Նախօրեին Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում պայթեցրել են Ռուսաստանի պատերազմին ակտիվորեն (այդ թվում՝ զենքով) աջակցող «ռազմական թղթակից» Վլադլեն Տատարսկիին․ ստեղծագործական երեկոյի ընթացքում հայտնի Z-բլոգերին արձանիկ են նվիրել, որը րոպեներ անց պայթել է։ Տատարսկին մահացել է հիվանդանոցում։ Պայթունից 32 մարդ է տուժել, նրանցից 24-ը հոսպիտալացվել են, 6-ը՝ ծանր վնասվածքներով։
Միլիտարիստ բլոգերի սպանության մեջ մեղադրվում է Սանկտ Պետերբոպւրգի 26-ամյա բնակիչ Դարյա Տրեպովային։ Նա ձերբակալվել է։ Ռուսաստանի քննչական կոմիտեում քրգործ են հարուցել «շատերի կյանքի համար վտանգավոր սպանության» հոդվածով։
Տրեպովային գտել են վարձակալված բնակարանում, գրել է Фонтанка-ն։ Ձերբակալման պահին նա ասել է, որ իրեն «քցել են և օգտագործել»։
Նախնական տվյալներով պայթյուցիկը տեղադրված է եղել Տատարսկիի գիպսե
նդրիի մեջ, որը Տրեպովան, ներկայանալով որպես «նկարիչ Նաստյա», նվիրել է Z-բլոգերին՝ նրա «ստեղծագործական երեկոյի» ժամանակ։ Street food bar №1 սրճարանը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, պատկանում է «Վագներ» մասնավոր բանակի ղեկավար, ռուսաստանցի օլիգարխ Եվգենի Պրիգոժինին։
Պայթյունից առաջ, Տատարսկին՝ ձախից, Տրեպովան՝ աջից
Տատարսկիի սպանությունը նախաձեռնել են ուկրաինական հատուկ ծառայությունները՝ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու հակակոռուպցիոն հիմնադրամի (ФБК-ից) «գործակալների» ներգրավմամբ, հայտարարել է Ռուսաստանի հակաահաբեկչական կոմիտեն։ Կոմիտեի հայտարարել է, թե Դարյա Տրեպովան Նավալնու ակտիվ աջակիցներից էր։
«Իհարկե, Դարյա Դուգինայի սպանության հետ նմանություններ կան։ Բայց ես Կիևի վարչակազմին այս գործողությունների մեջ չէի մեղադրի։ Կարծում եմ, որ արմատականների ինչ-որ խումբ է գործում։ Քիչ հավանական է, որ նրանք առնչություն ունենան [Ուկրաինայի] կառավարության հետ», – հայտարարել է Պրիգոժինը։
Ո՞վ է Տատարսկին
Վլադլեն Տատարսկին (անձնագրային անունը՝ Մաքսիմ Ֆոմին) հայտնի ռազմական բլոգեր է, ծնվել է դեռևս 2014 թվականին բռնազավթված Ուկրաինայի Դոնեցկի մարզի Մակեևվկա քաղաքում։
2011 թվականին զինված կողոպուտի համար (բանկ է թալանել) դատապարտվել է 12 տարվա ազատազրկման։ 2014 թվականին՝ Դոնբասի պատերազմի ժամանակ, փախել է գաղութից և միացել անջատողականների զինված խմբավորումներին։ Պատերազմին մասնակցել է Դոնեցկի «Ընձենավոր» (Витязь), «Արևելք» (Восток) գումարտակների և Լուգանսկի ստորաբաժանումների կազմում։ 2019-ին տեղափոխվել է Մոսկվա։ Մի քանի գիրք է հրատարակել՝ «Վազք», «Պատերազմ», «Մեդիտացիա»։ 2022-ից մասնակցել է նաև Ռուսաստանի նախաձեռնած լայնածավալ պատերազմին։
2022-ի սեպտեմբերի 30-ին Տատարսկին Կրեմլում ներկա է եղել ուկրաինական գրավյալ տարածքների Ռուսաստանին բռնակցման հանդիսավոր արարողությանը։ Դահլիճից դուրս գալուց հայտարարել է․ «Բոլորին հաղթելու ենք, բոլորին սպանելու ենք, բոլորին, ում պետք է, թալանելու ենք, ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես մենք սիրում ենք»։
Ո՞վ է Տրեպովան
Ռազմական բլոգերի սպանության մեջ կասկածվող կինը արձանիկի պարունակության մասին կարող էր չիմանալ՝ РБК-ին ասել է Ռուսաստանի ՆԳՆ աղբյուրը։ Ըստ նրա, քրեական հետախուզման ծառայողները չեն բացառում, որ կնոջը կարող էին օգտագործել «ահաբեկչության» իրականացման համար։
Նույն աղբյուրի տեղեկություններով, Տրեպովան ավելի վաղ շփվել է Տատարսկիի հետ և մասնակցել նրա կազմակերպած միջոցառումներին։
Կասկածյալի ամուսինը՝ Դմիտրի Ռիլովը, SVTV NEWS-ի հետ զրույցում հայտարարել է, որ կնոջը օգտագործել են, նա «բոլորովին չի հասկացել», թե ինչ ճակատագիր է ունենալու այդ կիսանդրին։
Դարյա Տրեպովան, ըստ Baza-ի, Պետերբուրգի ֆեմինիստական և ակտիվիստական շրջանակներում հայտնի է որպես «Դաշա Տիկովկա» (նրա թվիթերյան նիկնեյմն է)։ Աշխատել է վինտաժ հագուստի խանութում։ Որոշ ժամանակ առաջ Սանկտ Պետերբուրգից գնացել է Մոսկվա, պայթյունի նախօրեին՝ վերադարձել քաղաք։ Նախնական տվյալներով, ապրիլի 2-ի երեկոյան նա պլանավորում էր լքել Ռուսաստանը։
ОВД-Инфо իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, Տրեպովային և Ռիլովին ձերբակալել էին 2022-ի փետրվարի 24-ի հակապատերազմական ցույցերի ժամանակ։ Ռիլովը «Լիբերտարիանական կուսակցության» Պետերբուրգի մասնաճյուղի անդամ է․ նա արտագաղթել է երկրից և պայթյունի հետ կապ չունի՝ հայտարարել է կուսակցությունը։
տե՛ս Քաղաքացիական պատերազմի հեռանկարները Ռուսաստանում