Քաղաքական սպանություն են ոչ միայն քաղաքական պատճառներ, այլև քաղաքական հետևանքներ ունեցող սպանություն/ինքնասպանությունները: Այս մասին ասված է Պահպանողական կուսակցության՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ հունվարի 18-ին տարածած հայտարարությունում։
«Անկախ այն բանից, թե ներքաղաքական ներկա դասավորության պայմաններում քաղաքական խմբավորումները չեն զլանա կատարվածն օգտագործել սեփական հարմար դիրքավորումների նպատակով, անհրաժեշտ է պետական ամենաբարձր մակարդակով մտահոգության առարկա դարձնել Հայաստանի Հանրապետության համալիր խոցելի վիճակը: Այս դեպքը գալիս է հանրային հոգեբանության և գիտակցության մեջ առավել խորացնելու անորոշության, տագնապի, անվստահության և անհուսալիության, սեփական ուժերի հանդեպ անվստահության զգացումը: Այդպիսի մթնոլորտի ստեղծումը նախապատրաստումն է խոշոր և աղետալի իրադարձությունների, որոնց առջև կանգնելու մարտահրավերը պետք է ընդունել հնարավորինս շուտ և վերացնել երկրի դեմ տարվող հիբրիդային պատերազմի ներհայաստանյան բաղադրիչը՝ ազգային ներուժի համահավաքով:
Ժամանակն է հրաժարվել հեղափոխական մոտեցումներից և հստակ անցում կատարել պետականավարման պահպանողական սկզբունքներին՝ հեղափոխականությունից պահելով բացառապես ներկայիս կտրուկությունը», – մասնավորապես, ասված է Պահպանողական կուսակցության հայտարարությունում: