– 19-ամյա զինծառայող Վարդան Մելքոնյանի մահվան առիթով 2017-ին հարուցված քրեական գործը, կարծես, «քնեցված» վիճակում է հայտնվել, – ասում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը: Իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցնում է՝ 2017 թվականի հուլիսի 23-ի առավոտյան՝ ժամը 06:30-ի սահմաններում, կրտսեր սերժանտ Վարդան Մելքոնյանը հայտնաբերվել էր մայրաքաղաքի Նուբարաշեն համայնքի թիվ 95 հիմնական դպրոցի մոտակա տարածքում՝ զինվորական գոտիով ծառից կախված վիճակում:
Նախաքննության ընթացքում Մելքոնյանի դիակի զննությամբ վերջինիս հագին եղած զինվորական տաբատի գրպանից դուրս էր բերվել բջջային հեռախոս: Դրանում առկա տեսաձայնային ու տեքստային ֆայլերով պայմանավորված՝ առաջացել էր հետմահու դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննության անհրաժեշտություն:
Քննիչների կարծիքով հեռախոսի պարունակությունը կարող էր անհրաժեշտ տեղեկություններ հաղորդել Մելքոնյանի՝ ինքնասպանությանը նախորդող հոգեվիճակի մասին, պարզելու՝ ինչը կարող էր ինքնասպանության հասցնել 19-ամյա զինծառայողին: Փորձաքննությունների իրականացումը հանձնարարվել էր «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին և ՀՀ ԱՆ դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի փորձագետներին: Առաջնահերթությունը տրվել էր, հատկապես, դատահոգեբուժական փորձագիտական արդյունքներին:
ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնել) հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է արդեն երկու տարի:
Գործով որպես մեղադրյալ ներգրավված Հ․ Մ․-ը՝ Վարդան Մելքոնյանի ծառայակիցը, արդեն զորացրվել է: Խափանման նախնական միջոց ընտրված կալանքը հետագայում փոխվել է. սկզբում՝ հրամանատարության հսկողությամբ, մինչ զորացրումն էլ՝ ստորագրությամբ՝ չհեռանալու մասին:
Վարդան Մելքոնյանի մայրը՝ Կարինե Մանուկյանն ասում է, որ շատ կապված է եղել տղայի հետ, նա ամեն ինչով կիսվում էր իր հետ, հաստատ կզգար փոփոխություն որդու հոգեվիճակում: Տիկին Կարինեն պնդում է, որ որդու վարքագծում, հոգեկան խնդիր ունենալու հետ կապված, երբևէ որևէ տարօրինակ, կասկածելի բան չի նկատել, ավելին՝ նա պնդում է, որ տղայի մահվան օրը զորամասում տեղի ունեցած վեճը «սարքովի» է եղել: Հիշում է, որ երբ Վարդանի հետ կատարվածի մասին տեղեկացել են զորամասում, ծառայակիցներից մեկը, գլուխը բռնելով, գոռացել է, թե՝ «արա՛, էս ի՞նչ արեցի ես»:
«Նա ինչ-որ վտանգ է զգացել, երբ զանգել է վանաձորցի ընկերոջը, 20000 դրամ խնդրել՝ Վանաձոր գալու նպատակով, դրա մասին ես հետո եմ իմացել, եթե ինձ ասեին՝ ես կզգայի, որ տղայիս հետ ինչ-որ բան այն չէ», – ասում է տիկին Կարինեն: Նա տեղեկացել է նաև, որ միջադեպի օրը՝ մինչ այդ վիճաբանությունը, զորամասում են եղել քաղաքացիական հագուստով 2 անձինք: «Երբ քննիչին հարցրի՝ այդ 2 հոգին, որ մտել են քաղաքացիական հագուստով, ովքեր են եղել, ինչու են մտել, ասեց՝ պայմանագրային զինծառայողի ընկերներից են եղել, եկել են սուրճ են խմել, գնացել: Հարցրեցի՝ էդ երբվանի՞ց է զորամասը սրճարան դարձել, որ գան, սուրճ խմեն, գնան»:
Ինչ վերաբերում է դատահոգեբանական ու հոգեբուժական փորձաքննությունների արդյունքներին, առանձնապես հույսեր չի փայփայում, թե դրանք կարող են լույս սփռել գործի ելքի վրա: «Ո՞նց պետք է փորձաքննություն անեն, որ հասկանան թե իմ տղայի հոգեվիճակը կարո՞ղ էր դրդել ինքնասպանության, եթե Վարդանին ճանաչողներն ու հարցաքննված շուրջ 50 ծառայակիցները նշում են, որ նա նման քայլի ընդունակ չէր, հավասարակշռված տղա էր: էդքան ծանրաբեռնվա՞ծ են, որ տարիուկես է անցել, չեն կարողանում էդ գործն անել: Ես էլ եմ զանգել փորձագետին, որ արագացնեն, խոստացել են արագացնել, բայց, ինչպես տեսնում եք, նույնն է»:
Այս ընթացքում տիկին Կարինեն եղել է գլխավոր դատախազությունում ու զինդատախազի մոտ, դատական բժշկի հետ հանդիպում խնդրել: Դիահերձման ժամանակ տղայի ամորձիներից մեկի վրայի կապտուկը նրա մոտ կասկածներ է առաջացրել՝ թե որդու հանդեպ բռնություն է գործադրվել: Չգիտես ինչու՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ ոչինչ գրված չէ այդ կապտուկի մասին:
