Home / Բանակ / ԻՊ֊ն զրկվեց նավթից, Ռուսաստանը լռում է խաղաղ սիրիացիների սպանության մասին

ԻՊ֊ն զրկվեց նավթից, Ռուսաստանը լռում է խաղաղ սիրիացիների սպանության մասին

Սիրիական զորքերը՝ ռուսական ավիացիայի աջակցությամբ նոյեմբերի 6-8-ը հարձակումներ են գործել Սիրիայի մի քանի քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ դպրոցի ու հիվանդանոցի ուղղությամբ։ 12 մարդ զոհվել է, շուրջ 40-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն։

Նա նաև հորդորել է Մոսկվային ու Դամասկոսին գործել ՄԱԿ֊ի կողմից աջակցվող պրոցեսի շրջանակներում և դադարեցնել ռազմական գործողությունները խաղաղ բնակչության դեմ։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը դեռևս չի արձագանքել պաշտոնական Վաշինգտոնի հայտարարությանը։

ԱՄՆ զինված ուժերն իրենց հսկողության տակ են պահում Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող նավթի հանքերը, որոնք «Իսլամական պետության» եկամտի հիմնական աղբյուրն էին։

Այսուհետ այդ նավթահորերի նավթի վաճառքի ողջ հասույթը կտրամադրվի Սիրիայի դեմոկրատական ուժերին, հաղորդում է Պենտագոնի խոսնակ Ջոնաթան Հոֆմանը։

«8 տարի Սիրիայում մղված մեր պայքարի արդյունքում մենք թշնամուն մեծածավալ վնասներ ենք հասցրել՝ նրա ենթակառուցվածքները ոչնչացնելով: Սիրիայի դեմոկրատական ուժերի և Միացյալ Նահանգների զինուժի ջանքերով «Իսլամական պետությունն» այլևս եկամուտ չի ստանա նավթից», – ասել է փոխծովակալ Բիլ Բերնը: