Եզրութաբանության հարց և ավելին. միջանցքներ ու տարանցիկ ուղիներ
Ժիրայր Լիպարիտյան
2023 թվականի հունվարի 19-ին հեղինակը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի (RFE/RL) ադրբեջանալեզու ծառայությանը, որը կենտրոնանում էր ստորև (այն ժամանակ դեռ չհրապարակված) հոդվածում ներկայացված փաստարկի վրա։ Ակնկալվում էր, որ 18-20 րոպեանոց հարցազրույցը կթողարկվի առանց խմբագրումների, որոնք կարող են փոխել դրա իմաստը: Այդ ծառայությունը, սակայն, իր լրատվական ծրագրի շրջանակներում օգտագործել է հարցազրույցից երկու րոպեանոց մի հատված և անտեսել Նախիջևանի միջանցքին առնչվող առավել առարկայական մասերը։ Հոդվածի՝ Mirror-Spectator կայքում հրապարակվելուց հետո RFE/RL-ը հեղինակին տեղեկացրել է, որ հարցազրույցի ամբողջական սղագրությունը կտեղադրվի RFE/RL-ի ադրբեջանական ծառայության էլեկտրոնային կայքում։
Ադրբեջանի ու Հայաստանի միջև ամենափշոտ խնդիրներից մեկը, եթե ոչ ամենափշոտը, այսպես կոչված «միջանցքի» պահանջն է Ադրբեջանի կողմից, որն իր հարավարևմտյան շրջանները կկապեր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության` Հայաստանի տարածքով անջատված էքսկլավի հետ։ Այդ միջանցքը անցնելու էր Հայաստանի հարավային Մեղրիի շրջանով։
Միջանցքի տեխնիկական բնութագրերը փոխվել են․ Բաքուն, ըստ երևույթին, կարող է պահանջել ամբողջական կամ գրեթե լիակատար վերահսկողություն այն տարածքների նկատմամբ, որոնցով կազմվելու է անցուղին՝ ի հաշիվ Հայաստանի ինքնիշխանության:
44-օրյա պատերազմի ավարտն ազդարարած՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով սահմանվում է հետևյալը․ «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությունը»։
«Անխոչընդոտ տեղաշարժ» ձևակերպումը հստակեցնում է այս տրանսպորտային հաղորդակցությունների երկու հիմնական բնութագրերը.
1․ Հաղորդակցությունների անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է․ դա այդպես է, քանի որ այն տարածքները, որոնցով անցնելու են հաղորդակցությունները, գտնվում են Հայաստանում՝ հայկական ինքնիշխանության ներքո։ Այնուամենայնիվ, Ռուսաստանն այստեղ որոշակի հսկողական պատասխանատվություն է կրելու, և
2․ Այդ հաղորդակցությունների համար որոշակի ռեժիմ է սահմանվելու, որը կդյուրացնի տեղաշարժը։
3․ Այս դրույթը վերաբերում է ավելի քան մեկ հաղորդակցության, չնայած տարաձայնությունները հաճախ ներկայացվում են որպես մեկ հաղորդակցությանը կամ միջանցքին առնչվող:
Առաջին դիտարկումն այստեղ այն է, որ նման տրանսպորտային հաղորդակցությունների համար «միջանցք» եզրույթի գործածումը տեղին չէ, ավելին՝ այն վնասակար է։ Եթե Զինադադարի հայտարարությունը ստորագրողները ցանկանային, որ հաղորդակցությունները «միջանցքներ» լինեն, նրանք հայտարարության մեջ կօգտագործեին հենց այդ եզրույթը, ինչն առանց վարանելու արել են՝ Հայաստան-Ղարաբաղ կապը բնութագրելու համար։ Տրանսպորտային հաղորդակցությունները, ինչպես գրված է հայտարարությունում, կամ տրանսպորտային ուղիները պակաս չարագուշակ տերմիններ են, որ նպաստում են հարցի շուրջ քննարկումներին կամ բանակցություններին:
Նախիջևանի հաղորդակցություն(ներ)ի համար «միջանցք» եզրույթն օգտագործելով՝ Բաքուն, հաճախ՝ նաև Անկարան, հավակնում կամ ձգտում են համարժեքություն ստեղծել Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի դժվարին կացությունների միջև:
Սա կեղծ համարժեքություն է։ Ղարաբաղը և Նախիջևանը ունեն տարբեր կարիքներ, ապրում են տարբեր իրականություններում և չեն բախվում միևնույն սպառնալիքներին ու վտանգներին։
