Եղեգնաձորցի Վոլոդյա Սուքիասյանին նոր հանրային պաշտպան են նշանակել, քանի որ քննչական գործողությունները մայրաքաղաքում են իրականացվելու։ Epress.am-ը զրուցեց Գուրգեն Հովհաննիսյանի հետ, իմացավ «Արմավիր» ՔԿՀ-ում պահվողի հացադուլ հայտարարելու պատճառների, ինչպես նաև գործով քննիչի՝ «նորմալ տղա» լինելու մասին։
Հանրային պաշտպանը ներգրավվել է օգոստոսի 17-ին, այն էլ՝ ընդամենը որոշ դրվագներով։ Հարցաքննության էր մասնակցել և, ըստ նրա, բազմադրվագ հանցագործությունների մեջ մեղադրվող Վոլոդյա Սուքիասյանն արդեն ցուցմունք է տվել։ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ խոսքը ոչ միայն տերմինալներից գումար գողանալու մասին է․ «Խանութ են մտել, գեղեցկության սրահ․․․ Գողության մեջ են մեղադրվում։ Որ մասով որ ինքը կատարել է, ցուցմունք է տվել»։
Հանրային պաշտպանը նշեց, որ Սուքիասյանն, ով այլ քրգործի շրջանակներում էր ձերբակալված եղել, խախտել էր նախկինում ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին։ Գրավ էր կիրառվել, իսկ խափանման միջոցի չփոփոխելու հիմքերից մեկն այն է, որ անձը կարող է այլ հանցագործություն կատարել, ասել է Հովհաննիսյանը․
«Եթե քրեական գործով ինքն արդեն մեղադրվում է ու ընդունում է իր մեղքը, միանշանակ վարույթն իրականացնող մարմինը խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացնում՝ արդեն կալանավորել։ Որովհետև ասում է՝ եթե ես հիմա նրան թողնեմ, ինքն էլի կանցնի իր գործին»։
Զրուցակիցը տեղեկացրեց, որ գործը 40-ից ավել դրվագներից է բաղկացած։ «Այժմ գործը զտվում է, տարբեր քննչական մարմիններից գալիս, կպնում են մի գործին։ Դրվագներ կան, որոնց մասով ինքը ցուցմունք չի էլ տվել, դեռ չի էլ հարցաքննվել»։
Արդյոք շարունակվո՞ւմ է Սուքիասյանի կողմից իրեն ազատ արձակելու պահանջով հայտարարված հացադուլը, Հովհաննիսյանը տեղյակ չէ։ Պաշտպանյալի հետ առանձնազրույցի ընթացքում Գուրգեն Հովհաննիսյանն, իր իսկ խոսքով, փորձել էր երիտասարդին համոզել դադարեցնել հացադուլը, որովհետև «դա հարցի լուծում չի»․
«Ճիշտ է՝ իմ պաշտպանյալն է, ես եմ շահերը ներկայացնում որոշ դրվագներով, բայց հացադուլ մտնել մի պատճառաբանությամբ, որ թող իմ խափանման միջոցը վերացնեն, մի քիչ իրատեսական չեմ համարում։ Ինքն իրեն է վնասում։
Ես հորդորեցի, որ ինքը դադարեցնի․․․ Ինքը հիմա դատավարությանը պետք է մասնակցի, ինքն ինձ առողջ է պետք»։
Սուքիասյանի մայրն ավելի վաղ հայտնել էր, որ ձերբակալվելուց հետո որդին խոշտանգումների էր ենթարկվել։ Այս պնդմանն ի պատասխան Հովհաննիսյանն ասաց, որ տվյալ հարցով ևս դիմել էր պաշտպանյալին, սակայն վերջինս հերքել է։
Հանրային պաշտպան․ Ես հարցրել եմ՝ քեզ մատով կպե՞լ են, խոշտանգում, ֆիզիկական ուժ գործադրե՞լ են, ինքը հերքել է։ Նման բան չկա։
Լրագրող․ Դե, նա կարող է և վախենալ խոստովանել․․․
– Առանձին նրա հետ, երբ առանձնազրույց ունեցա, մի քանի անգամ հարցրել եմ։ Դա իմ առաջին հարցերից է իմ պաշտպանյալներին։ Խոշտանգման մասին ընդհանրապես խոսք չի գնում, – չափազանց վստահ ձայնով ասել է զրուցակիցը՝ հերքելով այն հավանականությունը, որ խոստովանական ցուցմունքը կարող էր ճնշումների հետևանք լինել։
«Համենայն դեպս, ես նման տեղեկությունների չեմ տիրապետում, ինքն էլ ինձ նման բան չի ասել ու չկա նման տեղեկություն», – հավելել է հանրային պաշտպանը։
Իսկ հարազատների կողմից բարձրաձայնվող՝ Վոլոդյային այլ հանցանքներ վերագրելու հետ կապված մտավախություններին անդրադառնալով, կոչ արեց վերջիններիս ոչ-ոքի չզրպարտել։
«Քննիչը նման բան չի անում․․․։ Մարդը նորմալ տղա է՝ քննիչը, ու ինքն էլ ասում է՝ որը որ իր մասնակցությամբ է, ինքը եղել է, թող դրա վերաբերյալ մենակ ցուցմունք տա։ Ինքն էլ [Վոլոդյա Սուքիասյանը] պնդում է՝ այ սա արել եմ, սա չեմ արել։ «Որ գրել են՝ ես իբրև թե իրենց հետ գողություն եմ կատարել, էդ ժամանակ եղել եմ կալանավորված», – էդ փաստերով է արդեն։ Դրվագներ կան, որոնք դուրս են գալիս․․․», – պատմել է փաստաբանը։ Նորմալ տղա քննիչի անունն է Լևոն Քաջազնունի։
Նախորդ հանրային պաշտպանի պես, Հովհաննիսյանը ևս խոսեց «տեռորի» մասին, որին, ըստ նրա, պաշտպանյալի հարազատների կողմից է ենթարկվում։ Գոհար Սուքիասյանն անընդհատ որոշակի տեղեկատվություններ է ցանկանում ստանալ, ասել է զրուցակիցը, սակայն վերջինս չի կարող դրանք տրամադրել․ «Տեռորի է ենթարկում»։
Լրագրողի նկատառմանն այն մասին, որ, երևի, մորը կարելի է հասկանալ, պաշտպանն ասել է․ «Բան չունեմ ասելու, բայց չի կարելի մարդկանց մանիպուլյացիա անել։ Երբ որ ես ներգրավվել եմ, մայրը տեղյակ է եղել, վե՛րջ։ Մայրը տեղյակ է եղել, կինը տեղյակ է եղել։ Ուղղակի ժամանակ առ ժամանակ զանգում է, ես չեմ կարող իմ բոլոր գործերը թողնեմ, մոր զանգերին պատասխանեմ։ Էն չափով, որով ինֆորմացիա պիտի ստանար՝ նեգրավվե՞լ եմ, թե՞ ոչ, ի՞նչ գործողություն է կատարվել, ինքը դրա մասին տեղյակ է»։