Home / Համայնքներ / Հերթական ներգաղթյալներն են զոհվել Միջերկրական ծովի մահաբեր անցուղում

Հերթական ներգաղթյալներն են զոհվել Միջերկրական ծովի մահաբեր անցուղում

Փետրվարի 14-ին Լիբիայի ափերի մոտ ներգաղթյալներով նավ է խորտակվել․ փրկվել հաջողվել է ընդամենը յոթ հոգու, որոնք այժմ գտնվում են հիվանդանոցում՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Մյուս՝ առնվազն 73 միգրանտները, համարվում են անհետ կորած կամ ենթադրաբար զոհված՝ գրում է ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (IOM)։

Լիբիայի «Կարմիր մահիկի» փրկարարական ուժերը և ոստիկանությունը աշխատում են դեպքի վայրում․ նրանց դեռևս հաջողվել է հայտնաբերել 11 ներգաղթյալների դիեր։ Վերջիններս ուղևորվում էին Եվրոպա՝ Միջերկրական ծովի երթուղով, որը IOM-ն անվանել է ներգաղթյալների համար ամենամահաբեր ծովային անցուղին։

Միայն այս տարի ավելի քան 130 մարդ է զոհվել Միջերկրական ծովով ճանապարհորդելու ժամանակ։ Կազմակերպության «Անհետ կորած ներգաղթյալների նախագծի» տվյալներով՝ 2014 թվականից ի վեր Միջերկրական ծովում անհետացել է ավելի քան 25 հազար միգրանտ և փախստական:

Լիբիան վաղուց է տարանցիկ ուղի դարձել Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից փախստականների ու ապաստան հայցողների համար, ովքեր փորձում են հասնել Եվրոպա:


Նկարը՝ Refugees Internation կայքից

Իտալիայի և Լիբիայի միջև 2017 թվականին կնքված վիճահարույց միգրացիոն համաձայնագիրը ինքնաբերաբար երկարացվել է այս ամսվա սկզբին՝ երեք տարի ժամկետով։ Պայմանագրով Իտալիան Լիբիայի իշխանություններին տրամադրում է ֆինանսական և տեխնիկական աջակցություն՝ «ապօրինի ներգաղթի դեմ» պայքարելու համար։ 

Human Rights Watch-ը (HRW) նախազգուշացրել է․ «Լիբիայի առափնյա պահակախմբին օգնելը, իմանալով, որ դա կհեշտացնի հազարավոր մարդկանց վերադարձը մարդու իրավունքների լուրջ խախտումների, Իտալիային և Եվրամիությանը մեղսակից է դարձնում նման հանցագործություններին»:

Չնայած բուռն քննադատություններին՝ առափնյա «պահապանները» մինչ այժմ շարունակում են իրենց աշխատանքը։ Հենց նրանց պատճառով է, որ նավերը հիմնականում ծով են դուրս գալիս գիշերը՝ չնկատվելու նպատակով, և հիմնականում գերբեռնված են։

Հունվարի 29-ից ի վեր, ըստ IOM-ի, առնվազն 531 միգրանտներ և փախստականներ ձերբակալվել են այսպես կոչված Լիբիայի առափնյա պահպանության կողմից և վերադարձվել պատերազմից տուժած հյուսիսաֆրիկյան երկիր:

Ըստ ՄԱԿ-ի Անկախ Փաստահավաք առաքելության 2022 թվականի զեկույցի՝ Լիբիայի միգրանտները և փախստականները ենթարկվել են «սպանությունների, բռնի անհետացման, խոշտանգումների, ստրկության, սեռական բռնության, բռնաբարության և այլ անմարդկային ակտերի… իրենց կամայական կալանավորման հետ կապված»: