Home / Մարզեր / Կոլեգաները չեն կիսում Թրամփի` ISIS-ի առաջնորդի սպանությունից ոգևորությունը

Կոլեգաները չեն կիսում Թրամփի` ISIS-ի առաջնորդի սպանությունից ոգևորությունը

Իսլամական պետության (ԻՊ) 48-ամյա առաջնորդ Աբու Բաքր ալ֊Բաղդադին սպանվել է Միացյալ նահանգների հատուկ ջոկատների կողմից Սիրիայի Իդլիբ շրջանում իրականացված գործողության արդյունքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նրա խոսքով, երկու ժամ տևած օպերացիայի արդյունքում ալ֊Բաղդադին ինքնասպան է եղել ու սպանել իր երեք երեխաներին։ «Նա մահացավ շան պես, մահացավ վախկոտի նման։ Աշխարհն ավելի ապահով տեղ է հիմա»,- նշել է Թրամփը։

Աբու Բաքր ալ֊Բաղդադին հայտնի է նրանով, որ հենց ինքն է Իսլամական պետությունը ապստամբների խմբից վերափոխել միջազգային ահաբեկչական կազմակերպության, ինչպիսին այն հայտնի է այօր։

Արձագանքներ

«Ալ֊Բաղդադիի մահը կարևոր է, բայց Իսլամական պետության այս առաջնորդի մահը չի նշանակում, որ ամբողջ կազմավորումն է մահացել։ ԻՊ մեծ թվով ահաբեկիչներ այժմ էլ գտնվում են Սիրիայի և տարածաշրջանային այլ բանտերում, ինչպես նաև ամբողջ աշխարհում»,- հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

«Շուրջ մեկ տարվա ծավալուն ու նվիրված աշխատանքների արդյունքում, Իրաքի ազգային հետախուզական ծառայությունը կարողացավ բացահայտել ահաբեկիչ Աբու Բաքր ալ֊Բաղդադիի գտնվելու վայրը։ ԱՄՆ ուժերը, Իրաքի ազգային հետախուզական ծառայության համակարգմամբ իրականացրեցին օպերացիա, որի արդյունքում ալ֊Բաղդադին սպանվեց։ Իրաքի զիված ուժերը կշարունակեն աշխատել գործընկերների հետ՝ Իսլամական պետության անողոք հետապնդման ու նման գաղափարախոսության հաղթահարման գործում», ֊ Իրաքի կառավարության հայտարարությունից։

«Մեծ բան չէ, դուք ընդհամենը ձեր ստեղծած արարածին եք սպանել»,֊ Միացյալ նահանգներին Իսլամական պետության առաջացման մեջ մեղադրելով՝ թվիթերի իր էջում գրել է Իրանի Տեղեկատվության նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի֊Յահրոմին։

«Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը չունի վստահելի տեղեկություններ ԱՄՆ զինվորականների կողմից ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ֊Բաղդադիի հերթական «ոչնչացման» մասին»,֊ ասել է գլխավոր գեներալ Իգոր Կոնաշենկովը։

«Նախկինում արդեն հինգ անգամ հարգանքի տուրք է մատուցվել ալ֊Բաղդադիին։ Բացի այդ, ահաբեկչության դեմ պայքարը շատ ավելի լուրջ բան է, քան դրա առաջնորդի ֆիզիկական ոչնչացումը», ֊ Ինտերֆաքս լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Ռուսաստանի խորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը։

«Ալ֊Բաղդադիի մահը ծանր հարված է Իսլամական պետությանը, բայց դա ընդհամենը փուլ է։ Միջազգային կոալիցիայի մեր գործընկերների հետ մենք կշարունակենք ահաբեկչական կազմակերպության ոչնչացմանն ուղղված պայքարը։ Դա մեր առաջնահերթությունն է Միջին Արևելքում»,֊ թվիթերի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«ԴԱԻՇ֊ի (Իսլամական պետության) առաջնորդի մահից հետո մենք չպետք է նրանց թույլ տանք փառաբանել մեկին, ով հայտնի է նման անմարդկային ու զզվելի հանցավոր արարքներով։ Միացյալ Թագավորությունը կշարունակի աջակցել ԴԱԻՇ֊ի դեմ պայքարը»,֊ թվիթերում գրել է Բրիտանիայի Արտաքին գործերի քարտուղար Դոմինիկ Ռաաբը։

«Թուրքիան մեծ գին է վճարել ահաբեկչության դեմ պայքարի համար՝ Սիրիայում Քրդական միլիցիայի ու Քրդական աշխատավորական ջոկատի դեմ ռազմական գործողությունները ներառյալ։ Վստահ եմ, որ ահաբեկչության դեմ վճռական պայքարն ու դաշնային ոգին խաղաղություն կբերեն ողջ մարդկությանը»,֊ գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թվիթերի իր էջում։

«Թուրքիան հպարտությամբ է օգնում Միացյալ նահանգներին՝ ՆԱՏՈ֊ի մեր գործընկերոջը, տխրահռչակ ահաբեկչին արդար դատաստանի ենթարկելու գործում»,֊   Reuters֊ին տված հարցազրույցում ասել է Էրդողանի ավագ օգնական Ֆահրեթին Ալթունը։

«Կցանկանայի շնորհավորել նախագահ Թրամփին՝ տպավորիչ նվաճումների կապակցությամբ, որոնք տարան Իսլամական Պետության առաջնորդ ալ֊Բաղդադիի սպանությանը։ Սա արտացոլում է Միացյալ նահանգների և բոլոր ազատ պետությունների կողմից կիսվող վճռականությունը ահաբեկչության դեմ պայքարում։ Այս ձեռքբերումը հիմնաքարային է, բայց արշավը դեռ շարունակվում է», ֊ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարությունը։