Հոկտեմբերի 15-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Հայկազ Ճգնավորյանի անվան 5 հիմնական դպրոցի 20-ից ավելի աշակերտներ տեղափոխվել են «Արտաշատի բժշկական կենտրոն»: Թունավորված աշակերտների թիվը հետզհետե աճում է, Armtimes․com-ի հետ զրույցում ասել է կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Հայկուհի Հովակիմյանը: Սկզբում աշակերտների թիվը 20 է եղել, ժամանակի ընթացքում այլ երեխաներ են բերել, 23-րդ աշակերտին բաժանմունքի վարիչի հետ զրույցից վայրկյաններ առաջ էին ընդունել: Երեխաների մեծ մասը դպրոցի բուֆետում պիցցա է կերել, նրանից մի քանիսն էլ՝ հոթ դոգ եւ խաչապուրի:
Բոլոր աշակերտների մոտ ախտորոշվել է սննդային թունավորում, հիվանդանոց են տեղափոխվել դպրոցից։ Երեխաներից 3-ը գտնվում են բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքում, մյուս 20-ը՝ ինֆեկցիոն բաժանմունքում:
«Աշակերտների վիճակը գնահատվում է միջին ծանրության, ի սկզբանե ոչ ոք ծանր վիճակով չի տեղափոխվել հիվանդանոց», – նշեց Հայկուհի Հովակիմյանը՝ ավելացնելով, որ 4-5 աշակերտի վիճակն արդեն լավ է, այսպես որ շարունակվի, կարող են տուն գնալ, սակայն դեռեւս գտնվում են բժիշկների հսկողության տակ:
Թունավորված աշակերտները 9-12 տարեկան են:
ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը ևս հայտարարել էր, որ, նախնական տվյալներով, երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից:
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որոնք անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը):