Անժամկետ հաշմանդամություն ունեցող մարդիկ սոցիալական ծառայություն կամ աջակցող սարքեր ստանալու համար պետք է նորից անցնեն հաշմանդամության գնահատման և վերասահմանման գործընթացով։ Կառավարության որոշումն ընդունվել է այսօր՝ հունիսի 27-ին։ Չնայած ի սկզբանե հայտարարվել էր, որ վերագնահատման պահանջ անժամկետ հաշմանդամություն ունեցողների վրա չի դրվելու, այս որոշումն ստիպում է մարդկանց ընդգրկվել «ֆունկցիոնալության գնահատման» նոր համակարգի մեջ։
«Այդ գործընթացի արդյունքում կարող է փոխվել հաշմանդամության խումբը, հետևաբար նաև այն երաշխիքները, որ ստանում եք (օր.՝ հաշմանդամության նպաստ, կենսաթոշակ և այլն): Այսինքն, կառավարությունն ասում է՝ բավարավում եք ունեցածով կամ ձեզ անհրաժեշտ սարքերի ու ծառայությունների համար ռիսկի եք գնում:
Պետությունը կասկածի տակ է դնում կայացված հազարավոր վարչական ակտեր և հրաժարվում է նախկինում կայացրած որոշումներից բխող պարտավորություններն իրականացնելուց՝ ստիպելով մարդկանց անցնել նոր գնահատման համակարգով:
Հիշեցնեմ նաև, որ նոր համակարգի վերաբերյալ դատական գործ ունենք, որով պնդում ենք, որ կիրառվող բանաձևը հակասում է օրենսդրությանը: Մեր առաջարկը՝ չանել այս փոփոխությունը, չէր ընդունվել:
Սա որոշում է, որ հակասում է մեր օրենսդրությանը, մարդու իրավունքներին, «մի վնասիր» սկզբունքին ու պարզ, շատ պարզ տրամաբանությանը», – գրել է «Disability Rights Agenda» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մուշեղ Հովսեփյանը։
Epress.am-ի հետ զրույցում իրավապաշտպանը պարզաբանել է՝ ֆունկցիոնալության գնահատման համակարգը ներդրվել է 2023 թվականին։ Մեթոդաբանությունը, որով ճանաչում են հաշմանդամությունը և չափում դրա աստիճանը, ամբողջությամբ փոխվել է։
Նրանց համար, ովքեր անժամկետ հաշմանադամություն ունեին, վերագնահատման պահանջ չէր դրվել։ Մարդիկ շարունակում էին ստանալ իրենց կարգավիճակից բխող ծառայությունները։ Այս որոշումից հետո ամեն ինչ փոխվել է։ Սայլակ ստանալու համար հիմա ծառայությունների անհատական ծրագիր պետք է ունենաս, իսկ նման ծրագիրն ունեն միայն ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի միջով անցած մարդիկ:
Առաջ հաշմանդամությունը 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի էր լինում, հիմա՝ խորը, ծանր և միջին։ Ըստ էության, այս դասակարգումները իդենթիկ են, բայց փոխվել է գնահատման մեթոդաբանությունը։
«Նոր համակարգը ավտոմատիզացված է։ Մանսագետները գնահատում են մարդու տարբեր ֆունկցիաներ, օրինակ՝ ցավի զգացողությունը, ցավը ոնց է մարդու գործունեության վրա ազդում։ Գնահատում են 0-ից 4 բալանի համակարգով։ Այս սկզբունքով մի 20-30 բան են գնահատում, հետո համակարգը այդ կատեգորիաներից ընտրում է 15-ը և ինչ-որ բանաձևով որոշում՝ դուք ունեք հաշմանդամություն, թե չունեք, և եթե ունեք՝ ինչ աստիճանի։
Թե որ 15 կատեգորիաներն է ընտրում այդ համակարգը և ինչ բանաձևով է գումարում-հանում անում, որպեսզի ստանա վերջնական արդյունքը՝ ոչ միայն հրապարակված չէ, այլև որևէ իրավական ակտով սահմանված չէ։ Նախարարությունն ընդամենը ՏՏ ընկերության հետ ծառայության մատուցման պայմանագիր է կնքել և ստացել այդ ծրագիրը։
Սա հիմնավորվել է կոռուպցիոն չարաշահումները բացառելու մղումով։ Բայց մարդուն, ի վերջո, պետք է առնվազն հասկանալի լինի՝ ինչ սկզբունքով է կայացվել որոշումը, ինչու է ֆունկցիոնալության աստիճանը սահմանվել, օրինակ, 25 տոկոս, ոչ թե, ասենք, 26», – ասել է Հովսեփյանը։
Այդ հիմնավորումը չի տրվում ո՛չ շահառուներին, ո՛չ էլ պրոֆիլային կազմակերպություններին։ «Դիմեցինք դատարան, և նախարարությունը ստիպված տրամադրեց այդ բանաձևը։ Պարզվեց, այն հակասում է օրենքի սահմանմանը։
Մեր օրենքն ասում է՝ ոչ միայն առողջական խնդիրն է հաշմանդամությունը, այլև այն միջավայրը, որում մարդն ապրում է։ Այդ բանաձևը միջավայրային գործոնների ազդեցությունը վերջնական արդյունքներում հաշվի չի առնում»։
Ըստ իրավապաշտպանի, հաշմանդամության աստիճանը շատ հաճախ հենց միջավայրով է պայմանավորված։ Միջավայրի հարմարեցումներն են կանխորոշում աշխատունակության մակարդակը, ազատ տեղաշարժման հնարավորությունները և այլն։
Այդ հանգամանքը հաշվի չառնելը շատերի մոտ կարգի նվազեցման, սոցիալական ծառայությունների և արտոնությունների կրճատման է բերում․ «Իհարկե, ձգտում են հնարավորինս քիչ մարդու հաշմանդամ ճանաչել։ Շատերը կարգ են կորցրել»։