«Դատախազը բացել, եզրակացությունն ինձ ցույց է տվել՝ ոչ մի բան չկա գրված, հանել էին, ինչ էին արել՝ այդպես էլ չհասկացա: Քննիչին հարցրել եմ այդ կապտուկի մասին, սկզբում մերժեց, որ կապտուկ եղել է, հետո, երբ պնդեցի, ասեց, որ տեսանյութերը նայել են ու տեսել կապտուկը: Երևի երեխուն խփել են, ցավից կռացել ա, հետևից գցել-խեղդել են, հետո նոր ձևական ծառից են կախել: Ծառի ճյուղը իրա բոյից կարճ ա եղել, ոտքերը ծալված մարդը կխեղդվի՞, ես չեմ հավատում, 100 % սպանություն է եղել, իմ տղան նման բան չէր անի՝ հենց առաջին հերթին ինձ ցավ չպատճառելու համար: էդ փորձաքննությունն էլ նշանակել են, որ իմ երեխուն արատավորեն, իբր հոգեկան անհավասարակշիռ վիճակում է գնացել այդ քայլին, դրան են տանում: Էսքան ձգձգելն էլ հենց դրա համար է, որ ինչ-որ բան կոծկեն̱, սպայական կազմի վրայից էդ բանը հանեն»:
Ելնելով հանգամանքից, որ նախաքննության ձգձգումներն անհարկի վտանգում են արդարադատության ապահովման սահմանադրական երաշխիքը, տուժողի իրավահաջորդ Կարինե Մանուկյանը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ նամակներ է ուղարկել քրեական գործով ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչին ու ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով ձեռնարկել միջոցներ՝ քննությունը պատշաճ կերպով, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում համապատասխան անհրաժեշտ գործողություններն իրականացնելու ուղղությամբ: Գլխավոր դատախազին ուղղված նամակում, վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննված նման մեկ այլ գործ, որի պարագայում փորձաքննության արդյունքները հայտնի են դարձել 6-ամսյա ժամկետում, Կարինե Մանուկյանն ուշադրություն է հրավիրել հատկապես այն հանգամանքին, որ փորձաքննության նշանակումից 1 տարի անց չի իրականացվել որևէ գործողություն՝ քննության արդյունավետ ընթացք ապահովելու և գործի բացահայտմանը նպաստելու ուղղությամբ:
Տուժողի իրավահաջորդն իր նամակում մատնանշել էր նաև «Հիվանդանոցային և արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունների կարգը սամանելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը, որով դատահոգեբուժական փորձաքննության ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել 45, արտահիվանդանոցային փորձաքննության դեպքում՝ 25 օրը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը, որը այս գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն է, հիշատակում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 13-րդ հոդվածները, որով 1-ին դեպքում՝ յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով, 2-րդի համաձայն՝ այն անձը, ում սույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվել են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք: «Փորձաքննության նշանակումից ավելի քան 1 տարի է անցել, իսկ մենք դեռ արձանագրում ենք վերոնշյալ դրույթների խախտում, – ասում է Զալյանն ու շարունակում, – սույն գործով նախաքննությունն անորոշ ու չհիմնավորված պատճառներով չի ընթանում: Փորձաքննության եզրակացությանը սպասելը մեծապես խոչընդոտում են արդարադատության՝ ողջամիտ ժամկետներում իրականացնելու սկզբունքին»:
ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված նամակին պատասխանել են ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունից: Նամակում մասնավորապես նշված է, որ 2019-ի հունվարի 9-ից մինչև հուլիսի 22-ը՝ նախաքննական մարմնի կողմից 5 անգամ գրավոր հիշեցման կարգով, քննիչն ու հսկող դատախազը՝ այցելությունների միջոցով, փորձել են պարզել փորձագիտական հաստատությունից՝ դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննության ձգձգման պատճառները: Հաստատությունը ձգձգումը պատճառաբանել է բացառապես աշխատանքային գերծանրաբեռնվածությամբ և 2019-ի հուլիսի 22-ին հավաստիացրել, որ սեղմ ժամկետում՝ առաջիկա օրերին կավարտի համալիր փորձաքննությունը և կտրվի եզրակացություն:
