Սեքսիստական փոխաբերությունները, որ Բերա Իվանիշվիլին շարունակաբար անում է, շատ բան են ասում Վրաստանում գենդերի և իշխանության գործելու ձևի ու այն անհամատեղելիության մասին, որ առկա է հայտնի մարդ լինելու և «արքայազնի» իրական իշխանության միջև։
Մարտի 6-ին հանրությանը հայտնի դարձան Վրաստանի ամենահարուստ մարդու՝ «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի որդի Բերայի և երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի անձնական պայթյունավտանգ խոսակցությունները։ Երկու տղամարդիկ քննարկում էին բռնությունը Բերային վիրավորել հանդգնած, որոշ դեպքերում՝ դպրոցական տարիքի քննադատների նկատմամբ։
Ոչ ենթադրյալ բռնության, ոչ էլ դրա հրահրողների համար իրավական հետևանքներ չեն եղել։ Դեռ հակառակը, ձայնագրությունը հրապարակած ալիքը՝ TV Pirveli-ն, կառավարության հարձակման տակ է՝ իբր կեղծ տեղեկատվություն տարածելու համար։ Իսկ Բերա Իվանիշվիլին և Իրակլի Ղարիբաշվիլին ջրից չոր են դուրս եկել։
Բայց իրո՞ք դուրս են եկել։
Միջադեպին հաջորդած հանրային քննարկումը բացասական վերաբերմունքի ալիք է բարձրացրել Բերայի նկատմամբ, ներառյալ սոցցանցային իր սիրելի հարթակում՝ TikTok-ում։ Նա վերջերս հայտարարել է, թե սա «վատագույն բանն է» հարթակի պատմության մեջ։
Բացասական այս վերաբերմունքը փշրել է հայտնի դեմքի իր միֆը՝ անհասանելիության պատկերը, որ վարկաբեկվել է իրական բռնության մեղադրանքներով։
Գանգստեր արքայազնը
Իշխանամետ Imedi լրատվական ալիքին տված հարցազրույցում Բերան եզրակացրել է, որ իրեն խիստ քննադատողները տղամարդիկ են, ովքեր «չեն սիրում իրենց մորը»։
Այսպիսի փոխաբերության մեջ կանայք երևում են ոչ թե որպես անհատներ, այլ վիճարկվող տարածքներ։ Այսպիսի «մայրը» գոյություն ունի միայն իր տղամարդ ազգակցի հետ հարաբերության մեջ, բայց ոչ որպես առանձին մարդ։ Այսպիսով՝ նրան ուղղված վիրավորանքը խնդրային է միայն որովհետև այն սպառնալիք է՝ ուղղված նրա որդուն/հորը/եղբորը/ամուսնուն։ Մոր նկատմամբ սերը փաստորեն սեր է ոչ թե հենց կնոջ, այլ կնոջը կցված պատվի և «իսկական տղամարդու» կարգավիճակի նկատմամբ։
Այս մտածելակերպով՝ ինչ-որ մեկի մորը վիրավորած մարդուն պատժելը տղամարդկային պատվի հետ կապված վնասների կառավարում է։ Իրական, ապրող, շնչող մայրը մնում է անտեսանելի։ Մենք նրան չենք տեսնում, մենք նրան չենք լսում, իր որդու հպարտությունից անդին՝ նա գոյություն չունի։
Փոխաբերությունը պարզ է և պետք է որ աշխատեր Բերայի համար, բայց ի դժբախտություն իրեն, ընդհանրություններ գտնելու փորձը սոսկ ի ցույց է դրել իր աներևակայելի էլիտար կարգավիճակը։
Անցյալում Բերան փորձել է դիրքավորվել որպես շատ սրտաբաց մեկը՝ հիփ-հոփ արտիստ և ընտանիքի հայր, ով ուղղակի ուզում է իր կյանքի բազում ուրախությունները կիսել TikTok-ի իր երկրպագուների հետ։
Այստեղ, իհարկե, անտեսվում է այն փաստը, որ նա նաև երկրի ամենահարուստ և քաղաքականապես ամենաազդեցիկ մարդու որդին է։ Բերան անցյալում ոչ միայն մասնակցել է հոր քաղաքական արշավներին, այլև իր հորը, ով ներկայումս ասում է, թե «թողել է քաղաքականությունը», համեմատել է անցյալի «փառահեղ արքաների» հետ։
Եթե հայրն արքա է, Բերան էլ իրեն երես առած արքայազնի պես է պահում։
Ծառայողներ ուղարկել արքայազնին նեղացրած պատահական երեխաներին պատժելու՞։ Սա մանրախնդրության հենց այն տեսակն է, որ գալիս է միջանադարյան միապետի կամ դրա ժամանակակից ամենամոտ համարժեքի՝ 90-ականների գանգստերի չվիճարկվող իշխանության ու հետադիմական արտոնության հետ։
Հուսալու պատճառնե՞ր
Imedi-ի հետ հարցազրույցի վերջում Բերան խոսել է TikTok-ում իրեն ուղղված համատարած թշնամանքի մասին։ Իր 5 միլիոն հետևորդներով, նա շատ պոպուլյար էր այս հարթակում։
TikTok-ի բացասական արձագանքը միակ բանն է, որում նա չի մեղադրում Վրաստանի քաղաքական ընդդիմությանը, մասնավորապես՝ «Միացյալ ազգային շարժմանը»։ Եվ, ինչպես ես եմ տեսնում, սա, կարծես, բացասական միակ արձագանքն է, որ անկեղծորեն տխրեցնում է նրան։ Հենց հարթակում, սակայն, նա լուռ է մնում՝ գուցե վախենալով, որ էլ ավելի մեծ զայրույթ կհարուցի։
Բերան թերևս չի հասկանում, որ «հեյթերների» առցանց քննադատությունը սոցցանցերի էկոհամակարգի բնական մաս է (‘haters gonna hate’, այլ կերպ ասած) և անբաժան մաս հայտնիների մշակույթի, որին նա այդքան ակտիվորեն ձգտում է՝ թե իր երաժշտական կարիերայով, թե TikTok-ի հոլովակներով։
Հենց «հեյթերներից» ունեցած հեռավորությունը, նախանձի ու հիացմունքի գրեթե գերմարդկային հասցեատերերի անհասանելի կարգավիճակն է հայտնիներին իշխանություն տալիս։ Այո, նրանք կարող են մանրախնդիր լինել և բուլիինգով զբաղվել, բայց դա չի կարող ուղղված լինել հասարակ մարդկանց։ Օրինակ՝ հայտնի ռեփերին կարող ենք տեսնել այլ հայտնի ռեփերի հետ հանրային վեճ ունենալիս, բայց ոչ խանութի վաճառողի վիրավորելիս։
Ի տարբերություն տղամարդու պատվի պահպանման օրենքների, որոնցով կապված են արքաներն ու մաֆիոզները, և որտեղ ամեն վիրավորանքի պետք է հետևի արագ հատուցումը, առցանց հայտնի մարդիկ ոչ միայն պետք է հանդուրժեն հանրության զայրույթը, այլև իրապես կախում ունեն դրանից (ինչպես ասում են՝ «սև փիարը ևս փիար է»)։
Ահա թե ինչպես Բերայի՝ միաժամանակ միապետ և հայտնի մարդ լինելու կարիքը հանգեցրեց առանցքային հակասության։ Որպես քվազիարքայազն ժառանգած իր իշխանությունը բռնության մեջ գործի դնելով՝ նա անշրջելիորեն վնասեց հայտնի մարդու իր թվային իշխանությանը։
Ամեն ինչ միանգամից ունենալ հնարավոր չէ, թերևս։
Բերայի համար էլ ավելի վատ է մոռանալը, որ TikTok-ը շատ ավելի բազմազան է, քան իր պատկերացրած պահպանողականները։ Ժամկետանց մաչիստական լեզուն, որտեղ արժույթը պատիվն ու բռնությունն են, հեշտ չէ տեղափոխել մի բեմ, որտեղ արժույթը «լայքերն» ու «սրտիկներն» են դրա փոխարեն։
Բերային TikTok-ում ուղղված մեկնաբանություններից ակնհայտ է նաև, որ իր հետևորդները կարեկցում են նրա ենթադրյալ դպրոցահասակ զոհերին։ Որքան էլ բռնի կարող է լինել սոցիալական մեդիան, այս դեպքում, ըստ երևույթին, օգտատերերը դատապարտում են թվային բռնությունը, որ կարող է ուղղվել դեպի իրական կյանք, հատկապես ուժային այսպիսի անհավասարակշռության պայմաններում։
Սա նաև ստիպեց ինձ մտածել՝ արդյո՞ք երիտասարդները կուշտ չեն Բերայի առաջարկած փխրուն, թունավոր առնականությունից։ Գուցե կա գենդերը ավելի հավասար պայմաններով վերասահմանելու հույս՝ թեկուզ խորհրդանշական ու թվային տիրույթներում։
Ի վերջո, տղամարդկային բռնությունը մեծամասամբ կարող են վայելել փող ու իշխանություն ունեցող տղամարդիկ, մինչդեռ մնացածի համար դա պարզապես ճնշող համակարգ է, որը կարող է նրանց դարձնել Բերայի պես տղամարդկանց հաջորդ զոհը։
Մայա Նուկրի Տաբիձե
անգլերեն բնագիրը՝ OC Media-ում
Այս թեմայով ավելի մանրամասն՝ Վրաստանի տիրակալի անձնական օգտագործման վարչապետը