2019թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 01:05-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Վարդաշեն փողոցի բնակարաններից մեկում սպանություն է տեղի ունեցել: Դեպքի վայրում հայտնաբերվել է նշված բնակարանի բնակչուհի, 1955թ. ծնված կնոջ դիակը՝ պարանոցի շրջանում կտրած-պատռած վերքով, կրծքավանդակի և որովայնի շրջանում բազմաթիվ կտրած-ծակած վերքերով, հաղորդում է Քննչական կոմիտեն։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, բնակարանի, որտեղ հայտնաբերվել է 64֊ամյա կնոջ դին, որոշ սենյակներ ամբողջովին տակնուվրա արված են եղել և կա վարկած, որ սպանություն կատարած անձը/անձիք տանից գողություն են արել:
Փաստի առթիվ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով (Սպանություն շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով):
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Քննչական կոմիտեի հաղորդմամբ, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: