապես Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ կան ուժեր, որոնք պատրաստ են հողեր հաձնել, պատերազմ հրահրել և ամբողջ պատասխանատվությունը դնել ՀՀ գործող իշխանությունների վրա, Սահակյանը նշել է․ «Եթե կան այդպիսի գործիչներ և այդպիսի ուժեր, մենք պարտավոր ենք բացահայտել այդ մարդկանց։ Եվ եթե կան այդպիսի նպատակներ, ես էլ եմ դա որակում որպես դավաճանություն։ Ես չունեմ այդպիսի տեղեկություններ, որ կան այդպիսի ուժեր և գործիչներ, ովքեր պատրաստվում են այդպիսի դավաճանական գործողություններ իրականացնել»։

Մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի «վերջ, վերջ, վերջ» բացականչությունների ներքո Ղարաբաղի նախագահը լսեց 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին Փաշինյանի հայտարարության վերաբերյալ հարցը, սակայն այն անպատասխան թողեց։

«Խնդրեցինք, չէ՞, վերջ», ֊ լրագրողներին էր դիմում Բալայանը։