Պարտվելու կարևորության մասին
Լեյլա Սայֆութդինովա
Հայաստանն ու Ադրբեջանը ձախողել են Լեռնային Ղարաբաղի շուրջ փոխզիջումային լուծման հասնելը։ Մեկի հաղթանակը մյուսի նկատմամբ պատրանք է։ Առաջ գնալու միակ ճանապարհն անդրադարձն է այն մասին, թե ինչում ենք պարտվել և դեռ ինչ է մնացել պարտվելու։
Տարիներ առաջ, երբ կոնֆլիկտների կարգավորում էի ուսանում, սովորեցի կոնֆլիկտների լուծման հետևյալ տիպաբանությունը՝ հաղթանակ-հաղթանակ (win-win), հաղթանակ-պարտություն (win-lose) և փոխզիջում (compromise):
Հաղթանական-հաղթանակն այն արդյունքն է, երբ բոլոր կողմերը հասնում են իրենց ուզածին։ Հաղթանակ-պարտություն լուծման ժամանակ մի կողմը հասնում է իր ուզածին, մյուսը՝ ոչ, իսկ փոխզիջումային լուծման ժամանակ ամեն կողմ զիջումներ է անում։
Կա նաև պարտություն-պարտություն իրավիճակը, որը որպես կանոն դիտարկվում է որպես չլուծված կոնֆլիկտների արդյունք։
Կոնֆլիկտների կարգավորման մասնագետների ջանքերը հասկանալի պատճառներով ուղղված են հաղթանակ-հաղթանակ, և երբեմն էլ՝ փոխզիջումային արդյունքների վրա։ Այս տիպաբանությունը, ինչպես բոլոր տիպաբանությունները, պարզունակ է։ Դրա հետ կապված հիմնական խնդիրն այն է, որ պարտություն-պարտություն լուծումները բավարար ուշադրության չեն արժանանում, իսկ «փոխզիջում» բառի գործածումը ստվեր է գցում ու անուշադրության մատնում «պարտության» բաղադրիչը։
Ղարաբաղի կոնֆլիկտի հարցում մեզ պետք է հասցեագրել հենց պարտությունը եւ առերեսվել դրա հետ։
Արդեն պարզ է, որ այս ընթացքում կոնֆլիկտի լուծման հաղթանակ-հաղթանակ տարբերակն հնարավոր չէ։ Խաղաղության գործընթացը, որը կենտրոնացել է փոխզիջումային տարբերակի վրա, խայտառակորեն ձախողվել է։ Կողմերը կարծես շարունակում են մտածել, թե լուծման հնարավոր տարբերակ է հաղթանակ-պարտություն տարբերակը։
Սա, կարծում եմ, պատրանք է։
Հայկական կողմը միգուցե մտածել է, որ 26 տարի առաջ ինքը հասել է (գրեթե, բացի լեգալ ճանաչումից) հաղթանակ-պարտություն լուծման, բայց հենց սրա պատճառով է, որ հիմա ներկայիս պատերազմն է ընթանում։ Եթե նույնիսկ դիտարկենք այն անհավանական տարբերակը, որ Ադրբեջանին կհաջողվի լիովին վերականգնել իր տարածքային ամբողջականությունը ռազմական եղանակով, այս նույն սցենարը հավանական է՝ կկրկնվի հինգ, տասը կամ 26 տարի հետո։
Ուստի այս կոնֆլիկտից դուրս գալու միակ տարբերակը պարտություն-պարտություն լուծումն է։ Իրականում, այսպես թե այնպես հենց այդ ուղղությամբ էլ գնում ենք։ Տեղ կհասնենք իրար ռմբակոծելով, հազարավոր մարդկանց սպանելով, միլիոնավոր կյանքեր խորտակելով, ամբողջ տարածաշրջանը քաոսի մեջ նետելով։ Կամ, միգուցե, դեռևս կարող ենք նստել ու որոշել, թե որքան ենք պատրաստակամ պարտվել հանուն նրա, որպեսզի շարունակենք ապրել մեր կյանքերը՝ թեկուզ ոչ կատարյալ, բայց նրանով, ինչ մնացել է։
Պարտության հետ հաշտվելու կարևոր բաղադրիչներից է մեր պատրանքներից ձերբազատվելը։ Գիտեմ, որ երկու կողմից էլ որոշ մարդիկ կարոտախտ ունեն անցյալի նկատմամբ, երբ հայերն ու ադրբեջանցիները միասին խաղաղ ապրում էին։
Ես էլ կարոտ ունեմ։ Որպես բաքվեցի, ես էլ նման շատ պատմություններ ունեմ։ Բայց դա մեր անցյալն է, այդ օրերն անցել են, դրանք հնարավոր են եղել կոնկրետ պատմական համատեքստում, իսկ այժմ իրականությունն այլ է։ Պատրանք է մտածել, թե դա հնարավոր է վերականգնել։
Գիտեմ, որ ոմանք Ադրբեջանում անկեղծորեն հավատում են, որ հենց Ղարաբաղում չլինի ռազմական վարչակարգը, հայ զինվորները հեռանան ադրբեջանական հողից և ադրբեջանցի տեղահանվածները վերադառնան իրենց տներ, նրանք կարող են խաղաղ ապրել ղարաբաղցի հայերի հետ, ովքեր ամեն դեպքում մեր քաղաքացիներն են։
Սա, կարծում եմ, պատրանք է։
