Ուզբեկստանի դատարանը տարբեր ժամկետներով դատապարտել է 22 անձանց՝ այդ թվում մեկ լրագրողի, նախորդ տարի Կարակալպակստանի ինքնավար հանրապետությունում անկարգությունների վերածված բողոքի ցույցերին մասնակցելու համար, որոնց հետևանքով 21 մարդ էր զոհվել։
2022-ի հուլիսին Կարակալպակստանի ինքնավար հանրապետությունում տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս էին եկել փողոց երբ Ուզբեկստանի իշխանությունները սահմանադրական փոփոխություններ էին առաջադրել, որոնց դրույթները թուլացնում էին Կարակալպակստանի ինքնիշխանությունը և զրկում Ուզբեկստանի կազմից դուրս գալու իրավունքից։ Ցուցարարների հիմնական պահանջը բավարարվել էր․ նախագահը հայտարարել էր, որ ինքնավար հանրապետության վերաբերող դրույթները սահմանադրական փոփոխությունների փաթեթից կհանվեն։
Ցույցերին մասնակցող 22 անձանց դատարանը մեղավոր է ճանաչել մի շարք հոդվածներով, այդ թվում՝ խուլիգանության և սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգությունների։
Հիմնական մեղադրյալը իրավաբան Նուկուսե Դաուլեթմուրաթ Թաջիմուրաթովը, որը, ըստ մեղադրող կողմի, առաջնորդել է անկարգությունները և դատապարտվել 16 տարվա ազատազրկման։ Թաջիմուրաթովը միակն է, ով չի ընդունել իրեն առաջադրված մի շարք մեղադրանքներ, ինչպես օրինակ այն, որ նա ցույցերին մասնակցելու համար վճարել է մարդկանց։
Մեկ այլ մեղադրյալ՝ լրագրող Լոլագուլ Քալիխանովային երեք տարվա պայմանական ազատազրկման են դատապարտել, որից հետո նա բաց է թողնվել դատարանի դահլիճից։
Ուզբեկստանի հարցերով փորձագետ և իրավապաշտպան Սթիվ Սվերդլոուն իր թվիթերյան էջում գրել է, որ չնայած տասնյակ ցուցարարներ դատապարտվել են երկար ժամկետներով, երկրի իշխանությունները, ըստ ամենայնի, չեն պատրաստվում 21 մահերի համար մեղադրանք առաջադրել որևէ իրավապահի։
Բուխարա քաղաքում տեղի ունեցող դատավարությունը սկսվել է նոյեմբերի 28-ին։ Նիստերի մեծ մասը ուղիղ հեռաձարկվում էին։
Դատական պրոցեսի սկզբից ի վեր բոլոր մեղադրյալները, բացի Թաջիմուրաթովից, ընդունել են իրենց մեղքը և ներողություն խնդրել պետությունից, խորհրդարանից ու նախագահից։ Վերջինս հարյուրավոր մարդկանց ձերբակալության պատճառ դարձած բողոքի ցույցերի բռնկման մեջ մեղադրել է «օտարերկրյա ուժերին»։
Նոյեմբերի սկզբին, բողոքի ցույցերի տասնյակ տեսանյութեր և լուսանկարներ ստուգելուց հետո, Human Rights Watch-ը գրել էր, որ Ուզբեկստանի իշխանությունները անհիմն կիրառել են մահաբեր ուժ՝ մեծամասամբ խաղաղ ցուցարարներին ցրելու համար։
Կարակալպակստանի բնակչությունը մոտ 1․8 միլիոն է, ավելի քան կես միլիոնը՝ կարակալպակներ։ Լեզուն թյուրքական լեզուների խմբին է պատկանում, մոտ է ղազախերենին։ Ինքնավար հանրապետությունն ունի սեփական խորհրդարանը, նախարարների խորհուրդը, դրոշը և հիմնը։
Կարակալպակյան ինքնավար մարզը ձևավորվել է 1924 թվականին, մինչև 1930-ը եղել է Ղազախական ԽՍՀ-ի կազմում։ Հետագայում ենթարկվել է Ռուսական ԽՍՀ-ին։ 1936 թվականին Կարակալպակստանը ներառվել է Ուզբեկական ԽՍՀ-ի կազմում։
Սովետական միության փլուզումից հետո՝ 1992 թվականին, ձևավորվել է Կարակալպակստանի Հանրապետությունը։ 1993 թվականին կնքված միջպետական պայմանագրով Կարակալպակստանի Հանրապետությունը 20 տարով մտել է Ուզբեկստանի կազմ։ Ինքնավար հանրապետության՝ հանրաքվեով անկախություն հռչակելու և Ուզբեկստանի կազմից դուրս գալու իրավունքը ամրագրված է այս նույն պայմանագրով։