Լեո-Պարոնյան խաչմերուկի մոտ տեղի ունեցած վրաերթի գործով ձերբակալված ոստիկանը՝ Արամ Նավասարդյանը, ստորագրությամբ ազատ է արձակվել։ «Հետքի» հետ զրույցում այս մասին ասել է Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Վարույթն իրականացնող մարմինը կալանավորման միջնորդություն չի ներկայացրել:
Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին Ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել28-ամյա հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին․ վերջինս տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Պատահարից հետո շարասյան մեքենաներից ոչ մեկը կանգ չի առել։ Կառավարությունը հաստատել է, որ վրաերթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը եղել է շարասյան մեքենաներից մեկում։ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հայտարարել է՝ վրաերթի պահին վարչապետի ավտոմեքենան եղել է մոտավորապես 100-150 մետր հեռավորության վրա, Փաշինյանը տեղյակ չի եղել, թե ինչ է կատարվել: Պատասխանելով հարցին, թե ինչու վարչապետին ուղեկցող ՃՈ մեքենաներից և ոչ մեկը կանգ չէ առնել՝ կնոջը օգնություն ցուցաբերելու համար, Չախոյանը հայտարարել է՝ «այդ դեպքում կանգ կառներ ամբողջ շարասյունը՝ փակելով փողոցի ամբողջ երթևեկությունը և լրացուցիչ խցանումներ առաջացնելով նաև հարակից փողոցներում, այսպիսով խոչընդոտելով Շտապօգնության մեքենայի մոտենալուն»:
Այս թեմայով՝ Պահանջում եմ հեռացնել ՃՈ աշխատակցին