Home / Բնապահպանություն / Հայաստանը՝ կրակի մեջ

Հայաստանը՝ կրակի մեջ

Վայոց ձորի մարզի Գոմք գյուղում հրդեհաշիջման աշխատանքներն այսօր կրկին վերսկսվել են, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)։ Այրվում է մոտ 40 հա խոտածածկույթ:

Հրդեհը, ըստ ԱԻՆ-ի, բռնկվել է օգոստոսի 25-ին՝ Գոմք գյուղի «Դարաքյանդ» կոչվող տարածքում։  Հրդեհաշիջման աշխատանքները՝ ռելիեֆի բարդության և մթության պատճառով, ընթացել են դադարներով։ Հրդեհը շարունակվում է տարածվել։

ԱԻՆ֊ի փոխանցմամբ, այսօր վերջապես մարվել է Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում օգոստոսի 20-ին բռնկված հրդեհը: Հրդեհի մակերեսը վերոնշյալ տարածքում կազմել է մոտ 150 հա:

Նույն օրերին Կոտայքի մարզում այրվել է մոտ 1300 հա, իսկ Արագածոտնի մարզում՝ 500 հա խոտածածկույթ::

Երեկ՝ օգոստոսի 26֊ին, հրդեհներ են բռնկվել նաև Սյունիքի մարզի Ծավ գյուղի սկզբնամասում և Շիկահողից դեպի Մեղրի տանող ճանապարհին հարակից անտառներում։ Վերջինի մասին ահազանգել է ֆեյսբուքյան «SOS» էջը։ Շիկահող գյուղի հարակից տարածքում, ըստ ԱԻՆ֊ի քիչ առաջ տարածած հայտարարության, հրդեաշիջման աշխատանքները շարունակվում են, հրդեհը չի դեռևս չի մարվել։

Ամբողջությամբ մեկուսացվել է նաև օգոստոսի 23-ին Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, բռնկված հրդեհը, որի արդյունքում այրվել է նվազագույնը 17 հա բուսածածկ տարածք:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել՝ ամփոփելով օգոստոսի 19֊25֊ը ժամանակահատվածում արձանագրված ահազանգերը։ Ըստ ԱԻՆ֊ի, նշված ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների 591, իսկ օգոստոսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում՝ 414 դեպք։

Հրդեհների պատճառով վերջին երկու շաբաթների ընթացքում զոհվել է մեկ քաղաքացի, տուժել՝ 13։
Epress.am- հարցմանն ի պատասխան, ԱԻՆ֊ը հայտնել է, որ վերջին երկու շաբաթների հրդեհների հետևանքով այրված տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 3687․6 հեկտար։ 641․1 հեկտար այրվել է օգոստոսի 12֊18֊ը և 3046․5 հեկտար՝ օգոստոսի 19֊25֊ը ժամանակահատվածում։

Պատճառները, ըստ ԱԻՆ֊ի պատասխանի, հիմնականում մարդածին են․ նախնական տվյալների համաձայն, հրդեհները բռնկվել են մարդկային գործոնի պատճառով, կայծակների հետևանքով բռնկված հրդեհներ չեն եղել։ Ջերմաստիճանի բարձրացումն ինքնին հրդեհի աղբյուր չէ, այլ՝ նպաստող գործոն։