Գախարիան Երևանում է․ Հայաստանը Վրաստանի ամբողջականության կողմից է
հեղինակ՝ Վլադիմիր Ունանյանց
հրապարակվել է «Էխո Կավկազա» կայքում
Երևանը Բաքվից հետո հաջորդ կետն էր Վրաստանի վարչապետի օտարերկրյա այցելությունների ծրագրում։ Գեորգի Գախարիան Նիկոլ Փաշինյանի հետ խոսեց հարաբերությունների եկկողմանի բարելավման ու միջազգային հարթակներում փոխօգնության կարևորության մասին։
«Շատ հաճելի է, ողջունում եմ» – Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի Հայաստան այցը սկսվեց կարմիր գորգով ճանապարհից ու ողջույնի խոսքից՝ ռուսերեն լեզվով։ Ամեն դեպքում, դա դժվար թե վերջերս ռուսական ԶԼՄ֊ներում սովորական դարձած դավադրության տեսությունների հիմնավորված պատճառ դառնա։ Հայաստանի և Վրաստանի ռուսերենին տիրապետող վարչապետերի համար, դիտորդների կարծիքով, երկուսի համար հասկանալի լեզվով խոսելն ավելի շուտ դիվանագիտական նորմա է, քան շողոքորթություն Մոսկվային։ Հատկապես, որ զրույցի պաշտոնական մասում Գախարիան անցավ վրացերենի, Փաշինյանը՝ հայերենի։
Վրաստանի վարչապետն ընդգծեց ձեռքբերումները, որոնց Երևանն ու Թբիլիսին հասել են միջազգային հարթակներում միմյանց աջակցելու հարցում․ «Մենք պայմանավորվել ենք, որ տարածքային ամբողջականությունը, որին Հայաստանը սատարում է, ծայրահեղ կարևոր է մեզ համար։ Դրա համար մենք շնորհակալություն ենք հայտնել։ Դրական ձեռքբերումները, որոնք արդեն իսկ կան միջազգային հարթակներում միմյանց սատարելու հարցում, պետք է ուժեղացնել ու խորացնել։ Խոսքը բազմադարյա պատմություն ունեցող երկու երկրների ընկերության մասին է, և մենք այդ հարաբերությունները պետք է զարգացնենք ու խորացնենք»։
Իրականում միջազգային հարթակներում փոխօգնությունն այդքան դրական չէ, որքան շեշտում էր Գախարիան։ Մասնավորապես, «Աբխազիայից և Ցխինվալի շրջանից բռնի տարհանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին» վերջին բնանաձևին Երևանը չի աջակցել, նախընտրելով չմասնակցել քվեարկությանը։ Թբիլիսին դրա վրա շատ չի կենտրոնանում․ Հայաստանը Ռուսաստանի գործընկերն ու դաշնակիցն է ինչպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում, այնպես էլ երկկողմանի պայմանագրերով, այնպես որ, Երևանը պատրաստ չէ Մոսկվայի հետ ուղիղ անհամաձայնություն արտահայտել։ Այնուամենայնիվ, Նիկոլ Պաշինյանը հավաստիացնում է, որ տարբեր աշխարհաքաղաքական վեկտորները չեն ազդի հարևան երկրների հարաբերությունների վրա․
«Ինձ համար հաճելի է նշել, որ երկու երկրների հարաբերությունները դրական տեղաշարժ են արձանագրում բոլոր ոլորտներում։ Իմ մեկուկես տարվա աշխատանքի ամենալավ ձեռքբերումը համարում եմ հայ֊վրացական հարաբերությունների ավելի բարձր մակարդակի բարձրացումը, ինչն էլ ավելի կլավանա մեր համատեղ աշխատանքի արդյունքում։ Տարածաշրջանային հակամարտությունների հետ կապված մենք համաձայնեցինք, որ դրանց համընդհանուր կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով՝ միջազգային սկզբունքների և նորմերի պահպանմամբ»։
