Home / Հայաստան / Հայաստանը դուրս է եկել շախմատի օլիմպիադայից՝ խտրականության պատճառով

Հայաստանը դուրս է եկել շախմատի օլիմպիադայից՝ խտրականության պատճառով

Ինտերնետի աշխատանքի գլոբալ խնդիրների առաջացման արդյունքում Շախմատի համաշխարհային օլիմպիադան, որն այս տարի անց էր կացվում առցանց՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով, միանգամից երկու հաղթող ունեցավ․ ոսկե մեդալների արժանացան Ռուսաստանի և Հնդկաստանի հավաքականները։

Երկու եզրափակիչ խաղերի ժամանակ Ռուսաստանի թիմը Հնդկաստանի թիմին հաղթում էր 3:3, 4,5:1,5 հաշիվներով։ Երկրորդ խաղի ժամանակ, սակայն, Հնդկաստանի երկու շախմատիստների խաղային ժամանակը սպառվեց՝ ինտերնետի խնդիրների պատճառով։

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ)՝ Հնդկաստանի թիմի բողոքարկումից հետո որոշում կայացրեց ոսկե մեդալներ հանձնել միաժամանակ երկու թիմերին։

«Մենք իհարկե կարծում էինք, որ մեկ հաղթող կլինի․ ի վերջո սա փառատոն չէ, սպորտ է։ Հնդկաստանը բողոքարկման հայտը տեղին էր․ ինտերնետի հետ առաջացած խնդիրները գլոբալ բնույթ ունեին», – պարզաբանել է ՖԻԴԵ գլխավոր քարտուղար Արկադի Դվորկովիչը։

Ինչ էր կատարվում ինտերնետի հետ

Կիրակի առավոտից Եվրոպայում և Ամերիկայում օգտատերերից բողոքներ էին ստացվում մի շարք սերվերների հետ կապը կորցնելու մասին։ Այդ թվում էին խաղային Discord, Xbox Live, PlayStation Network սերվերներն ու սթրմինգային Hulu-ն, Netflix֊ը։ Ինտերնետի հասանելիության խնդիրներ կային Amazon ինտերնետ խանութում, PayPal ծառայությունում և այլ կայքերում։

9to5Mac կայքի տվյալներով, խոտանների պատճառը CenturyLink մատակարարի մոտ առաջացած անսարքություններն էին։

Օրվա երկրորդ կեսին CenturyLink֊ը հայտնեց, որ խնդիրները վերացված են․

Հայաստանի բողոքը

Ինտերնետի հետ կապված խնդիրներ առաջացել են ոչ միայն եզրափակիչ փուլում։ Ուրբաթ օրը կայացած քառորդ եզրափակչի ժամանակ Հայաստանի հավաքականը հայտարարեց, որ Հնդկաստանի հետ խաղի ժամանակ հայկական թիմի խաղացողներից մեկի մոտ խնդիրներ են առաջացել կապի հետ, ինչի արդյունքում նա տեխնիկապես պարտվել է։

ՖԻԴԵ֊ն հայկական կողմի բողոքարկումը չի ընդունել։ Ի նշան բողոքի, հավաքականը դուրս է եկել մրցակցությունից։

Թվիթերի իր էջում ստեղծված իրավիճակի մասին դժգոհություն է հայտնել Լևոն Արոնյանը։

Նա, մասնավորապես, նշել է, որ հայկական կողմն ապացուցել է, որ ինտերնետի հասանելիությունը խաղացողի մոտ կայուն էր և խնդիրները կապված են բացառապես chess.com-ի հետ։ Հավաքականի միակ պահանջն էր թույլատրել շարունակել խաղը նույն դիրքից, նույն ժամանակից։

Գրոսմեյստեր Էլինա Դանիելյանը, ով գլխավորում է Հայաստանի հավաքականը, նշել է, որ իրենք ֆեդերացիայի որոշումը կարող են բողոքարկել Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանում։ Դանիելյանը հույս է հայտնել, որ համավարակային իրավիճակը կբարելավվի և այլևս կարիք չի լինի օլիմպիադան անցկացնել առցանց։