Home / Բանակ / Տարկետում ստանալն այժմ ավելի հեշտ կլինի

Տարկետում ստանալն այժմ ավելի հեշտ կլինի

Փոփոխություններ և հստակեցումներ են կատարվել կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ հաստատված` գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգի և պայմանների մեջ: Կառավարությունը այսօրվա նիստին հավանության արժանացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած համապատասխան նախագիծը։

Փոփոխությունների նախագծը ներկայացրեց նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախագծով, ըստ Հարությունյանի,

― կնվազեցվի տարկետում տալու նպատակով ձևավորվող հանձնաժողովի անդամների թիվը` հասցնելով 7-ի,

― մրցույթի անցկացման բաղադրիչներից կհանվի հանձնաժողովի հետ հարցազրույց փուլը, քանի որ հարցազրույցի համար սահմանված հստակ չափանիշներ չկան և հարցազրույցի արդյունքները օբյեկտիվ գնահատելու հարցը հանրային ընկալման տեսանկյունից մնում է,

― անհրաժեշտ փաստաթղթերի ցանկից կհանվի մոտիվացիոն նամակի, ինչպես նաև՝ գիտական/գիտատեխնիկական գործունեության տվյալ բնագավառի երկու ներկայացուցիչների երաշխավորագրերի պահանջը,

― կնվազեցվի դիմողի միջին որակական գնահատականի` ՄՈԳ-ի շեմը,

― հստակեցվել են քաղաքացիների կողմից դիմումներ ներկայացնելու ժամկետները, պահանջվող կրթաթոշակի 70%-ի առկայությունը հավաստող փաստաթղթերը կդիտարկվեն որպես բավարար:

― գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների պայմաններին համապատասխանող 17 տարին լրացած քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալ տարկետում [նախկին կարգով տարկետումը տրվում էր միայն 18 տարին լրանալուց հետո]:

Բացի այդ, հստակեցվել է միջին որակավորման գնահատականը եւ ներդրվել է դրա հաշվարկման բանաձեւ, ինչի արդյունքում տարկետման իրավունքի հավակնություն ձեռք բերելու շեմը մագիստրոսի կրթական ծրագրի դեպքում` 60 միավորի փոխարեն սահմանվել է 49, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի դեպքում՝ 65-ի փոխարեն 51 բալային միավոր:

Համապատասխան փոփոխություններ են կատարվել նաեւ նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության մեջ, նախատեսվել է միջին որակավորման գնահատականի հաշվարկման հստակ բանաձեւ:

Անդրադառնալով տարկետման կարգի փոփոխություններին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ սուբյեկտիվ տարրեր պարունակող դրույթը հանվել է. «Ըստ էության տարկետման տրամադրումը տեղի է ունենալու գրավոր ընթացակարգերով: Այսինքն` եթե մարդն ունի պահանջվող տվյալները, ներկայացնում է համապատասխան փաստաթղթեր, որոնք հաշվելի և չափելի են, ուրեմն կստանա տարկետում, եթե չունի՝ չի կարող ստանալ»,- նշել է վարչապետը` հավելելով, որ ընդունված փոփոխությունների համատեքստում հանձնաժողովի գործը կդառնա տեխնիկական: