Նոյեմբերի 2-ին Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո Ավստրիայում խուզարկությունների և ձերբակալությունների շարք է սկսվել։
Երեկ ուշ երեկոյան Ավստիայի մայրաքաղաքում մի քանի զինված գրոհայիններ հրաձգություն են սկսել միաժամանակ 6 տարբեր վայրերում, այդ թվում՝ Վիեննայի սինագոգի մոտակայքում: Առաջին կրակոցները հնչել են տեղական ժամով 20։00-ին։
Ավստրիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով 4 մարդ է մահացել։ Վիրավորների թիվը 17 է, նրանցից 7-ը՝ ծանր վիճակում։
Կան սպանված ոստիկանի մասին չհաստատված տեղեկություններ։
Terrorist attack in #Vienna with 7 dead confirmed and several injured. Attack took place in several locations around #Austria’s capital. The city synagogue was also targeted. Comprehensive anti-terror operation taking undergoing.#terrorism https://t.co/smmlYmHnNf
— Alexandre Krauss (@AlexandreKrausz) November 2, 2020
[տեսանյութում երևում է, ինչպես են գրոհայինները կրակում ոստիկանի վրա]
Ներքին գործերի նախարար Կարլ Նեհամմերը այսօր առավոտյան հայտնել է, որ զոհվածներից երկուսը տղամարդ է, մեկը՝ կին։ Ավելի ուշ տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ զոհերի թիվը հասել է չորսի․ վիրավորներ կանանցից մեկը մահացել է հիվանդանոցում։
Ոստիկանների արձակած կրակողներից դեպքի վայրում սպանվել է նաև գրոհայիններից մեկը։ Ներքին գործերի նախարարն ասել է, որ նախնական հետաքննության տվյալների համաձայն՝ սպանվածը համակրել է «Իսլամական պետության» խմբերին։
Տեղական լրատվականների հաղորդմամբ՝ խոսքը 20-ամյա ջիհադիստ Ֆեյզուլա Քույթիմի մասին է, ով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու նպատակով Սիրիա մեկնելու փորձի հետո 2019 թվականի ապրիլին դատապարտվել էր 22 ամսվա ազատազրկման։ Նույն թվականի դեկտեմբերին նա համաներումով ազատ էր արձակվել։
Ահաբեկիչներից մի քանիսը երկար փոխհրաձգությունից հետո ձերբակալվել են երեկ գիշերը, գրոհայիններից մեկը փախուստի է դիմել։
Attackers queue, Caught by police who carried out #terrorist attack in #vienna. #Austria #ViennaAttack #Viennashooting pic.twitter.com/Sx7tYFCEbG
— Nikhil Choudhary (@NikhilCh_) November 2, 2020
[վերևի տեսանյութում՝ գրոհայիններից մեկի ձերբակալության պահը, ներքևի տեսանյութւոմ՝ ահաբեկիչներից մի քանիսը հանձնվում են ոստիկանությանը]
Հակաահաբեկչական գործողությունների արդյունքում այսօր ձերբակալվել են նաև նրանց հետ փոխկապակցված տասնյակ անձինք։ Իրավապահ մարմինները փորձում են պարզել նրանց կապը արմատական իսլամիստական խմբավորումների հետ։
Ավստրիայում Ռուսաստանի դեսպանը նշել է, որ բերման ենթարկվածների թվում կարող են լինել նաև Հյուսիսային Կովկասից Վիեննա տեղափոխված քաղաքացիներ։
Ավստրիայի ՆԳՆ Կարլ Նեհամմերը և կանցլերը Սեբաստիան Կուրցը երեկ գիշերը ելույթ են ունեցել և տեղի ունեցածը որակել որպես ահաբեկչություն։ Ներքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել բնակիչներին նոյեմբերի 3-ին մնալ տանը, խուսափել քաղաքի կենտրոնից և մարդաշատ այլ վայրերից։ Տրասպորտի աշխատանքը մասնակիորեն սահմանափակվել է։ Կրթական հաստատություններ այցելելը հայտարարվել է ոչ պարտադիր։
Օրերս ահաբեկչական հարձակումներ տեսած Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը գիշերն իր համերաշխությունն է հայտնել Ավստրիայի ժողովրդին։
«Սա մե՛ր Եվրոպան է, մեր թշնամիները պետք է իմանան, թե ում հետ գործ ունեն, մենք չենք նահանջի», – հայտարարել է Մակրոնը: