Իրավիճակը ճգնաժամային է։ Ըստ տարբեր կանխատեսումների` կորոնավիրուսային համավարակը կարող է տևել հինգ տարի։ Անորոշությունները շատ են․ պատվաստանյութի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, տեսականորեն այն կարող է ստեղծվել երեք ամիս հետո կամ առաջիկա երեք տարիների ընթացքում։ Պետք է պատրաստվել վատթարագույն սցենարին։ Անկախ Կառավարության ջանքերից, եթե հակահամաճարակային կանոնները չպահպանվեն, կորոնավիրուսի հաղթահարումը կդառնա անհնար: Այս մասին խորհրդարանի հունիսի 12-ի հատուկ նիստի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ազգային ժողովում մեկնարկել է հատուկ նիստ: Քննարկվում է Կառավարության՝ արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով, մինչև հուլիսի 13-ը երկարաձգելու որոշումը։ Հիմնական զեկուցողը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/190079702314832/
Ըստ Փաշինյանի՝ դեռևս մարտին հայտարարված արտակարգ դրության պատճառները չեն վերացել և, ցավոք, կորոնավիրուսի համաճարակը շարունակվում է տարածվել։
«Այս պահին ունենք 425 ծանր վիճակում և 100 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կորոնավիրուսով հիվանդ։ Բուժհաստատությունները գտնվում են գերբեռնված վիճակում։ 1857 սովորական մահճակալներից երեկ երեկոյան զբաղված էր 1551-ը, 239 վերակենդանացման մահճակալներից երեկվա դրությամբ զբաղված էր 204-ը։ Մենք շարունակում ենք ծավալումը՝ ռեանիմացիոն և սովորական մահճակալների, նաև՝ թթվածնի սնուցում ունեցող մահճակալների։ Բայց ընդհանուր առմամաբ՝ իրավիճակը ճգնաժամային է», – ասել է Փաշինյանը։
Ճգնաժամից դուրս գալու հայեցակարգային պատկերացումը չի փոխվել։ Խնդիրները, ըստ նրա, այժմ այնքան առողջապահական չեն, որքան հանրային, վարքագծային, կարգապահական։ Փաշինյանի կարծիքով՝ լուծումը մեր մտքում է և մեր գլխում։
Կան կանխատեսումներ, որ մոտակա հինգ տարիների ընթացքում աշխարհը գտնվելու է համավարակի մեջ։ Ամենօրյա թվերը արձանագրում են, թե ինչպես ենք մենք պահել հակահամաճարակային կանոնները նախորդող 7-14 օրերի ընթացքում։ Եվ եթե «մեր թվերն» այսքան են, ըստ Փաշինյանի, դա նշանակում է, որ «մենք բոլորս կանոնները չենք պահպանել պատշաճ մակարդակով»։ Անկախ Կառավարության ջանքերից, եթե հակահամաճարակային կանոնները չպահպանվեն, կորոնավիրուսի հաղթահարումը կդառնա անհնար։
«Մեր մարտավարությունը և ռազմավարությունը պետք է լինի՝ ապրել կորոնավիրուսի հետ։ Մարդկությունը պատմության ողջ ընթացքում բազմիցս է առերեսվել արհեստական կամ բնածին պատճառներով վարքագծի փոփոխության կանոններին։ Երբ երկիր մոլորակի վրա, օրինակ, հայտնվեցին ավտոմեքենաները, ինչ-որ պահից մարդիկ սկսեցին մեծ թվով վրաերթերի ենթարկվել, և դա բերում էր մարդկային մեծ զոհերի։ Այդ ամենի արդյունքում է, որ ստեղծվեցին հետիոտնային անցումները, լուսացույցները, կանոնակարգվեց երթևեկությունը․․․ Այդ ժամանակ ոչ ոք կամ գոնե հիմա ոչ ոք չէր ասում՝ ես չեմ հավատում ավտոմեքենաների մահաբեր ուժին», – ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ արգելափակումների, կարանտինի ռեժիմը այս հարցի լուծումը համարվել չի կարող։
Փաշինյանը ստեղծված իրավիճակում առաջարկել է բանաձև, որն, իր խոսքով, իրականացրել է իր ողջ քաղաքական կյանքում:
«Այն է` 1+1+1 ու այդպես միլիոնավոր մարդիկ, ես կոչ եմ անում գնահատենք պահի լրջությունը և հասկանանք, որ այն մի շաբաթվա և նույնիսկ մեկ տարվա խնդիր չէ: Մենք խնդիր ունենք հարմարվելու նոր իրողություններին, և այդ նոր աշխարհում որպես հանրություն խնդիր ունենք ապացուցելու մեր կենսունակությունը», – ասել է վարչապետը:
Ըստ նրա՝ կառավարության ձախողումն եղել է այն, որ չեն կարողացել քաղաքացուն համոզել կամ պարտադրել պատշաճ կերպով պահել հակահամաճարակային կանոնները, գտնել սահմանը՝ խուճապը բացառելու, բայց և խուճապը պահելու մեջ։ Առողջապահական համակարգը մինչև հիմա իր առջև դրված բոլոր խնդիրները լուծել է, պրոբլեմն, ըստ նրա, առողջապահական համակարգից դուրս է․ «Մեր պրոբլեմը մեր բեսեդկաներում է, մեր թաղերում է, մեր տներում է»։
Ելույթից հետո վարչապետը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին՝ հետագա անելիքների, իր հիվանդության, իրավիճակային մի շարք լուծումների մասին։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/578949089718426/