Home / Համայնքներ / Ինչ են ուզում ավտոբուսների վարորդները

Ինչ են ուզում ավտոբուսների վարորդները

Երևանի հասարարական տրանսպորտի շուրջ 500 վարորդներ մայիսի 22-ին գործադուլ են հայտարարել՝ պահանջելով վերականգնել իրենց նախկին տնօրենի, գլխավոր ինժեների և մյուս հեռացված կոլեգաների աշխատանքը։ Մինչև ուշ երեկո մայրաքաղաքի երթևեկությունը կաթվածահար վիճակում էր, կանգառներում մեծ կուտակումներ էին, տաքսիների գները՝ կրկնապատված։

Նախկին տնօրենը միշտ իրենց մեջքին կանգնած է եղել, նրա հետ 2 պատերազմ են անցել։ «Ղարաբաղը կորցրեցինք, ավտոպարկն էլ կորցնե՞նք», – ասում էր գործադուլավոր վարորդներից մեկը։

Ճգնաժամը լուծելու համար քաղաքապետն ու փոխքաղաքապետերը երեկոյան գնացել էին գործադուլավորների մոտ՝ համոզելու վերադառնալ ղեկին։

varordner

Մինչ այդ Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ սա ոչ թե սոլիդարության գործադուլ է համարում, այլ սաբոտաժ, որի իրական շարժառիթը «ստվերի դեմ բարեփոխումներին» դիմադրելն է․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի նոր տնօրինությունը, տնօրենի ժ/պ Սամվել Նազարյանը ավելի լավ է հսկում ուղեվճարների մուտքագրումը բյուջե և ապահովում է օրական 4 միլիոնով ավել եկամուտ։

Քաղաքապետարանը չի հստակեցրել՝ ինչ մեխանիզմով է վերահսկվում ուղեվարձի հավաքումը։ Կանգառներում խոսակցություններ էին պտտվում, որ ավտուբսներում տեղադրվել են տեսախցիկներ։

«Ինձ մեղադրում են 1 մլրդ դրամ չարաշահման մեջ, ասում են՝ հաշվարկները սխալ ես արել: Ես էլ խնդրում եմ հանձնաժողով բերեն ստուգեն, եկեք հասկանանք էդ չարաշահումը որտեղ ա եղել», – լրագրողներին ասել է աշխատանքից ազատված ինժեներ Անդրանիկ Մանուկյանը։

Քաղաքի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը ԶԼՄ-ների հետ բրիֆինգում սպառնացել է՝ հեռացվելու ճակատագրին կարժանանան նաև այն վարորդները, որոնք կշարունակել գործադուլը։ Վարորդը «իր սուրբ պարտականությունը» պիտի շարունակի կատարել ղեկին։

Աշխատանքային օրվա ավարտին քաղաքի երթևկությունը գրեթե պարալիզացված էր։

Ավտոպարկում հավաքված գործադուլավոր վարորդներին մոտեցել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը և փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ Նրանք խնդրել են, որ վարորդները այնուամենայնիվ քշեն։

avinyan

«Երևանցին չպետք է սպասի։ Մարդուն կանգառում թողնելը ցիվիլ չէ։ Պետք չէր պառալիզացնել քաղաքը։ Ե՞րբ եք եկել քաղաքապետարան, ու մենք չենք ընդունել ձեզ», – ասել է փոխվարչապետ Գրիգորյանը՝ գործադուլը որակելով որպես շանտաժ։  

Ավինյանը հայտարարել է, որ սա չի կասեցնելու «բարեփոխումները»։ 

«Ձեր ցավը տանեմ, թվերի մակարդակում խնդիր կա՛։ Եթե պարզվի՝ պարոն Մանուկյանը կապ չունի, վաղը կասենք՝ արի, դու լավ մարդ ես։ Եկեք անկեղծ լինենք էլի, չի կարելի ձևեր թափել, դուք էլ գիտեք, որ խնդիրներ կան, ես էլ գիտեմ», – ասել է Ավինյանը։

gortsadulavorner

Տրանսպորտի սակագների թանկացման շուրջ քննարկումների ժամանակ պետական, համայնքային և հանրային ծառայողների արհմիությունը առաջարկել էր ուղեվարձը կրկնա- և եռապատկելու փոխարեն կարգավորել 350 տոկոսանոց ստվերը։ 

տե՛ս Տրանսպորտ․ Երևանի իշխանությունը հրաժարվում է սոցիալական արդարությունից

Քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաների հայտարարությունների համաձայն՝ Երևան քաղաքի վերգետնյա տրանսպորտն օրական փոխադրում է շուրջ 550 000 ուղևորների։ Այնինչ, պաշտոնական թվերի համաձայն, օրական քաղաքային բյուջե է մտնում միայն մոտ 160 000 ուղևորների կողմից վճարած ուղեվարձը։  

Սա առաջին անգամը չէ, երբ հանրային տրանսպորտի վարորդները զանգվածային գործադուլ են անում։ 2021 թվականի գործադուլն, օրինակ, հանգեցրեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ նախորդ տնօրեն Էլբակ Թարփոշյանի հեռացմանը։ Նրան փոխարինեց ապրիլին հեռացված աշխատակազմը։

տե՛ս «Էսի ռեկլամն ա, վաղը՝ կինոն»․ ինչ են ուզում գործադուլ անող վարորդները

 Գործադուլի ժամանակ աշխատանքային պայմաններին առնչվող միայն մեկ հարց է բարձրացվել։ Ցուցարար վարորդներից մեկը խնդրել է ավել ժամեր աշխատելու համար հավելավճար տալ․ «Մարտի ութին անվճար աշխատել ենք», «բա պարապուրդի մասին ինչի՞ չեք խոսում»։

տե՛ս 16 ժամ ղեկին. երթուղայինի վարորդը՝ աշխատանքային պայմանների մասին