2006 թվականից ի վեր հունիսի 14-ը Հայաստանում նշվում է որպես Բռնադատվածների հիշատակի օրը։ Այդ օրը՝ 1949 թվականին, մեկ գիշերում հարավային Կովկասից և մերձսևծովյան շրջաններից «Վոլնա» օպերացիայի շրջանակում Սիբիր աքսորվեցին մոտ 19 հազար հայեր։ Այս օրը նվիրված է ոչ միայն նրանց, այլև խորհրդային շրջանի (1920-1991 թթ.) բոլոր բռնադատվածների հիշատակին՝ ներառյալ, իհարկե, Մեծ տեռորի զոհերին։
Բռնադատվածների հուշահամալիրը կլոր տարի փակ է։ Բացվում է, սովորաբար, միայն հունիսի 14-ին։ Հիշատակի միջոցառումները վերջին տարիներին նախաձեռնում է մարդաբան, ազգագրագետ, «Armenia Total(itar)is» նախաձեռնության անդամ Գայանեի Շագոյանը։ Նրա մեկնաբանությունը՝ ստորև․
— Հունիսի 14-ին, 1949 թվականին իրականացվեց «Վոլնա» օպերացիան՝ դեպորտացիայի օպերացիա, որի արդյունքում Կովկասից և մերձսևծովյան շրջաններից դեպի Սիբիր աքսորվեց շուրջ 19 հազար մարդ, հիմնականում՝ հայեր․․․ Թուրքահպատակ, հունահպատակ, բուլղարահպատակ հայերին կամ այլ ազգությունների մարդկանց, որոնք այս տարածքում էին ապրում, նախկին դաշնակցականներին և մարդկանց, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գերի էին ընկել և հայտնվել գերմանական ճամբարներում, ըստ էության, մեղադրում էին համագործակցության մեջ՝ որպես «կոլաբորացիոնիստների»։
Կարելի է ասել՝ տարբեր սոցիալական կետերով ընտրված, բայց հիմնականում հայեր դեպորտացվեցին դեպի Սիբիր։ Հենց այն պատճառով, որ նրանք դեպորտացվում էին ոչ թե հայ լինելու համար, ինչպես, օրինակ, տեղի ունեցավ չեչենների դեպքում, կալմիկների դեպքում և այլն, այս աքսորը չի համարվում ազգային դեպորտացիա, բայց ըստ էության ինքը այդպիսին է։ Դրա արդյունքում որոշ շրջաններ ուղղակի հայաթափվեցին, Հայաստանից էլ զգալի ազգային զանգված․․․ Այն ժամանակ Հայաստանը միլիոնից մի քիչ ավել բնակչություն ունեցող մի երկիր էր, և միայն Հայաստանից մոտ 13 հազար մարդ աքսորվեց այդ մեկ գիշերում։ Եվ դա էական, զգալի կորուստ էր։
Հենց այդ պատճառով հունիսի 14-ը՝ որպես զանգվածային աքսորի օր, ընտրվեց Հայաստանում Բռնադատվածների հիշատակի օր։ Բայց դա չի նշանակում, որ այս օր վերաբերում է միայն 1949 թվականի աքսորի զոհերին։ Այս օրը վերաբերում է խորհրդային շրջանում բոլոր բռնադատվածներին։ Եվ այս օրը այն օրն է, երբ առիթ է ստեղծվում բարձրաձայնելու ոչ միայն այս մարդկանց իրավունքների մասին, այլև ամբողջատիրական ռեժիմի, բռնատիրական կարգերի հաստատման հնարավորության, վտանգի դեմ և փորձել ուժերի չափով ամեն ինչ անել, որ այլևս երբեք-ը լինի կամ չլինի այլևս երբեք․․․
1994 թվականին մեզ մոտ ընդունվեց Բռնադատվածների հետ կապված օրենք։ Այդ օրենքով մարդիկ հնարավորություն ունեին արխիվներից տեղեկություն ստանալ, ստանալ նաև իրենց բռնադատված լինելու կամ բռնադատվածի ժառանգ ճանաչվելու իրավունքը՝ վկայականներ, ստացան նաև որոշակի արտոնություններ․․․ 90-ականները մեր երկրի համար տնտեսապես ամենածանր տարիներն էին, երբ բյուջեի հնարավորություններն այնքան էին, որ որոշ մարդիկ ամիսներով աշխատավարձ անգամ չէին ստանում։ Այդ փոքր վճարումները, որ այս մարդկանց այդ ժամանակ տրվել էին, ունեին ավելի շատ խորհրդանշական իմաստ, քան ըստ էության լուծում էին սոցիալական խնդիրը։ Բայց դա, իմ կարծիքով, ավելի կարևոր դեր խաղաց՝ ուշադրությունը այս խմբին կամ այս խնդրին սևեռելու առումով․․․
Սկզբից Կասկադում մի հատ քար էր դրված՝ ի հիշատակ բռնադատվածների։ Եվ իրենք այնտեղ էին գնում։ Հետո Ջիմ Թորոսյանը, որը մոնումենտի ճարտարապետն է և ինքն էլ բռնադատվածի զավակ է, և դա անձամբ նաև իր ընտանիքի պատմությունն է, նախաձեռնեց այս հուշարձանի կառուցումը։
