Home / Վերլուծություն / Ողբերգության հասարակագիտությունը

Ողբերգության հասարակագիտությունը

հեղինակ1Բորիս Կագարլիցկի, ռուսաստանցի քաղբանտարյալ2

Մինչ հեռուստացույցն ու պաշտոնական սոցիոլոգիան ապացուցում են, որ Ռուսաստանի ժողովուրդը համախմբվել է իշխանության շուրջ և աջակցում է «Ուկրաինայում հատուկ օպերացիային», ընդդիմադիր վերլուծաբանները բացատրում են, թե որքան վիճելի են հարցումների այն արդյունքները, որոնց հղվում է քարոզչությունը։ Վերջին շրջանում սոցիոլոգների հարցերին պատասխանելուց հրաժարվող մարդկանց թիվը կտրուկ աճել է, թեև առաջ էլ հարցումներ անողները ստիպված էին առերեսվել այս խնդրին։ Մարդկանց գերակշիռ մեծամասնությունը չի խոսում։ Հրաժարվողների թիվը հասնում էր 80-90 տոկոսի, վերջին շրջանում այն ավելի է աճել։ Սոցիոլոգիան դարձել է արդեն բոլորովին անարժանահավատ։

Ինչպե՞ս բացատրել հրաժարումները։ Ճշմարտությունն ասելու վախո՞վ։ Հավանաբար։ Բայց ես խորապես համոզված եմ, որ հիմնական պատճառն այլ է։ Սոցիոլոգները փորձում են հետազոտել հանրային կարծիքը։ Հիմնական խնդիրը, սակայն, դրա բացակայությունն է։ Մարդիկ առհասարակ կարծիք չունեն։ 

Հարցումը ենթադրում է ինֆորմացված քաղաքացու գոյություն՝ մարդու, որը տեղեկացված է կարևորագույն քաղաքական իրադարձություններից, ունակ է և, ամենակարևորը, ուզում է ձևակերպել տեղի ունեցողի սեփական գնահատականը։ Բայց ժամանակակից Ռուսաստանում իրադրությունն այլ է։

Մարդկանց գերակշիռ մեծամասնությունը հրաժարվում է պատասխանել սոցիոլոգների հարցերին, զուտ որովհետև որևէ կարծիք չունի ռուս-ուկրաինական հակամարտության և առհասարակ՝ քիչ թե շատ նշանակալից հասարակական-քաղաքական հարցի վերաբերյալ։ Ռուսաստանի հասարակությունը ապաքաղաքական է և ատոմիզացված։ Այն արձագանքում է միայն իրադարձություններին, որոնք անմիջականորեն դիպչում են անհատների անձնական, ընտանեկան կամ մասնագիտական կյանքին։

Մինչ այդ, Ուկրաինայում կռվող զորքերի սոցիալական կազմը գիտակցաբար այնպես է ընտրվել, որ իրադարձությունների մասնակիցների և մնացած բնակչության միջև հաղորդակցությունը գրեթե բացակայում է։ Զինվորներին և նույնիսկ կրտսեր սպաներին հավաքագրում են ոչ թե զուտ երկրի դեպրեսիվ ռեգիոններից (ինչի մասին արդեն շատ է գրվել), այլ փոքր քաղաքներից և գյուղերից, որոնք կապված չեն միմյանց հետ և բոլորովին մեկուսացված են արդյունաբերական, վարչական կամ մշակութային կենտրոններից։ Ավելին՝ բանակը զգալի չափով կազմավորվում է պայմանագրային սկզբունքով։

Վիետնամի պատերազմից հետո, որը քաղաքացիական հուժկու դիմադրություն էր առաջացրել, Միացյալ Նահանգների իշխող շրջանակները հրաժարվեցին զորակոչային բանակից և փոխարինեցին այն պայմանագրայինով։ Զորակոչային բանակը այսպես թե այնպես հասարակության սոցիոլոգիական հատվածքն է։ Այն, ինչ տեղի է ունենում բանակի հետ, չի կարող անմասն թողնել մարդկանց, որոնք կապված են զինվորներին մեծաքանակ շղթաներով։ Պայմանագրային բանակը՝ մեկուսացված սեփական բնակչությունից, անհամեմատ ավելի հարմար գործիք է ցանկացած քաղաքականության համար, հատկապես եթե պետք է կռվել ուրիշի տարածքում հանուն կասկածելի նպատակների։ Սա է պատճառը, որ ո՛չ Իրաքի երկու պատերազմները, ո՛չ էլ աֆղանական  երկարաձիգ և անհաջող արշավը Միացյալ Նահանգներում չհանգեցրին ներքին ճգնաժամի, որը համեմատելի կլիներ վիետնամականի հետ։

Չնայած ռուսական վերնախավի՝ «անգլոսաքսերի» նկատմամբ դեկլարատիվ անսիրությանը, նրանց փորձը մեր [Ռուսաստանի] իշխանավորները հաջողությամբ յուրացրել են (հատկապես Աֆղանստանի դասից, որը սովետական Վիետնամի դերն ունեցավ, և Առաջին չեչենական պատերազմի տրավմայից հետո)։ Եվ չնայած մեզ մոտ ընդունված չէ վստահել ղեկավարների խոսքերին, կարծում եմ՝ պաշտոնատար անձինք բոլորովին անկեղծ էին, երբ խոսում էին ռազմական գործողություններում զորակոչիկներին ներգրավվելու անթույլատրելիության մասին։ Ռուսական բանակը իզոլացված է հասարակությունից միաժամանակ մի քանի մակարդակում։ Սոցիալական կապերն առանց այն էլ թույլ են, տվյալ պարագայում դրանք բոլորովին են բացակայում։