Արձանագրելով, որ 7 ամիս շարունակ քրեական գործով նախաքննական մարմնի կողմից դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննությունների արդյունքներ ստանալու փորձերը պսակվել են անհաջողությամբ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նամակներ է ուղարկել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին՝ հասկանալու բյուրոյի ծանրաբեռնվածությունը, թե հատկապես ինչն է խոչընդոտում վերոնշյալ դատահոգեբանական ու դատահոգեբուժական փորձաքննությունները ժամանակին իրականացնելուն: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը նամակով խնդրել է տեղեկություններ տրամադրել փորձաքննությունների ուղղվածության, փորձագետների թվի, հաստիքացուցակի, ֆինանսավորման աղբյուրների, փորձաքննություններից յուրաքանչյուրում ներգրավվող փորձագետների թվի մասին: «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ն ընդհանրական ու ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցադրումներին գրեթե ոչինչ չասող պատասխան է ուղարկել, որում նշված է, որ փորձաքննություններ են իրականացվում 26 ուղղություններով, յուրաքանչյուր ոլորտում աշխատող փորձագետների թիվը տարբեր է, ներկայում կազմում է 2-8 փորձագետ: Նամակում այդպես էլ տեղ չէին գտել հստակ տեղեկություններ տարվա կտրվածքով իրականացվող փորձաքննությունների թվի, ծանրաբեռնվածության ու իրականացման ժամկետների մասին: Ինչ վերաբերվում է ֆինանսավորման աղբյուրներին, նշվել էր, որ դրանք իրականացվում են ամեն տարի կնքվող պետական գնման պայմանագրի հիման վրա՝ ըստ տարվա ընթացքում կատարվող փորձաքննությունների քանակների՝ համապատասխան ժամանակացույցին:
Չբավարարվելով «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի պատասխանով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նույնաբովանդակ նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել նաև ՀՀ-ում փորձաքննություններ իրականացնող կազմակերպությունների թվի ու տեսակի մասին:
Ի տարբերություն «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի նամակի՝ վարչապետի աշխատակազմից ստացված նամակն ավելի բովանդակալից էր:
Պարզվում է՝ ՀՀ առողջապահության նախարարությանը կից գործող դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովը տարվա կտրվածքով կատարում է 120-140 փորձաքննություն: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են 8 փորձագետներ, յուրաքանչյուր փորձաքննության մասնակցում են նվազագույնը 3 փորձագետներ, իսկ հաստիքացուցակ հանձնաժողովը չունի: 1 անձի փորձաքննության համար փորձագետներից յուրաքանչյուրը վարձատրվում է 7000 դրամով, այլ գերատեսչությունների փորձագետները՝ 1 այցի համար՝ 10.000 դրամով, ընդ որում՝ տարվա կտրվածքով նախատեսված է 4 այցելություն:
Ամփոփելով պատկերը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մտահոգություն է հայտնում, որ կարևոր գործառույթներ իրականացնող պետական մարմինները, չունենալով պատշաճ ֆինանսավորում, բավարար աշխատակիցներ, չեն կարողանում ողջամիտ ժամկետներում իրականացնել քրեական գործերով նախատեսված փորձաքննությունները, որով ոչ միայն խոչընդոտում են գործի բացահայտմանն ու մեղավորների համար պատիժ սահմանելուն, այլև օրենքով ամրագրված մարդու իրավունքների պաշտպանության ապահովմանը, արդար քննության ու ողջամիտ ժամկետներում արդարադատության իրականացմանը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը միաժամանակ առաջարկում է ավելացնել փորձաքննություններ իրականացնող հաստատությունների ֆինանսավորումն ու հաստիքները:
Վարդան Մելքոնյանի մայրը՝ Կարինե Մանուկյանն, այդուհանդերձ, հույսեր է փայփայում, որ գործն արդար քննության կարժանանա: Փորձաքննությունների ուշացման վերաբերյալ հոկտեմբերի 26-ին Վանաձորում նամակ է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Առաջիկայում պատրաստվում է նամակներով դիմել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և խաղաղ պայմաններում զինծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված մոնիթորինգի աշխատանքային խմբին: