Հուլիսի 4-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի ընտրություններում Քիր Սթարմերի ղեկավարած Լեյբորիստական կուսակցությունը հաղթել է գործող վարչապետ Ռիշի Սունակի Պահպանողական կուսակցությանը։ 2005 թվականից ի վեր սա լեյբորիստների առաջին հաղթանակն էր։
Սթարմերի կուսակցությունը 650 պատգամավորից բաղկացած Համայնքների պալատում կունենա 411 մանդատ, ինչը լեյբորիստների համար երկրորդ լավագույն ցուցանիշն է սկսած 1997 թվականից։ Հավաքած ընդհանուր ձայների տոկոսը` 33.7, բրիտանական պատմության ամենափոքր ցուցանիշն է մեծամասնություն ունեցող կուսակցության համար։ Ստացվում է, որ Լեյբորիստական կուսակցությունը ստացել է 211-ով ավելի շատ տեղերում, քան 2019-ին։ Լեյբորիստների օգտին քվեարկել է շուրջ կես միլիոնով ավելի քիչ մարդ, քան նախորդ ընտրություններում։
Պահպանողական կուսակցությունն այս տարի կրել է իր պատմության ամենախոշոր պարտությունը։ Համայնքների պալատում Սունակի քաղաքական ուժը կունենա 121 մանդատ` 251-ով ավելի քիչ, քան 2019-ին։ Նախկին որպես նախարար պաշտոնավարաժ մի շարք պահպանողական քաղաքական գործիչներ հուլիսի 4-ի քվեարկության արդյունքներով պարտվել են իրենց տեղամասերում։ Ուեյլսում կուսակցությունը կորցրել է իր բոլոր մանդատները։
Այս ընտրություններում ռեկորդային են նաև փոքր կուսակցությունների արդյունքները, մասամբ` քվեարկության հակապահպանողական մարտավարության արդյունքում։ Էդ Դեյվիի ղեկավարած Լիբերալ Ժողովրդավարական կուսակցությունը պալատում 72 տեղ կունենա` դառնալով երկրի երրորդ քաղաքական ուժը։ Պահպանողականներն ու լեյբորիստները գումարային ստացել են ընտրողների ձայների ընդհամենը 57.4 տոկոսը։ Նման ցածր ընդհանուր ցուցանիշ երկրում չէր գրանցվել սկսած 1918 թվականից։
2020 թվականին Քիր Սթարմերի կողմից կուսակցության ղեկավարությունը ստանձնելուց ի վեր, բրիտանացիների շրջանում Լեյբորիստական կուսակցությունը դարձել է պարզապես «պահպանողականների այլընտրանք»։ YouGov-ը ընտրություններից անմիջապես առաջ մեծ հարցում էր անց կացրել Սթարմերի կուսակցությանն ընտրած քաղաքացիների շրջանում։ Հարցվածների 48 տոկոսն ասել էր, որ լեյբորիստներին ընտրել է «պահպանողականներին իշխանությունից հեռացնելու» համար։ 13 տոկոսն իր ընտրությունը մեկնաբանելով ասել է, որ «երկիրը փոփոխության կարիք ունի»։ Միայն 5 տոկոսն է ընտրությունը հիմնավորել կուսակցության քաղաքական գծի նկատմամբ համակրանքով։
We asked Labour voters to tell us in their own words the main reason they are backing the party. For the largest number by far the key motivation is ousting the Conservatives
Top 5 reasons
Get the Tories out: 48%
Country needs a change: 13%
Agree with their policies: 5%
To… pic.twitter.com/i76S3Zlghu— YouGov (@YouGov) July 3, 2024
Լեյբորիստական կուսակցության հաղթանակի հիմնական պատճառը աջական ուժերին տրված ձայների պառակտումն էր Պահպանողականների և Նայջել Ֆարաժի Ռեֆորմ ՄԹ աջ պոպուլիստական կուսակցության (նախկինում` Բրեքզիթի կուսակցություն) միջև։
Հուլիսի 4-ի քվեարկության արդյունքներով պահպանողականները ստացել են 6.8 միլիոն քվե (23.7 տոկոս), Ռեֆորմը ստացել է 4 միլիոն (13.4 տոկոս)։ Աջական երկու կուսակցությունների օգտին քվեարկել է ընդհանուր առմամբ 10.8 միլիոն մարդ (38 տոկոս), ինչը զգալիորեն գերազանցում է Լեյբորիստական կուսակցության ցուցանիշներին` 9.8 միլիոն (34 տոկոս)։ Սա կազմում է բրիտանական ողջ էկեկտորատի ընդհամենը 20 տոկոսը, այսինքն, ընտրության իրավունք ունեցող 5 քաղաքացիներից միայն 1-ն է ակտիվորեն աջակցել լեյբորիստներին։
