Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում էր օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի պաշտոնները դարձնել քաղաքական, թեկնածուների համար սահմանելով նույն պահանջները, որոնք գործում են Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուների համար։
Գործող օրենքով ԱԱԾ տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել այդ համակարգում բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն զբաղեցրած ԱԱԾ ծառայողը, ով գնդապետից ոչ ցածր կոչում ունի։ Ոստիկանության պետ կարող է նշանակվել այն ծառայողը, ով մինչև նշանակումը զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:
Առաջարկված նախագծի համաձայն ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ կարող է նշանակվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Նախագիծն առաջարկվել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից։ Առաջին ընթերցման ժամանակ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ էր քվեարկել, երկրորդ՝ գրավոր առաջարկների փուլ ուղարկելուց հետո սակայն, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել։
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով, փաթեթի ընդունումը հնարավոր չէ առկա իրավական կարգավորումների պայմաններում․ «Այս փուլում սահմանադրական առկա կանոնակարգումները թույլ չեն տալիս մեզ ունենալ միաժամանակ և սահմանադրական լուծում, և լուծում, որը հնարավորություն է ընձեռում մեզ չխարխլել, չձևախեղել այն համակարգերը, որոնք ձևավորվել են: Իրոք, շատ կարևոր է, որպեսզի և Ազգային անվտանգության ծառայությունում, և Ոստիկանությունում բոլոր գործընթացները լինեն թափանցիկ: Իրոք չափազանց կարևոր է այդ ոլորտում լրջագույն արմատական բարեփոխումներ կատարելը, ինչը ընդունել են նաև մեր գործընկերները այս կառույցներից: Սրա հետ զուգահեռ, մենք չպետք է ստեղծենք մի իրավիճակ, երբ եղածի փոխարեն ոչ թե բարելավում ենք իրավիճակը, այլ ընդհանրապես վատթարացնում ենք, և այդ համակարգերի ներսում կարող են առաջանալ լրջագույն խնդիրներ: Էլ չեմ ասում սահմանադրական հիմնախնդիրների մասին»:
Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը նշել է, որ կառավարությունն այս հարցի վերաբերյալ նույն կարծիքին է մնացել, պարզապես առաջարկվող տարբերակում նշված լուծումները հատվածական են․ «Դա խնդիրներ կարող է առաջացնել թե սահմանադրության մեջ, թե աշխատանքում»։
Պատգամավոր Քրիստինե Պողոսյանը «Իմ քայլը» խմբակցությունից ևս կարծում է, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է հաշվետու լինեն խորհրդարանին. «Բացառիկ դեպքերից է, որ համաձայնում եմ Էդմոն Մարուքյանի հետ»:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է, որ նախագիծը սահմանադրական է։ Նրա կարծիքով, հանձնաժողովը բացասական եզրակացության է եկել, քանի որ իշխող կուսակցությունը փոշմանել է և «շառ է անում սահմանադրության վրա»: Մարուքյանը քաղաքական մեծամասնությանն առաջարկեց այլ նախագիծ բերել, եթե իրենց տարբերակը թերի է։