Մեղրեցիներն այսօր առավոտյան բողոքի ակցիա էին անում համայնքապետարանի մոտ՝ Լիճքի պղնձի հանքի շահագործման դեմ։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ներկայացուցիչները եկել էին Մեղրիի համայնքապետարան՝ հանրային լսումներ անելու։ Բնակիչները, սակայն, փակել էին շենքի մուտքը և չէին ցանկանում հանքի շահագործման մասին որևէ քննարկում սկսել։
Հիշեցնենք՝ Լիճքի պղնձի հանքավայրի շահագործումը, որը սկսվել էր 2016 թվականին «Թաթսթոուն» ՍՊԸ-ի կողմից, կասեցվել էր 2018-ին։
«Եկել եք ստեղ ի՞նչ անեք։ Երկու կոպեկ փող աշխատեք, սաղ Մեղրին թունավորե՞ք», – սոցցանցերում տարածված տեսանյութերից մեկում ասում էր մեղրեցիներից մեկը ԶՊՄԿ-ի կոստյումավոր աշխատողին։
Ակցիայի մասնակիցների խոսքերով՝ ժամանակին այս հարցով հանրային քննարկումներ եղել են միայն Լիճքում, ոչ՝ Մեղրիում և ձևական բնույթ են կրել, իսկ այսօր հանքավայրի հարցն իրենց համար փակ է և քննարկման ենթակա չէ։
«Եթե հանրային լսումը կայանում ա, եթե անգամ 100 հոգի դեմ են լինում, մեկ հոգի կողմ, միևնույն է նախաձեռնող կողմը պարտավոր է հաշվել քննարկումներին ներկա գտնվողների կարծիքը, բայց իրենք հաստատ ուղղակի ասելու էին հաշվի ենք առել ու անցնեին հաջորդ փուլ։ Մեղրեցիները դա լավ գիտեին», – Epress.am-ի հետ զրույցում պատմել է մեղրեցի Գագիկ Սարգսյանը։
Համայնքապետարանի շենքի դիմաց մեղրեցիների ու ԶՊՄԿ ներկայացուցիչների միջև երկար բանավեճից հետո՝ լսումներ այդպես էլ չկայացան, հանրային քննարկումը տեղափոխվեց ուրիշ օր։
«Ես գյուղում ապրում եմ 63 տարի։ Թոշակի եմ անցնում Լիճք գյուղից, չեմ ուզում լքել գյուղը։ Անցած անգամ ես 12 միլիոնից հրաժարվել եմ, հողը չեմ ուզեցել ծախել։ Եթե կազմակերպությունը հողը ուզում ա գնի, քյասիբ ժողովրդին գումար ամեն դեպքում պետք ա, գայթակղում ա գումարով, ինչու՞ պետք է գյուղացին փողը չվերցնի և ասի՝ ուզում ես հանք սարքի, ինչ ուզում ես արա։
Իրավիճակը սոցիալական այնպիսին ա, որ ինչ գնով էլ ուզում ա լինի՝ գյուղացին հողը վաճառելու ա, բայց ինչ ա դիմացը ստանալու՝ չգիտի։ Կանցնի մի քանի տարի, նոր արդեն կզգացվի։ Պերեվալից մինչև Արաքսը բոլորը հանքեր ա, արդյո՞ք Մեղրիի շրջանում ապրելու տարածք չկա, բոլորը հանք պիտի սարքենք», – ասում էր Լիճք գյուղի բնակիչը կոստյումավորներին։
«Լեռ-Էքս» հետո «Թաթսթոուն» հիմա ԶՊՄԿ
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (հայտնի «Լիսկա» մականունով), ում անունը կապում են առաջինը հանքի շահագործման հայտ ներկայացրած «Լեռ֊էքս» ընկերության հետ, տարիներ առաջ հանդիպել էր Լիճքի բնակիչների հետ և հարցրել՝ ո՞վ չի ցանկանում հողերը հանքին վաճառել, որից հետո գյուղացիները հիմնականում համաձայնել էին գումար վերցրել իրենց հողերի դիմաց։ Հետագայում հանքը «Լեռ֊էքս»֊ից անցել էր անհայտ «Թաթսթոուն» ընկերությանը։
Ըստ տեղացիների՝ «Թաթսթոունը» պատկանում է Սյունիքի նախկին մարզպետ, ԶՊՄԿ-ի նախկին տնօրեն Վահե Հակոբյանին և Սերժ Սարգսյանի փեսային՝ Միքայել Մինասյանին։ «Թաթսթոունը» հանքում իր աշխատակիցները չուներ․ աշխատանքներն իրականացնում էին ԶՊՄԿ֊ում գրանցված աշխատակիցները, օգտագործվում էր ԶՊՄԿ-ի տեխնիկան։
Տես՝ Ինչ է թաքնված Լիճքի հանքի հետևում․ զրույց
Datalex-ում կարելի է տեսնել, որ այս ընկերությունների միջև երկու ընթացիկ դատական գործ կա․ «Թաթսթոուն» ՍՊԸ-ն 2016 և 2019 թվականներին հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի՝ իրենց միջև փոխառության և աշխատանքների կատարման մասին պայմանագրերը չկնքված համարելու համար։
Փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմին (փոխառուին) է հանձնում դրամ կամ այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք:
Այսինքն, կարելի է ենթադրել, որ ԶՊՄԿ-ն չի կատարել պայմանագրերում նշված, մասնավորապես՝ գումարի/գույքի վերադարձի և աշխատանքների կատարման, պարտավորությունները։ Այս տարաձայնությունների ֆոնին այժմ Զանգեզուրի կոմբինատը հայտնվել ու ուզում է ինքնուրույն սկսել հանքի շահագործումը։
«2018 թվականին [հանքավայրի շահագործումը կասեցնելու որոշումից հետո] «Թաթսթոունը» միանգամից տեխնիկան հավաքեց ու մի օրում անհետացավ, բայց քանի որ ԶՊՄԿ-ն փոխկապակցված էր «Թաթսթոուն» ՍՊԸ-ի հետ, հիմա նորից ԶՄՊԿ-ն ա ընդերքի օգտագործման, հանքավայրի շահագործման հայտ ներկայացրել», – Epress.am-ի հետ զրույցում ընդգծել է Գագիկ Սարգսյանը։