Այնպիսի հասարակությունում, ինչպիսին մերն է, պետական քարոզչության և ընդդիմադիր քաղաքական լուսավորության ջանքերը հավասարապես ապարդյուն են։ Իհարկե կան գաղափարականացված հասարակական խմբեր՝ կայսերական հայրենասերներ, լիբերալ-արևմտականներ, ձախեր։ Բայց նրանք մեծամասամբ արդեն կատարել են իրենց ընտրությունը։ Ընդ որում այդ ընտրությունն ուղղված է Ուկրաինայում Կրեմլի քաղաքականության դե՛մ (ոմանք ընդդիմանում են դրան, որովհետև համաձայն չեն, մյուսները՝ համաձայն լինելով հանդերձ, մեղադրում են իշխանություններին դավաճանության, անարդյունավետության և անվճռականության մեջ)։

Բոլորովին այլ է քաղքենին։

Մարդիկ ուղղակի փոխում են ալիքը, երբ սկսվում են քաղաքական շոուներն ու նման այլ հաղորդումները, իսկ համացանցում որոնում են խոհարարական բաղադրատոմսեր, ռեստորանների հասցեներ, լավ կինո և էրոտիկա։ Պապիկներն ու տատիկները, որոնք պատրաստ են օրուգիշեր լսել քաղաքական քարոզիչներին, հետո դժվարանում են հոդաբաշխ վերապատմել դիտած հաղորդումների բովանդակությունը՝ չհաշված ընդհանուր խոսքերը, որ Ուկրաինայում ինչ-որ վատ բան է տեղի ունենում, որից ռուսական ղեկավարությունը փորձում է մեզ պաշտպանել։

Ռազմական գործողություններին մեր զինվորականների մասնակցության, ինչ-որ մեկի սպանության և ինչ-որ մեկի զոհվելու մասին հաղորդումները չեն խրվում ուղեղում և չեն խանգարում մեր համաքաղաքացիների հսկայական զանգվածին ապրել ճիշտ այնպես, ինչպես առաջ էին ապրում, և մտածել միայն ընթացիկ ընտանեկան կամ մասնագիտական հոգսերի մասին։

Որքա՞ն երկար է տևելու այս իրավիճակը։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ շատ երկար։ Իրականությունը տհաճ հատկություն ունի՝ հիշեցնել իր մասին և ստիպել հաշվի նստել, անգամ երբ փորձում ես կտրականապես գործ չունենալ իր հետ։ Մասշտաբային իրադարձությունները փոխում են պատմությունը, քանի որ շրջապտույտի մեջ են ներքաշում հսկայական, հաճախ բազմամիլիոնանոց զանգվածների։ Մեծամասամբ՝ ընդդեմ իրենց կամքի։ Թուխս նստել և թաքնվել Պատմությունից ոչ մեկին չի հաջողվի։ Եվ երբ բնական կերպով ընդարձակվող հակամարտության նոր ռաունդը ներքաշի իր մեջ մեր համաքաղաքացների մեծ մասին, կիմանանք՝ ինչ են նրանք իրականում մտածում քաղաքականության մասին։

Դրա համար նրանք նախ պետք է սկսեն մտածել այդ մասին։

____

1 Հոդվածի ռուսերեն բնագիրը հրապարակվել է Ռոբկորում՝ 2022-ի մայիսի 4-ին

2 Փետրվարի 13-ին Ռուսաստանի վերաքննիչ դատարանը վերանայել է հասարակագետ, ձախ տեսաբան, դասախոս, Ռոբկոր պարբերականի խմբագիր Բորիս Կագարլիցկիի դատավճիռը՝ տուգանքը փոխարինելով 5 տարվա ազատազրկմամբ։ Նրան մեղադրել են «ահաբեկչությունը արդարացնելու» մեջ։

Կագարլիցկին խորհրդային ձախ դիսիդենտ էր։ Առաջին անգամ բանտարկվել է Յուրի Անդրոպովի օրոք, երկրորդ անգամ ձերբակալվել և ծեծի է ենթարկվել Բորիս Ելցինի տարիներին, Վլադիմիր Պուտինի օրոք 10 օրվա վարչական ազատազրկման է դատապարտվել 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների դեմ ցույցերի համար։ 2018-ին նրա ղեկավարած «Գլոբալիզացիայի և սոցիալական շարժումների ինստիտուտը» Ռուսաստանում օտարերկրյա գործակալ է ճանաչվել։ 2022-ին օտարերկրյա գործակալ է ճանաչվել նաև անձամբ Կագարլիցկին։ Նա հրաժարավել է լքել Ռուսաստանը։

2023-ի հուլիսին տեսաբանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նրան ձերբակալել են և Մոսկվայից տեղափոխել Կոմիի Հանրապետություն՝ Սիկտիվկարի ՁՊՎ։ Դեկտեմբերին Կագարլիցկիին մեղավոր են ճանաչել և ազատ արձակել՝ 600 հազար ռուբլի տուգանք վճարելու և խմբագրի աշխատանքից հրաժարվելու պայմանով։ Ռուսական իշխանությունները նրան մտցրել են էքստրիմիստների և ահաբեկիչների պետական ռեգիստր։ Երեկվա դատավճռից հետո Կագարլիցկին կրկին տեղափոխվել է բանտ։ Նա քրեական հետապնդման է ենթարկվում իր քաղաքական հայացքների և հրապարակային խոսքի համար։