Աղջիկ երեխաների միջազգային օրը՝ հոկտեմբերի 11-ին, Մայր Հայաստան հուշարձանի մոտ տրվել է «Բավական է» սոցիալական արշավի մեկնարկն՝ ընդդեմ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների։ Միջոցառման շրջանակներում արձանը լուսավորվել էր կարմիր լույսով, իսկ դրա վրա ուղղված պրոյեկցիայի շնորհիվ հեռարձակվել են արշավի հիմնական ուղերձները։
#ԲավականԷ-ն Դոպինգ կրեատիվ գործակալության նախաձեռնած, ՀՀ առողջապահության նախարարության կողմից աջակցություն ստացած և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող սոցիալական արշավ է:
Մայր Հայաստան հուշարձանի մոտ ելույթ ունենալով, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, մասնավորապես, նշել էր, որ տվյալ նախաձեռնությամբ կոչ է արվում երբեք տարբերություն չդնել սեռերի միջև։ Տեղից «Ֆեյսբուք» սոցցանցում դստեր հետ ուղիղ եթեր դուրս գալով, նախարարը նաև կոչ արեց կարևորել բոլոր աղջիկներին, ինչպես ինքը կարևորում է իր աղջկան․ «Ակցիայի անունը դրել ենք «Բավական է», քանի որ շատ հաճախ հայ ընտանիքներում մի քանի աղջիկ ծնվելուց հետո աղջիկ երեխայի անունը դնում են Բավական։ Եվ մենք հիմա ուզում ենք ասել՝ բավական է տարբերություն դնել աղջիկների և տղաների միջև։ Աղջիկը նույնպես ընտանիքների և հասարակության լիիրավ անդամ է»։
1990-ականներից ի վեր Հայաստանում երեխաների սեռային հարաբերակցությունը զգալիորեն շեղվել է ընդունված չափանիշներից: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ 2018թ. դրությամբ Հայաստանում յուրաքանչյուր 100 աղջկա դիմաց ծնվում է 111 տղա, մինչդեռ, բնականոն հարաբերակցությունն է՝ 102-106 տղա 100 աղջկա դիմաց: Այս ցուցանիշով երկիրը զիջում է միայն Չինաստանին և Ադրբեջանին:
Ամեն տարի սեռի պատճառով մեր երկրում չի ծնվում 1300 աղջիկ: Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալների՝ վերջին 25 տարում Հայաստանում սեռի պատճառով չի ծնվել մոտ 40.000 աղջիկ: Թեև 2014թ.-ից ի վեր մեծ ջանքերի շնորհիվ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թիվը զգալիորեն նվազել է, խնդիրը շարունակում է առաջնային կարևորության մնալ:
Արշավի հիմնական նպատակներն են՝հանրության շրջանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում, Հայաստանի ցուցանիշների, դրանց սոցիալական, տնտեսական ու դեմոգրաֆիական ազդեցությունների լուսաբանում, խնդրի շուրջ հանրային քննարկումների խթանում, սոցիալական նորմերի փոփոխության խրախուսում՝ հասարակության մեջ աղջիկների դերի բարձրացման միջոցով։ Իսկ հիմնական ուղերձներն են՝ բավական է երեխայի սեռի հարցում տարբերություն դնել, բավական է մտածել, որ կինը չի կարող ուժեղ լինել, բավական է մտածել, որ միայն տղան է տոհմի շարունակողը, բավական է արգելել աղջիկներին լույս աշխարհ գալ, բավական է անտեսել այն փաստը, որ սեռի պատճառով չեն ծնվում հազարավոր երեխաներ։