Ինչ վտանգներ կան
2018 թվականին Լիճքի հանքավայրը շահագործող «Թաթսթոուն» ՍՊԸ-ն մեղրեցիների կողմից հանքի շահագործման դեմ հավաքված 4000 ստորագրությունների, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մետաղական հանքերում ստուգումներ կատարելու հրահանգից անմիջապես հետո լքեց Լիճքը և հանքավայրի շահագործումը կասեցվեց, իսկ 2021-ին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով դադարեցվեց հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը:
«Լիճք» ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում կարելի է տեսնել՝ ընդամենը կես տարում ինչ հետևանքներ են թողել հանքում սկսած աշխատանքները, և թե հանքը ինչ դիրքում է տեղակայված ու ինչ հեռավորության վրա է կենսական նշանակություն ունեցող օբյեկտներից։ Տեսանյութում երևում է նաև, թե հանքի շահագործման հետևանքով որքան է նահանջել անտառը և արոտավայրերը։
Հանքավայրում, որտեղ աշխատանքներ էին կատարվելու մինչև 2028 թվականը, ըստ բնակիչների, նախատեսվում էր մինչև ընդերքը հասնող կլոր ծակ անել, ինչի պատճառով շրջակայքը՝ ընդհուպ մինչև գյուղ, լցակույտ էր դառնալու՝ մեռյալ գոտի։ Մեղրիի բնակչության մեծ մասի ապրուստի միջոցը այգեգործությունը, մրգերն ու չրերի արտադրությունն է: Հանքի շահագործումը հարվածի տակ է դնելու Մեղրիի՝ որպես գյուղատնտեսական տարածքի հեռանկարը՝ համոզված են մեղրեցիները։
2018-ին Մեղրիի բնակիչների՝ Նիկոլ Փաշինյանին հանձնված հանրագրում նշվում էր հանքավայրի վտանգավոր ազդեցությունը շրջակայքի վրա, մասնավորապես․
— Հանքավայրը գտնվում է Մեղրի քաղաքի և այլ բնակավայրերի խմելու ջրամատակարարման ջրաբաշխիչ համակարգի սանիտարական գոտում, և հանքավայրի շահագործումը կարող է ինչպես որակական, այնպես էլ քանակական բնույթի շատ լուրջ ազդեցություն թողնել Մեղրի գետի ջրի և խմելու ջրամատակարարման համակարգի վրա: Հանքավայրի տարածքով է հոսում նաև տարածաշրջանը ոռոգման ջրով ապահովող Մեղրի գետը և Զվարագետը, որոնց աղտոտումը ծանր և վտանգավոր մետաղներով անխուսափելի է:
— Հանքավայրը գտնվում է Արևիկ ազգային պարկի տարածքում և նրա բուֆերային գոտում, անտառապատ է և ունի շատ հարուստ կենսաբազմազանություն:
— Հանքավայրը գտնվում էլ Լիճք գյուղի բնակելի տարածքից անթույլատրելի հեռավորության վրա: Պայթեցումներից առաջացած ցնցումները խիստ վտանգում են գյուղի տների ամրությանը, գյուղը մշտապես գտնվում է պայթեցումներից առաջացած փոշու մեջ, ինչպես նաև գյուղից անընդհատ լսվում է աշխատող տեխնիկայի ձայնը:
— Համոզված ենք, որ հանքավայրի շահագործումից համայնքի բյուջեին հատկացվող միջոցները և բացված աշխատատեղերը անհամեմատելի են այն վնասների հետ, որոնք այժմ կրում է Լիճք բնակավայրը և ամբողջ Մեղրի համայնքը։
— Հանքավայրի շահագործումն ընդմիշտ փակում է Լիճք բնակավայրում այլ ոլորտների զարգացման հեռանկարը. զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, պարզապես ապրելու հնարավորություն, ինչպես նաև իրական վտանգի տակ է առնում Մեղրիի ամբողջ տարածաշրջանի էկոլոգիական անվտանգությունը:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» թույլ տված խախտումների, շրջակա միջավայրին հասցված վնասների մասին 2019 թվականին զեկույց էր հրապարակել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Հիշեցնենք՝ 2021 թվականի հոկտեմբերին Հայաստանի կառավարությունը որպես նվիրատվություն է ընդունել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետոմսերի 25%-ը։ Նվիրաբերողը Մոսկվայում գրանցված «Արդյունաբերական ընկերությունն» էր, որը դարձել էր կոմբինատի բաժնետոմսերի 60%-ի սեփականատերը։ Թե ումից էր վերջինս գնել բաժնետոմսերը՝ հայտնի չէ։
ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 75%-ը ավելի վաղ հետ էր գնվել հենց կոմբինատի կողմից, մնացած 12,4%-ի սեփականատերը ՌԴ առողջապահության նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն էր, իսկ 12,5%-ի բաժնետերեր էին Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայր Կարեն Հակոբյանը, կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովն ու Նարեկ Ամբարյանը։