1․ Նախիջևանը երբևէ շրջափակման չի ենթարկվել Հայաստանի կողմից, ինչպես Լեռնային Ղարաբաղը՝ ավելի քան մեկ անգամ, շրջափակվել է Ադրբեջանի կողմից։ Ղարաբաղը շրջափակված է եղել դեռևս առաջին պատերազմից առաջ՝ 1991 թվականին։ Առնվազն առաջին պատերազմի սկզբնական փուլերում, երբ Հայաստանը փորձում էր համոզել Բաքվին դադարեցնել ընդդեմ Ղարաբաղի ռազմական ագրեսիան, և դա դեռ հնարավոր էր, Հայաստանն առաջարկեց Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհները բաց պահել։ Բաքուն էր, որ հրաժարվեց ընդունել այդ առաջարկը։
2․ Հայաստանը երբևէ չի սպառնացել ռմբակոծել ու փաստացի չի ռմբակոծել Նախիջևանի բնակչությանը կամ ենթակառուցվածքները՝ ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վարվեցողությանը, որն իր օդուժն ու հրետանին օգտագործում էր Ղարաբաղի գյուղերն ու քաղաքները գնդակոծելու համար։ Հակամարտության սկզբում սահմանային փոխհրաձգություններ են եղել, բայց երկու պատերազմների ընթացքում էլ Նախիջևանի սահմանը հանգիստ էր:
3․ Նախիջևանը չի էլ կարող շրջափակվել Հայաստանի կողմից, ինչպես Ղարաբաղը՝ առաջ և այժմ, շրջափակվել է Ադրբեջանի կողմից։ Նախիջևանը սահմանակցում է Թուրքիային և Իրանին, ինչը ելք/մուտք է ապահովում Ադրբեջանին հարևան այս երկու երկրներ և հնարավորություն տալիս Հայաստանի կողմից որևէ գործողության պարագայում խուսափել հումանիտար ճգնաժամից։ Այս սահմաններն օգտագործվել են տասնամյակներ շարունակ։ Փաստացի, երկու սահմաններն էլ չափազանց ակտիվ են։ Հայաստանը շրջանցող երթուղիները զարգացնելու համար Բաքուն անցյալ տարի համաձայնագիր է ստորագրել Իրանի հետ։ Ղարաբաղը անկլավ է՝ շրջապատված ադրբեջանական հողերով։ Ղարաբաղն այլ ելք չունի՝ Լաչինի միջանցքից բացի։
4․ Եվ վերջապես՝ Նախիջևանը իրավական կարգավիճակ ունի Ադրբեջանի կազմում՝ որպես ինքնավար հանրապետություն․ կարգավիճակ, որն ամրագրված է բազմաթիվ պայմանագրերով, այդ թվում 1921 թվականի Կարսի պայմանագրով։ Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել անգամ խորհրդային ժամանակաշրջանի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը` իբրև ինքնավար մարզ։
Ադրբեջանի պահանջը՝ սահմանել արագացված տրանսպորտային ռեժիմ, հասկանալի է։ Դրան կարելի էր հասնել տարբեր մեխանիզմներով, Երևանը, կարծես, նման բանաձև առաջարկել է, կարող են լինել նաև այլ առաջարկներ: Բայց Ադրբեջանի համար խելամիտ չէ ավելին պահանջելը, օրինակ՝ ինքնիշխանություն միջանցքի նկատմամբ, երբ խնդիրը հնարավոր է լուծվել առանց պահանջների, որոնք Հայաստանը կամ որևէ այլ ինքնիշխան երկիր չի կարող զիջել։ Առավել ևս, որ նման զիջումը հիմնավորված չէ ոչ անհրաժեշտությամբ, ոչ էլ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության եզրութաբանությամբ։
Հարկավոր է հաշվի առնել նաև այն փաստը, որ Լաչինի միջանցքը, որը Բաքուն ցանկանում է պատճենել Նախիջևանի համար, մնում է Ադրբեջանի ինքնիշխանության ներքո․ ռուսական ներկայությունն այստեղ խնդրահարույց է երկու առումով՝ ա) ռուս խաղաղապահները չունեն հստակ մանդատ՝ նույնիսկ հեռացնելու համար ցուցարարներին, որոնք խոչընդոտում են իրենց աշխատանքը՝ ապահովել Ղարաբաղի և Հայաստանի միջև գործող տրանսպորտային հաղորդակցությունը, և (բ) համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության՝ Բաքուն կարող է պահանջել, որ ռուսական ուժերը լքեն Ադրբեջանի տարածքը՝ առանց տրանսպորտային անվտանգության այլընտրանքային երաշխիքներ առաջարկելու, բացառությամբ այն երաշխիքները, որ Բաքուն ինքը կարող է առաջարկել։