Իմ կարծիքով, ղարաբաղցի հայերի մեծամասնությունն անկեղծորեն չի կարող ընդունել ադրբեջանական պետությունում ապրելու գաղափարը։ Բռնության ներկայիս էսկալացիան վերջին բանն է, որը կարող է նրանց հակառակում համոզել։
Իմ կարծիքով խաղաղության կողմնակից շատ հայեր համարում են, որ Ղարաբաղի հարցը չափազանցվել է Ադրբեջանում պետական պրոպագանդայի միջոցով և որ հենց Ադրբեջանի կառավարությունն է, որ չի ընդունում Ղարաբաղի անկախությունը, մինչդեռ ադրբեջանցի ժողովուրդը կընդուներ այն։
Սա նույնպես պատրանք է։
Երկար-բարակ կարող ենք քննարկել ադրբեջանցի ազգի ակունքները, արդյոք այն գոյություն է ունեցել 1828, 1921, թե 1989 թվականին։ Սակայն 2020 թվականին մենք ազգ ենք․ ազգ, որը մասնատված է կոնֆլիկտներով, լեզվական, ծագման վայրի, դասակարգային, գաղափարական և այլ բաժանումներով, սակայն տարածքային, բազմաէթնիկ, բազմամշակութային ազգ ենք։ Իսկ Ղարաբաղը, ինչպես տարածքային, այնպես էլ խորհրդանշական իմաստով այդ ազգի համար առանցքային է։ Իրականում, ղարաբաղյան կոնֆլիկտն է մեզ ազգ դարձրել։
Ինձ համար սա հպարտության հարց չէ, այլ փաստի արձանագում։ Ես տեսնում եմ ազգությունը իբրև մոդեռնությանը բնորոշ հասարակական կազմակերպման ձև։ Ինչպես և հասարակական կազմակերպման ցանկացած այլ ձև, դրա կարևորությունը կփոխվի ու ի վերջո կթուլանա։
Անձամբ ես կնախընտրեի հասարակական կազմակերպման այլ ձև․ այնպիսին, որը հիմնված կլիներ անհատների անդրազգային ցանցերի վրա՝ միավորված ըստ իրենց շահերի ու գաղափարների։ Բայց իրականությունն այն է, որ ազգը հասարակական կազմակերպման դեռևս գերիշխող ձևն է, և ո՛չ հայաստանյան, ո՛չ էլ ադրբեջանական ազգությունները չեն անհետանալու միայն այն պատճառով, որ մեզնից ոմանք համարում են, որ մյուսի ինքնությունը կառուցված է ոչ իրական առասպելների հիման վրա։
Ուստի մեզ պետք է մի լուծում, որը թույլ կտա երկու ազգերին էլ ընթանալ առանձին ճանապարհներով։
Մտքիս եկած լավագույն անալոգիան ամուսնալուծությունն է։ Դա նույնպես հաճախ ցավոտ է ու կորուստների է տանում։ Բայց միգուցե եկել է ժամանակն ընդունելու, որ անհնար է ունենալ մեր ուզած ամեն ինչը, ընդունելու, որ պետք է մի բանից հրաժարվենք, նույնիսկ մեզ համար կարևոր մի բանից՝ հանուն նրա, որ դադարեցնենք այս մահաբեր կռիվը ու շարունակենք ապրել մինչև չենք կորցնել շատ ավելին, քան կարելի է պատկերացնել։ Մինչև ավելի շատ մարդիկ չեն մեռել։ Մինչև ավելի շատ պատերազմական հանցանքներ չեն կատարվել։
Ուստի հիմա, երբ արդեն բռնության ու ատելության էսկալացիայից անցել է երկու շաբաթ, ես չեմ ուզում երազել անցյալի մասին։ Ուզում եմ երազել ապագայի մասին, որը դեռևս հնարավոր է ունենալ։
Իրոք, կոնֆլիկտի երեսուն ու ավելի տարիները նույնիսկ ապագան երևակայելը դարձրել են դժվարին։ Բայց կա մի քանի բան, որ դեռևս հնարավոր է երևակայել։
Այցելել Հայաստան ու կարիք չունենալ զինված թիկնապահի, որն ինձ ամեն քայլի կհետևի։ Ունենալ հնարավորություն գնալու Շուշի՝ մեծ տատիկիս ծննդավայրը, երբ կուզեմ։ Տեսնել Գանձասարը։ Լսել հայերենը Բաքվի փողոցների եռուզեռում հնչող բազմաթիվ լեզուների մեջ, որը սակայն արտասովոր չի լինի։ Ողջունել հայ գործընկերների Բաքվում կազմակերպվող նորմալ ակադեմիական ինչ-որ կոնֆերանսի, որը կքննարկի ռեգիոնալ համագործակցություն։ Ունենալ նորմալի նոր վիճակ։ Դժվարահաս է, բայց հուսամ՝ դեռևս հնարավոր։
Եթե իհարկե մենք սա անհնարին չդարձնենք պատրանքային ու էքսկլյուզիվիստական հաղթանակ-պարտություն լուծումներով։
Լեյլա Սայֆութդինովա
թարգմանությունը՝ Աննա Շահնազարյանի
Հոդվածի անգլերեն բնագիրը հրապարակվել է OC Media-ում՝ 2020թ․ հոկտեմբերի 12-ին:
Հայերեն թարգմանությունը հրապարակվել է «Սև բիբար» քննախոսական հարթակի կողմից։