Ընդ որում, Փաշինյանը նշեց, որ յուրաքանչյուր հակամարտություն իր յուրահատկություններն ունի, հետևաբար, յուրաքանչյուրի կարգավորման համար պետք է հաշվի առնվեն այդ առանձնահատկությունները։ Այս համատեքստում, երևանյան հանդիպման ժամանակ ընդգծվեց զգայուն հարցերում բալանսավորված դիրքորոշում պահպանելու կարևորությունը երկու կողմերի համար։
Սա Գախարիայի առաջին այցն էր Երևան նոր կարգավիճակով։ Նախկինում նա երկու անգամ պաշտոնական այցով եղել էր Երևանում․ 2017-ի հունիսին՝ որպես էկոնոմիկայի նախարար, և 2018-ի փետրվարին՝ որպես Ներքին գործերի նախարար։ Այս տարիների ընթացքում, Վրաստանի վարչապետի խոսքով, հայ֊վրացական հարաբերությունների բարելավման ամենատեսանելի ցուցիչը տնտեսության ոլորտում էր։ Մասնավորապես, 2019-ի հունվարից օգոստոս Երևանի և Թբիլիսիի միջև առևտրային շրջանառությունը կազմել է 390մլն դոլար։ Իսկ Հայաստանի քաղաքացիների թիվը, ովքեր այդ ընթացքում Վրաստան են այցելել, մոտեցել է միլիոնին։ Բացի այդ, Վրաստանը Հայաստանի համար ամենակարևոր առևտրական միջանցքն ու միակ ելքն է դեպի ծով։ Իր առաջին օտարերկրյա այցելությունը վարչապետի պաշտոնում Փաշինյանը կատարել է դեպի Վրաստան։
Այսօրվա հանդիպման ժամանակ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներին։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերին ու արձանագրել, որ ընդհանուր խաղաղությունն ամենակարևոր նպատակն է ինչպես Թբիլիսիի այնպես էլ Երևանի համար։
Վրաստանի վարչապետի այցը մթնեցվել էր օրենսդրության համապատասխան հոդվածի անորոշ ձևակերպմամբ կետի հիմքով հայաստանցի լրագրողների դեպի Վրաստան մուտքն արգելելու շուրջ առաջացած սկանդալով։ Պատմությունը մամուլում մեծ արձագանք էր ստացել, այնպես որ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը ստիպված էր արձագանքել․ արտաքին քաղաքականության գերատեսչությունը Վրաստանից պարզաբանումներ էր պահանջել․
«Խնդիրը մեզ հայտնի է, Վրաստանում Հայաստանի դեսպանությունը կապնվել է վրաստանցի գործընկերների հետ։ Մեր վերաբերմունքը հայտնի է Վրաստանի Արտաքին գործերի նախարարությանը։ Սպասում ենք վրացական կողմի պարզաբանումներին ինչից հետո մեր դեսպանատունը հանդես կգա հայտարարությամբ»։
Բայց Թբիլիսին չի շտապում պաշտոնական պատասխան տալ։ Առանձնապես պարզաբանումներ չի մտցրել նաև Ներքին գործերի նախարարության բացատրությունն այն մասին, որ որոշումը կայացվել է Անվտանգության ծառայության հետ համատեղ։ «Օտարերկրացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» 11-րդ օրենքի 1-ին հոդվածի «i» կետը նախատեսված է «օրենքում չամրագրված բոլոր մնացած դեպքերի համար»։ Այսպիսով, մուտքի արգելքի կոնկրետ պատճառը պարզ չէ, ինչպես պարզ չէ քննարկվել է արդյոք այդ հարցը երկու երկրների վարչապետերի հանդիպման ժամանակ։
Այնուամենայնիվ, դիտորդների մեծամասնությունը վստահ է, որ հայաստանցի լրագրողների տհաճ միջադեպը հազիվ թե ազդեցություն ունենա Թբիլիսիի ու Երևանի հարաբերությունների վրա։ Դրանց վատացումը, չնայած ամենատարբեր աշխարհաքաղաքական վեկտորների, ձեռնտու չէ ո՛չ Հայաստանի, ո՛չ Վրաստանի համար։