հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանտ / Սերժ Սարգսյանի ինքնաթիռը չպայթեցրած «խմբի» անդամները հաղթեցին Եվրադատարանում

Սերժ Սարգսյանի ինքնաթիռը չպայթեցրած «խմբի» անդամները հաղթեցին Եվրադատարանում

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությունը 6 հազարական եվրո փոխհատուցում վճարել «Նորքի հանցավոր խմբի» գործով գլխավոր ամբաստանյալ Արթուր Վարդանյանին, մեղադրյալներ Սերգեյ Մխիթարյանին և Հարություն Սարիբեկյանին։ 

Ըստ մեղադրանքի՝ դեռևս 2015 թվականին Վարդանյանը 20 հոգուց բաղկացած զինված խումբ էր ձևավորել, որը ծրագրում էր թռիչքի պահին խոցել Հայաստանի նախագահի օդանավը, հարձակվել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության և Հանրային հեռուստաընկերության շենքերի վրա։ 2015 թվականին Վարդանյանը՝ «խմբի» 9 «անդամների» հետ միասին ձերբակալվել էր։

Գործով 3 մեղադրյալներին տևական ժամանակ կալանքի տակ պահելը ՄԻԵԴ-ը համարել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում։ Խախտված իրավունքների համար սահմանվել ընդհանուր 19 հազար եվրոյի փոխհատուցում (18 հազարը՝ ոչ նյութական վնասի և 1 500 եվրո՝ դիմումի ծախսերի համար)։

Նախաքննության ընթացքում երկու ամիսը մեկ քննիչը երկարացրել է 3 մեղադրյալների կալանքը՝ պատճառաբանելով, որ վերջիններս կարող են խոչընդոտել նախաքննությանը։ 

Արթուր Վարդանյանն ու ընկերները կալանքի տակ են մնացել նաև դատաքննության ընթացքում․ մեղադրող կողմը սա արդարացնում էր նրանով, որ մեղադրյալները կարող են թաքնվել։ 

Մոտ 2 տարի 8 ամիս վերջիններս մնացել են առանց տեսակցության ու զանգելու հնարավորության։ Արտաքին աշխարհի հետ կապի հնարավորություն են ստացել միայն 2018թ․-ից հետո։ 

2019թ․-ի սեպտեմբերի 13-ին գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանը ազատ է արձակվել՝ 1 միլիոն դրամ գրավի դիմաց։

2015թ․-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարել էր, որ «կազմակերպված հանցավոր խմբակցություն» է բացահայտել, որի ղեկավարն է 34-ամյա Արթուր Վարդանյանը։ Ըստ ԱԱԾ-ի, Նորք-Մարաշում գտնվող նրա առանձնատանը հայտնաբերվել է տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր, նռնակներ, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք: 

Ընդհանուր առմամբ, գործով մեղադրանք է առաջադրվել 33 հոգու, այդ թվում՝ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին։ 

Վարդանյանը ավեի ուշ ընդունել է, որ հայտնաբերված զինամթերքը իրեն է պատկանում, սակայն պնդել է՝ իշխանությունը զավթելու նպատակ չի ունեցել, այլ մտադիր է եղել ձեռք բերած զինամթերը տանել Ղարաբաղ, քանի որ տեղեկություններ է ունեցել սահմանին ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ։