Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում 154 մարդ է զոհվել Իթհեվոն թաղամասում առաջացած հրմշտոցի ժամանակ, ևս 82-ը՝ վիրավորվել են։
Հրմշտոցն առաջացել է, երբ հոկտեմբերի 29-ին շուրջ 100 հազար մարդ փորձել է թաղամասի նեղ փողոցը մտնել՝ պանդեմիայից հետո առաջին անգամ առանց Քովիդ-19 սահմանափակումների և դիմակների Հելոուին տոնելու համար։
#BREAKING: Footage shows the very moment when people were being crushed by the weight of other people in Itaweon, South Korea in connection to a Halloween party. #Itaewon #이태원 #이태원사고 #압사사고 #SouthKorea #Seoul #HalloweenEnds #Halloween pic.twitter.com/3qcG2S9xR2
— Asia News (@asianewsteam) October 29, 2022
Զոհերի մեծ մասը անչափահասներ ու երիտասարդներ են, հայտնել է տեղի հիշեջ ծառայության ներկայացուցիչը։ Տուժածների մեծ թիվը փրկարարները բացատրում են նրանով, որ շատերին ուղղակի ոտքի տակ են գցել։
Մահացածներից 98-ը կանայք են, քանի որ նրանք ավելի փոքրամարմին են և ավելի դժվարությամբ էին կարողանում հրմշտոցի մեջ առաջ շարժվել՝ շնչելու կամ ամբոխից ազատվելու համար։ Զոհերից առնվազն 19-ը օտարերկրացիներ են։
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը համազգային սուգ է հայտարարել երկրում։ Նա կարգադրել է օպերատիվ խումբ ստեղծել վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար։
Մեկ այլ դժբախտ պատահար է տեղի ունեցել հոկտեմբերի 30-ին՝ Հնդկաստանի հարավային Գուջարաթ նահանգում, որտեղ 141 մարդ մահացել է Մաչխու գետի վրայով անցնող կամուրջի փլուզման հետևանքով։ Այս թիվը վերջնական չէ, քանի որ շատերը դեռևս անհետ կորած են համարվում։ Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացվում։
Տեղի ոստիկանության հաշվարկներով՝ այս պահի ավելի քան 170 մարդու հաջողվել է փրկել, 15-ը գտնվում են հիվանդանոցում։ Մահացածներից շատերը երեխաներ են, որոնք արձակուրդներին ծնողների հետ գնացել էին Դիվալի հինդուիստական տոնը նշելու։
Փլուզված կամուրջի բացումը ընդամենը մի քանի օր առաջ էր տեղի ունեցել, մինչ այդ շուրջ կես տարի այնտեղ վերանորոգման աշխատանքներ էին անցկացվում։ 230 մետրանոց կախովի կամուրջը հայտնի տուրիստական տեսարժան վայր էր։ Այն կառուցվել է 19-րդ դարում՝ Բրիտանական կայսրության կողմից։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ դեպքի ժամանակ կամուրջի վրա և դրա շուրջ հավաքվել էին մոտ 500 մարդ, ովքեր Դիվալի էին տոնում։ Արդյունքում կամուրջը պահող պարանները չեն դիմացել ծանրությանը և պոկվել են, իսկ մարդիկ՝ իրար վրա թափվել գետը։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ բոլոր տուժածներին, ինչպես նաև զոհվածների հարազատներին դրամական փոխհատուցում կտրամադրվի։