Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական նոր օրենսգրքի նախագիծը։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մի քանի կետով ներկայացրել է բարեփոխումների հիմնական ուղղությունները․
🔷Քրեական օրենսգրքի նախագծով․
🔹 Որդեգրվել է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման քաղաքականության անցման գաղափարախոսությունը. որպես պատժի նպատակ սահմանվել է պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը: Ընդլայնվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների ցանկը՝ այդպիսով ազատազրկումը դիտելով որպես ծայրահեղ միջոց։
🔹Կատարելագործվել են ներկայումս գոյություն ունեցող պատժատեսակների կիրառման ընթացակարգերը։ Օրինակ՝ փոխվել է հանրային աշխատանքներ և տուգանք պատժատեսակների կիրառման վերաբերյալ ձևավորված մոտեցումը:
🔹 Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի կարգավորումներին համահունչ, պատժի նշանակման առանձնահատուկ կարգավորումներ են նախատեսվել համաձայնեցման և համագործակցության վարույթների դեպքում:
🔹 Հստակ սահմանվել են անչափահասների նկատմամբ քրեական պատասխանատվության և պատժի առանձնահատկությունները: Մասնավորապես, հաշվի առնելով անչափահասների սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները, նախատեսվել է, որ հանցանքը կատարելիս 18 տարին չլրացած անձինք ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել:
🔹Սահմանվել է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը, պատիժների համակարգը:
🔹Հստակեցվել և կատարելագործվել են պատժից ազատելու ինստիտուտները և այլն։
Կատարված աշխատանքի համար նախարարը շնորհակալություն հայտնեց Եվրոպայի խորհրդին և Նախագիծը մշակած աշխատանքային խմբին: