Հոնկոնգում 100-200 հոգանոց ուսանողական խումբը շարունակում է թաքնվել Պոլիտեխնիկական համալսարանի տարածքում, որն արդեն երրերդ օրն է ոստիկանական շրջափակման մեջ է։
Ջրի ու սննդի պաշարներն արդեն գրեթե վերջանում են։ Ոստիկանությանը հանձնված ուսանողներից մեկի խոսքով, ուսումնական հաստատության ներսում խիստ ցուրտ է, սնունդ գրեթե չի մնացել, որոշ ցուցարարներ վնասվածքներ ունեն, իսկ բժշկական միջոցներ ու դեղորայք շենքում չկա։
Ընդդիմադիր պատգամավոր Թեդ Հեյի կարծիքով ուսանողները հազիվ թե կարողանան ևս մեկ օր մնալ շենքում։
Գիշերը համալսարանի տարածքից ինքնակամ դուրս եկան մոտ 200 անչափահաս դպրոցականներ ու ուսանողներ։ Ինքնությունը պարզելուց հետո նրանք ազատ արձակվեցին։ 18 տարեկանից մեծ մոտ հարյուր ուսանող բերման ենթարկվեց։
Հոնկոնգի ոստիկանությունը, որն այսօրվանից նոր պետ ունի, ցուցարարներին կոչ է անում չհամառել և դուրս գալ համալսարանի տարածքից։ Նոր ոստիկանապետը թվիթեռի իր էջում գրել է, որ տեղում աշխատում են հատուկ ծառայողներ, ովքեր անհրաժեշտության դեպքում կարող են հոգեբանական աջակցություն ցուցաբերել ձերբակալվածներին։
Հոնկոնգի ադմինիստրացիայի ղեկավար Քերրի Լեմի խոսքով, շրջափակված համալսարանը լքել է արդեն ավելի քան 600 ցուցարար։
Մինչ այս ոստիկանները շատ ավելի կոպիտ էին տրամադրված բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ։
Անցյալ շաբաթվա վերջում ոստիկանական հետապնդումից պատսպարվելու նպատակով Պոլիտեխնիկական համալսարանի տարածքում շուրջ 1000 ցուցարար էր հավաքվել։ Կիրակի օրը ոստիկանությունը շրջապատել էր համալսարանը, արգելափակել բոլոր ելքերն ու զգուշացրել, որ ձերբակալվածներին զանգվածային անկարգությունների մեղադրանք է առաջադրվելու։
Ուժայինները շրջափակման մեջ գտնվողներին, որոնց մեծամասնությունը անչափահասներ էին, սպառնում էր հրաձգային զենքի օգտագործմամբ, ինչին ի պատասխան ցուցարարներն ինքնանետիչներով քարեր ու այրվող նյութերով շշեր էին նետում ոստիկանների ուղղությամբ։
Նոյեմբերի 18-ի առավոտյան մոտ 100 ցուցարարներ փորձում էին հաղթահարել ոստիկանական պատնեշը, սակայն ուժայիններին հաջողվեց արցունքաբեր գազի և ռետինե փամփուշտների միջոցով խոչընդոտել ակցիայի մասնակիցներին, ովքեր նահանջեցին դեպի համալսարանի տարածք
10-ամյա ժամկետով քրեական մեղադրանքից խուսափելու նպատակով շատերը փորձում էին այլ ճանապարհներով դուրս գալ համալսարանի տարածքից․ ստորգետնյա թունելով անցնել, պատուհանից ցատկել կամ իջնել պարանե աստիճանով։
Ռետինե գնդակների ու արցունքաբեր գազի կիրառությունից տուժել են հարյուրավոր ցուցարարներ։ Պաշտոնական տվյալներով միայն նոյեմբերի 18-ին ոստիկանությունը 1458 տուփ արցունքաբեր գազ, 1390 ռետինե փաmփուշտ, 325 պլաստմասե գնդակ և 265 պորոլոնային փամփուշտ է ծախսել։
Հոնկոնգի ցույցերը, որոնք ի սկզբանե սկսվել էին ինքնավար մարզի դատապարտյալներին մայցամաքային Չինաստան արտահանձնման մասին օրինագծի դեմ պայքարով, նոր թափ ստացան ոստիկանի կողմից 22-ամյա ուսանողի սպանությունից հետո։ Ցույցերի հիմնական մասնակիցները դպրոցականներ և ուսանողներ են, ովքեր պահանջում են ուժայինների ապօրինությունների հետաքննություն և բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված ցուցարարների ազատ արձակում։