Անցյած դեկտեմբերից Ադրբեջանը փակել է Լաչինի ճանապարհը՝ Ղարաբաղի միակ կապը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ, և հումանիտար ճգնաժամ ստեղծել անկլավում։ Հնարավոր չէ լուրջ ընդունել Բաքվի բացատրությունը, թե ճանապարհն արգելափակողները բնապահպանության նկատմամբ զգայուն Ադրբեջանի քաղաքացիներ են, որոնք մտահոգված են Ղարաբաղի հանքարդյունաբերական խնդիրներով։ Արդեն տևական ժամանակ է՝ երկրում, որի տնտեսությունը կախված է ածխաջրածնային պաշարների շահագործումից, հանրային դեմոնստրացիաներն արգելված են։ Ակնհայտորեն, Ղարաբաղի շրջափակումն Ադրբեջանն օգտագործում է որպես Ղարաբաղի հայերի վրա ճնշում գործադրելու ձև, նաև որպես մարտավարություն՝ Հայաստանի դեմ, այդ թվում՝ Նախիջևանի տրանսպորտային երթուղու շուրջ բանակցություններում։ Այսկերպ Բաքուն ապացուցում է նաև այս հոդվածի ասելիքը՝ չկա համեմատություն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքականությունների և չկա համարժեքություն Ղարաբաղի ժողովրդին ու Նախիջևանի ժողովրդին ուղղված սպառնալիքների միջև:
Խնդիրները լուծելու համար երբեմն օգտակար է պարզեցնել համապարփակ, վատ սահմանված, չարագուշակ բառերը, որոնք ենթակա են ինտերպրետացիաների և երբեմն օժտված են առեղծվածային ուժով, ինչպիսին է «միջանցք» բառը: Նախիջևանի տրանսպորտային ուղու խնդրին մոտենալու համար կարելի է պարզ հարց տալ՝ ի՞նչ խնդիր պետք է լուծի այդ տրանսպորտային ուղին։ Պատասխանը բաղկացած է երկու մասից.
Նախ՝ հեշտացնել Ադրբեջանի քաղաքացիների տեղաշարժն իրենց երկրի մի մասից մյուսը։ Երկրորդը՝ օգտագործել հայկական երթուղիները միջազգային առևտրի և ճանապարհորդության համար։ Երկու երկրների միջև նման հարցեր առաջին անգամ չեն ծագում։ Այդ հարցերից և ո՛չ մեկը չի պահանջում Հայաստանից զիջել իր տարածքի որևէ հատվածի նկատմամբ սուվերենությունը: Դրանց համար համաշխարհային փորձն առաջարկում է ընդհանուր և ապացուցված լուծումներ, որոնք որևէ երկրի առաջ ինքնիշխանությունը զիջելու պահանջ չեն դնում:
Տարանցիկ երթուղու(իների) խնդրի լուծման ճանապարհին կան նաև լրացուցիչ հարցեր։ Նախ, Նախիջևանի միջանցքի մասին խոսելիս՝ Բաքուն կարող է ունենալ մեկ կամ մի քանի լրացուցիչ ռազմավարական նպատակներ՝ սահմանված երկու կարիքներից՝ Ադրբեջանի քաղաքացիների արագ տեղաշարժից և միջազգային առևտրի ու ճանապարհորդությունների խթանումից, անդին: Այդ նպատակների վերաբերյալ կարելի է ենթադրություններ ունենալ, բայց դրանք հաստատված չեն։ Բաքուն հաշվի չի նստել ողջախոհության հետ, չի շարժվել միջազգային փորձի առաջարկած լուծումներով, մերժել է նաև Երևանի առաջարկած առնվազն մեկ հնարավոր բանաձևը, որը, հավանաբար, կարելի էր բարելավել։ Կարող ենք ենթադրել, որ Բաքուն փորձում է լուծել մի խնդիր, որը ոչ արտիկուլացված է, ոչ էլ խելամիտ։ Դա համահունչ չէ Բաքվի հռչակած նպատակի՝ տարածաշրջանում խաղաղ, բարիդրացիական և համագործակցության վրա հիմնված ապագա տեսնելու հետ: Երկրորդը՝ այնքան էլ ակնհայտ չէ, որ Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային երթուղիներին առնչվող կետը, և եթե դա այդպես է, ապա այդ չկամությունը հակասում է կայունության և անվտանգության հասնելու նպատակներին, որոնց կարիքը Հայաստանը իրոք ունի։
հոդվածի անգլերեն բնագիրը հրապարակվել է Բոստոնի The Armenian Mirror-Spectator շաբաթերթում՝ «Տերմինաբանության հարցը և ավելին․ միջանցքներ ու տարանցիկ ուղիներ» վերնագրով