Մարտի 5-ին Բանգլադեշում լայնածավալ հրդեհ է բռնկվել աշխարհի ամենամեծ ռոհինջա փախստականների ճամբարում․ զոհերի մասին հաղորդումներ չկան, սակայն ավելի քան 2 հազար ապաստարաններ ոչնչացել են, և շուրջ 12 հազար մարդ մնացել է անտուն։
Հրդեհը արագորեն տարածվել է բամբուկից և բրեզենտից կառուցված ապաստարանների խոհանոցների գազի բալոններով․ մոտ երեք ժամում այն հաջողվել է մարել։
Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։ Դիվերսիա կազմակերպելու կասկածանքով այս պահի դրությամբ մի տղամարդ է ձերբակալվել, գրում են տեղի լրատվամիջոցները։
Հրդեհի հետևանքով փախստականների ճամբարի առնվազն 35 մզկիթ և 21 ուսումնական կենտրոններ ոչնչացել են, տուժել են մի շարք ջրի մատակարարման կենտրոններ և հիվանդանոցներ, հաղորդել է Կարմիր խաչի և կարմիր մահիկի կազմակերպության ներկայացուցիչը։
Միջադեպի պատճառով դրսում մնացած մարդկանց դժվար կլինի տեղավորել արդեն իսկ գերնբնակեցված ճամբարում, նշում է Refugees International-ը։ Ըստ կազմակերպության՝ ապաստարանները միշտ էլ խոցելի են եղել հրդեհների նկատմամբ և տեղի ունեցածը խրոնիկական իրավիճակի սրացում է։
2021-ի հունվարից 2022-ի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ռոհինջաների ճամբարում գրանցվել են 222 հրդեհներ, այդ թվում՝ 60 դիտավորյալ հրկիզման դեպքեր՝ նախորդ ամսվա զեկույցում հաղորդել էր Բանգլադեշի պաշտպանության նախարարությունը։ 2021-ի մարտին նմանատիպ հրդեհի հետևանքով առնվազն 15 մարդ էր զոհվել, 50 հազարը մնացել էին առանց կացարանի։
Բանգլադեշի հարավարևելքում գտնվող ճամբարում ավելի քան մեկ միլիոն ներգաղթյալներ են բնակվում՝ մեծամասամբ ռոհինջաներ, որոնք լքել են հարևան Մյանման ռազմական խունտայի կողմից տարիներ շարունակվող հետապնդումների և բռնաճնշումների հետևանքով։
Ռոհինջաները Մյանմայի հյուսիսում բնակվող և բնակչության 2%-ը կազմող (մոտ 1 մլն բնակիչ) էթնիկ խումբ են։ 2017-ին Մյանմայի կառավարական զորքերի իրականացրած ռազմական օպերացիայի արդյունքում մոտ 10 հազար ռոհինջաներ սպանվել են, շատերը փախել են հարևան Բանգլադեշ։
Մյանմայում մնացած ռոհինջաները քաղաքացիություն չեն ստանում, պարբերաբար ենթարկվում են բռնության և խտրականության։ ՄԱԿ-ը Մյանմայի մուսուլմանական փոքրամասնության նկատմամբ իրականացվող գործողությունները որակել է որպես ցեղասպանություն։