Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հունվարի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:
«Մեծարգո՛ Լևոն Հակոբի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ծննդյան 75-ամյակի կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում Դուք մեծ ավանդ եք ունեցել Հայաստանի եւ Արցախի կայացման, զարգացման ու զորացման գործում:
Դուք անձնվիրաբար ծառայել եք հայրենիքին, եղել եք հարազատ ժողովրդի կողքին, պայքարել եք նրա նվիրական իղձերի իրականացման, ազատության ու անկախության համար, Ձեր անգնահատելի մասնակցությունն եք բերել Արցախյան ազգային-ազատագրական շարժմանը եւ ազատամարտի կազմակերպմանը:
Այս հիշարժան օրը մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին», – ասված է Բակո Սահակյանի ուղերձում:
Նույն առիթով Տեր-Պետրոսյանին դիմել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը․
«Դուք կանգնած եք եղել Ղարաբաղյան շարժման, Հայաստանի ու Արցախի անկախության հռչակման, 20-րդ դարավերջին հայոց պետականության վերականգնման և կայացման ակունքներում: Մեծ ու ծանրակշիռ է Ձեր դերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ կայանալու, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման գործում։ Չեմ կարող չնշել Ձեր բեղմնավոր գիտական գործունեությունը և բարձրարժեք աշխատությունները»: