Հաշմանդամության կարգը որոշող նոր համակարգով դիմումներն ընդունվում են օնլայն, հանձնաժողովներն ընտրվում են ավտոմատ, վերջնական գնահատականը հաշվարկվում է կոդավորված բանաձևով։ Սոցապի Միասնական սոցիալական ծառայությունը պրոցեսի ավտոմատացումը համարում է մարդկային գործոնով պայմանավորված սխալների բացառման և թափանցիկության երաշխիք։ Բայց հաշմանդամության գնահատման նոր մեխանիզմը շատ է «սխալվում», և այդ սխալները հիմնականում լինում են ի վնաս դիմողների։
Նոր համակարգի համահեղինակ, Սոցապի ներկայացուցիչ Աննա Հակոբյանը Epress.am-ի հետ զրույցում ասում էր՝ բանաձևը զուտ մաթեմատիկական գործողություն է կատարում, մարդը կարող է ապացուցել սխալը դատարանում։
Վարչական դատարանում հիմա տասնյակ գործեր կան, որտեղ հայցվորները հաշմանդամության կարգից զրկվել են e-disability հարթակի սխալ հաշվարկի պատճառով։ Բայց անգամ դատարանով հաղթելու դեպքում նրանց հաշմանդամության կարգին վերաբերող որոշումը չի վերանայվում։ Ասում են՝ կարգը չի կարող փոխվել վարչական մարմնի՝ սոցապ նախարարի որոշմամբ։ Ավտոմատացված համակարգը շրջանցելու ձև չկա՛։ Դատարանում հաղթելուց հետո էլ անձը պետք է միևնույն համակարգով վերագնահատում անցնի։ Նախարարությունը հավատում է «ավտոմատին», մարդկային սխալներն այստեղ ավելի վատ են ընդունվում, քան մեքենայի թերությունները։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Աննա Հակոբյանը հուլիսի 17-ի դատական նիստին
Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը ներդրվել է 2023 թվականի փետրվարին։ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» կազմակերպության նախագահ Մուշեղ Հովսեփյանի խոսքով, դրա նպատակն էր՝ համապատասխանեցնել ընթացակարգը նոր օրենքին։ 2021 թվականին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենք է ընդունվել, որը հաշմանդամությունը դիտարկում է որպես առողջական խնդիրների և միջավայրային արգելքների փոխազդում։ Նախորդ՝ 1993 թվականի օրենքով հաշմանդամությունը համարվում էր զուտ առողջական խնդիր։
Միջավայրի ազդեցության գնահատման հարցը, սակայն, e-disability համակարգից ամբողջությամբ դուրս է մնացել՝ Epress.am-ին ասել է իրավապաշտպանը։ Նրա ղեկավարած կազմակերպությունը մինչ այս դատարան էր դիմել՝ ստիպելով նախարարությանը գաղտնազերծել գնահատման հիմքում դրված ալգորիթմը։
Պարզվել էր, որ անձի ֆունկցիոնալությունը հաշվարկվում է մի բանաձևով, որում միջավայրի ազդեցության գնահատում առհասարակ ներառված չէ։ Բանաձևի կիրառումը ոչ իրավական ճանաչելու պահանջով կազմակերպությունը Սոցապ նախարարության դեմ նոր հայց է ներկայացրել դատարան։
Եթե միջավայրը հաշվի չենք առնում, եթե հարմարեցումների բացակայությունը գնահատումից դուրս է մնում, «ֆունկցիոնալցության աստիճանը» պարզապես սխալ է որոշվում՝ ասում է Մուշեղ Հովսեփյանը։ Մարդիկ այսպես զրկվում են հաշմանդամության «կարգից» և հետևաբար նաև հաշմանդամության նպաստից։ Բացի դա՝ հաշմանդամության ճանաչումը պարտադիր է նաև որոշ սարքավորումների՝ օրինակ, անվասայլակներ ստանալու համար։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» կազմակերպության ներկայացուցիչները՝ հուլիսի 17-ի դատական նիստին, Մուշեղ Հովսեփյանը՝ առաջին շարքում ձախից
Ավտոմատ համակարգը թափանցիկ չի գործում։ Բանաձևի գաղտազերծումից հետո էլ պարզ չէ՝ ինչի վրա է հիմնվում ֆունկցիոնալության աստիճանի գնահատումը․ «Կան ծածկագրեր, որոնք մասնագետները գնահատում են [և մուտքագրում համակարգի մեջ]։ Բայց ծածկագրերը երկու դասակարգում ունեն՝ որոշիչ և ոչ որոշիչ։ Թե որոնք են որոշիչ համարվում այդ բանաձևում ներառելու համար՝ ոչ մեկ չգիտի։ Օրինակ՝ մասնագետները գնահատում են 60 ծածկագիր, որոնցից միայն 15-ն են համարվում որոշիչ։ Կոնկրետ որ 15-ը՝ չգիտենք։ Առնվազն գիտենք, որ միջավայրային գործոնները՝ օրինակ, որ հարկում է ապրում մարդը, կա արդյոք վերելակ, կկարողանա արդյուք ինքնուրույն դուրս գալ տնից, հաշվի չեն առնվում»։
2024 թվականի փետրվարից e-disability-ով է կատարվում նաև նախկինում հաշմանդամության կարգ ստացածների վերագնահատումը։ Սա բազմաթիվ դժգոհությունների պատճառ է դարձել։ Որպեսզի առաջին կարգի հաշմանդամը գնահատվի որպես «ֆունկցիոնալությայն խորը սահմանափակում» ունեցող անձ, համակարգը պիտի գենարացնի 96-100 տոկոս միավոր, ինչը շատ քիչ հավանական է։
Ավելին՝ հունիսի 27-ին կառավարությունը որոշում է ընդունել, որով փաստացի պարտադրում է անժամկետ հաշմանդամություն ունեցողներին վերագնահատում անցնել նոր համակարգով։ Չնայած ի սկզբանե հայտարարվել էր, որ վերագնահատման պահանջ նրանց վրա չի դրվելու, սոցիալական ծառայություն կամ աջակցող սարքեր ստանալու համար նրանք ստիպված են լինելու ընդգրկվել «ֆունկցիոնալության գնահատման» նոր համակարգի մեջ։