Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրով Կառավարությունը կհատկացնի շուրջ 3 մլրդ դրամ։
«Դեռևս 2018 թվականի պետական բյուջեով հատկացված 460 մլն դրամի հաշվին լուծվել է Լոռու մարզի գյուղական բնակավայրերի 44 ընտանիքների բնակարանային խնդիրները՝ բնակարանների կառուցման տարբերակով։ Հատկացված միջոցների տնտեսումների արդյունքում ևս 7 ընտանիքի բնակարանային խնդիր լուծման ընթացքում է», – կառավարության մայիսի 7-ի նիստում հայտնեց Քաղաքաշինության կոմիտեի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը։
Ըստ Ղուլարյանի՝ 2019 թվականի պետական բյուջեով հատկացված 560 մլն դրամի հաշվին լուծվել կամ լուծման ընթացքում է 61 ընտանիքի բնակարանային խնդիր։ 2019 թվականի տարեվերջի դրությամբ դեռևս բնակարանային խնդիրների լուծման կարիք ուներ մոտ 460 ընտանիք։ Այդ աշխատանքների համար Կառավարության պահուստային ֆոնդից 2019 թվականի նոյեմբերին հատկացվել է 1 մլրդ 290 մլն դրամ։
Արմեն Ղուլարյանի խոսքով՝ նախագծով կարգավորվում է մնացած 229 ընտանիքների բնակարանային խնդիրը, որոնցից 13-ը նախընտրում են ԲԳՎ (Բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով), և 216-ի համար նախատեսվում է կառուցել բնակելի տներ․ «Այս տարի կմեկնարկենք շինարարական աշխատանքները։ Ըստ էության սա 2018 թվականից մեկնարկած աղետի գոտում իրականացվող պետական ծրագրի ավարտական փուլն է»։
Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրով Կառավարությունը կհատկացնի շուրջ 3 մլրդ դրամ, որից՝
- 1 մլրդ 868 մլն դրամն կուղղվի Լոռու մարզի 162 ընտանիքի, որից՝ 153-ը բնակելի տան շինարարություն, 9-ը՝ բնակարանների գնման վկայագիր (ԲԳՎ)
- 988 մլն դրամն կուղղվի Շիրակի մարզի 59 ընտանիքների, 55-ը՝ տուն կառուցելու և 4-ը՝ ԲԳՎ,
- 143 մլն դրամն կուղղվի Արագածոտնի մարզի 8 ընտանիքների համար բնակելի տուն կառուցելու համար։
Իրականացվող աշխատանքները կկազմակերպվեն Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզպետների աշխատակազմերի կողմից «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ նույն ընթացակարգով, ինչ 2018 և 2019 թվականների ընթացքում։ Մարզպետարանների և կենտրոնի միջև կնքվելու է աշխատանքների կազմակերպման մասին պայմանագիր, որից հետո կենտրոնի և առանձին շահառուների միջև է կնքվելու պայմանագիր՝ յուրաքանչյուր տան աշխատանքները կազմակերպելու համար։
«Այս գործընթացը կազմակերպվում է տվյալ ընտանիքներին ներգրավվելով շինարարական աշխատանքներում, և յուրաքանչյուր ընտանիքի աշխատունակ անդամ կարող է ներգրավվել ու աշխատավարձ ստանալ», – հավելեց Ղուլարյանը։