Հուշարձանը սկսեցին կառուցել 2007 թվականին, երբ որ պաշտոնապես օրենքն էլ ընդունվեց։ Բացումը եղավ 2008 թվականի դեկտեմբերին։ Եվ դա էլ էր շատ խորհրդանշանական։ 2008 թվականը միակ տարին էր, երբ նախագահի մակարդակով իշխանավորները հայտնվեցին այս տարածքում։ Բացումը արեցին, Սերժ Սարգսյանն էր։ 2008 թիվը մենք ավելի շատ հիշում ենք Մարտի 1-ի իրադարձություններով։ Եվ բռնատիրոջ այդ կերպարն էլ կոտրելու համար սա հարմար առիթ էր։ Դեկտեմբերի 3-ին հուշարձանի բացումը տեղի ունեցավ։ Բացի Սերժ Սարգսյանից, մասնակցում էր նաև գրեթե ողջ կառավարությունը, խորհրդարանի բազմաթիվ անդամներ և այլն։ Եվ դա առաջին ու վերջին դեպքն էր, երբ իշխանավորները հիշեցին այս հուշարձանի մասին։
Դրանից հետո հուշարձանը վերստին մնաց միայն այն ընտանիքների հոգածության տարածքը, որոնց անմիջապես այս իրադարձությունները կպել էին, առնչվել էին․․․
Ավելի ուշ միացանք նաև մենք[«Հազարաշեն ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն»]՝ 2012-2013 թվականներին։ Հրանուշ Խառատյանի նախաձեռնությամբ․․․ ինքը մշակեց ծրագիր, որ կարողանանք Ազգային արխիվի հետ համատեղ ստեղծել Հայաստանի բռնադատվածների գոնե թվային շտեմարան․․․ Մի քանի տարիների ընթացքում ստեղծվեց թվային շտեմարան, որտեղ Ազգային արխիվում պահվող նյութերից կարողացանք 45 հազար մարդու տվյալ ներառել։
Շատերիս համար բացահայտում էր, որ քանակը գնդակահարվածների Հայաստանում շատ ավելի քիչ է, քան պատկերացնում էինք։ Գոնե պահպանվող արխիվների համաձայն դա շուրջ 5 հազար է՝ խորհրդային շրջանի ամբողջ ընթացքում։
Համեմատության համար՝ Վրաստանում Մեծ տեռորի տարիներին, ընդամենը 2 տարվա ընթացքում, այդ թիվը շուրջ 20 հազար էր կազմում։ Իհարկե, այնտեղ միայն վրացիներ չէին, պետք է դա հասկանալ։ Հայերի մի զգալի մաս նույնպես այնտեղ թիվ են կազմում։ Եվ ոչ միայն հայերի, բոլո՛ր ազգությունների․․․ Վրաստանը շատ ավելի բազմազգ է։ Նույնիսկ մի առանձին ուսումնասիրություն է արվել, այնտեղ նայում էին, թե ինչպիսի տոկոսային հարաբերակցություն կար Վրաստանում բռնադատվածների՝ կախված իրենց էթնիկական պատկանելիությունից։ Ամեն հանրապետություն նաև իր էթնիկական քաղաքականության մեջ այդ «գործիքը» օգտագործում էր՝ որոշ շրջաններ մոնոէթնիկ դարձնելու, որոշ դեպքերում ճնշելու կամ, հակառակը, ստեղծելու/վերստեղծելու ինչ-որ էթնիկ համամասնություններ։ Սա առանձին ուսումնասիրելու մի հարց է։
Հայաստանում շատ չենք սիրում խոսել, բայց մենք ունենք նաև 30-ականներին քրդերի որոշակի զանգվածի աքսոր՝ հայերի հետ միասին, բայց միտումնավոր քրդական խմբերի աքսոր։ Նույնիսկ ունենք Սիբիրից տեղեկանք, թե հայերին և քրդերին, որոնց միասին 30-ականներին աքսորել էին, տեղի իշխանությունները դժվարանում էին որևէ կերպ կարգավորելու։
Մի խոսքով՝ էս էլ մի ուրիշ ընթացք է․ մենք շատ քիչ ենք խոսում քուրդ և եզդի բնակչության բռնաճնշումների մասին, որոնք նույնպես եղել են, ինչպես և եղել են հայերինը․․․ Այն խմբերին, որոնց խորհրդային ամբողջատիրական իշխանությունը դիտարկում էր ինչ-որ իր պատկերացրած, հիմանականում մտացածին պատճառներով ոչ վստահելի, տեղափոխում էին ավելի քիչ բնակեցված երկրի խորքերը՝ տարածքները, որոնք հնարավորինս սահմաններից հեռու են։ Եվ այդ ներուժը, իհարկե, օգտագործվում էր աշխատանքի համար։ Պատահական չէ, որ աքսորի ծրագրերը հիմնականում իրականացնում էր Գյուղատնտեսության նախարարությունը․ այդ մարդիկ դիտարկվում էին նախևառաջ որպես ձրի կամ էժան աշխատուժ․․․