Վրաստանում շուտով, հնարավոր է, որ մինչև 19 կգ կանեփի աճեցումը ոչ պատժելի դառնա: Երկրի Սահմանադրական դատարան համապատասխան հայց է ներկայացվել «Գիրչի» քաղաքական շարժման կողմից, որը պահանջում է չեղարկել քրեական պատիժը կանեփի աճեցման համար։
Հայցը ներկայացրել է Ավթանդիլ Մետրևելին, որին ազատազրկում է սպառնում հենց կանեփի աճեցման համար։ «Գիրչին» նման պատիժը հակասահմանադրական և անմարդկային է համարում։
Իր հայցում «Գիրչին» ընդգծում է, որ, թեև օրենսդրորեն մարիխուանա օգտագործել կարելի է, այն օրինական ճանապարհով ստանալն անհնար է։ Հետևաբար, մարդիկ չեն կարողանում կիրառել (մարիխուանա օգտագործելու) իրենց սահմանադրական իրավունքն այնպես, որ օրենք չխախտեն և իրավախախտում չկատարեն։
Ըստ Վրաստանի օրենսդրության՝ «մինչև 166 գ մարիխուանա թմրանյութի աճեցումը, մշակումը ազատազրկման տեսքով պատիժ չի նախատեսում»։ «Գիրչին» իր հայցում պահանջում է այդ քանակն ավելացվի մինչև 19,000 գրամ։
Ընդ որում, ցանկացած պարագայում դա չի նշանակում, որ 19 կգ կանեփ աճեցրած մարդն, ամբողջությամբ ազատվում է պատասխանատվությունից։ Եթե «Գիրչիի» հայցը բավարարվի, 19 կիլոգրամ կանեփ աճեցրած մարդը չի ազատազրկվի, սակայն կարող է «դատապարտվածի» կարգավիճակ ստանալ առանց բանտ նստելու։