Բրիտանական Համայնքների պալատի ընտրական սկզբունքի համաձայն, 650 տեղամասերից յուրաքանչյուրում ընտրվում է այն թեկնածուն, ով հավաքել է ամենամեծ թվով քվեները։ Բացարձակ մեծամասնություն ունենալու կարիք չկա։ Արդյունքում, նույնիսկ եթե առաջին երկու տեղերի թեկնածուները տոկոսային հարաբերությամբ ունեն գրեթե նույն արդյունքը, մի քանի ձայնի առավելությունը հնարավորություն է տալիս առաջին տեղի թեկնածուին ստանալ մանդատ Համայնքների պալատում։ Այս սկզբունքի պատճառով է, որ չնայած տոկոսային փոքր տարբերությանը, լեյբորիստները բացարձակ մեծամասնություն կունենան խորհրդարանի ներքին պալատում։
Ընտրություններից առաջ YouGov-ի անց կացրած ևս մեկ հարցում ցուցադրում է բրիտանական հասարակության կողմից ավանդական կուսակցությունների նկատմամբ աճող անվստահությունը։ Հարցվածների համարյա կեսն ասել էին, որ Քիր Սթարմերին համարում են ոչ վստահելի քաղաքական գործիչ։
«Ոնց-որ փորձես ընտրել, թե ինչ տեսակի սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն ես ուզում ունենալ», – այս ընտրությունները մեկնաբանելիս ասել է ընտրողներից մեկը։
Ստեղծված քաղաքական ճգնաժամը մենկաբանելով, Financial Times-ը գրել է. «Լեյբորիստական կուսակցության այս պատմական հաղթանակի մակերեսից անդին` իրավիճակն աղետալի է։ Բրիտանացիների թիվը, ովքեր կարծում են, որ Սթարմերի կուսակցությունը հասկանում է Միացյալ Թագավորության առաջ ծառացած խնդիրները, ռեկորդային ցածր է, ցածր է նաև թիվը մարդկանց, ովքեր մտածում են, որ լեյբորիստները կպահեն իրենց խոստումները։ Այս բոլոր ցուցանիշները շատ ավելի բարձր էին Բորիս Ջոնսոնի ընտրությունից հետո»։
Բրիտանական ավանդական երկու կուսակցությունների ղեկավարություններն էլ աջակցում են Իսրայելի ցեղասպան քաղաքականությունը, ինչն ընտրողների աչքում էլ ավելի է փոքրացնում նրանց քաղաքական տարբերությունները։ Հատկանշական է, որ որոշ տեղամասերում հաղթել են այն անկուսակցական անկախ թեկնածուները, ովքեր ի տարբերություն Պահպանողականների և Լեյբորիստների ներկայացուցիչների, արտահայտել են իրենց դիրքորոշումն ի օգուտ Պաղեստինի։
Սրա լավ օրինակ է Լեյբորիստական կուսակցության նախկին առաջնորդ սոցիալիստ Ջերեմի Քորբինը, ով իր տեղամասում հաղթել է քվեների բավականին մեծ տարբերությամբ։ Քորբինը կուսակցությունն առաջնորդում էր մինչև 2020 թվականը, երբ հակասեմիտական մեղադրանքների պատճառով Քիր Սթարմերն ու նրա ներկուսակցական դաշնակիցները Քորբինին սկզբում զրկեցին պառլամենտական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, հետո հեռացրեցին կուսակցությունից, որին քաղաքական գործիչն անդամակցում էր արդեն 60 տարի։
Որոշ տեղամասերում էլ պրոպաղեստինական թեկնածուները պարտվել են լոյբորիստ թեկնածուին ձայների աննշան տարբերությամբ` «խլելով» ավանդապես լեյբորիստներին ընտրող քաղաքացիների ձայները։ Սթարմերը ևս իր տեղամասում հավաքել է կրկնակի ավելի քիչ ձայն, քան նախորդ ընտրություններում. 18,000 քվե` նախկին 36,000-ի փոխարեն։ Երկրորդ տեղը զբաղեցրած պաղեստինամետ թեկնածուն Սթարմերին զիջում էր աննշան տարբերությամբ։
Նորընտիր վարչապետը նախկինում աշխատել է որպես թագուհու խորհրդական։ 2008-2013 թվականներին գլխավորել է Թագավորական դատախազության ծառայությունը որպես գլխավոր դատախազ։ 2016 թվականից Սթարմերը Եվրամիությունից դուրս գալու հարցերով ստվերային նախարար էր։ 2020 թվականից զբաղեցնում է կուսակցության ղեկավարի պաշտոնը։ Կապիտալիստական տնտեսական գծի կողմնակից է։ Նրա ընդդիմախոսները մտավախություններ ունեն, որ Սթարմերի կառավարության քաղաքականությունը նպաստավոր կլինի խոշոր բիզնեսի համար` մեծացնելով սոցիալական անհավասարությունը Մեծ Բրիտանիայում։ Նա նաև պաշտպանում է Իսրայելի ռազմական գործողությունները Գազայում, կողմ է, որ Մեծ Բրիտանիան մեծածավալ ռազմական աջակցություն տրամադրի Իսրայելի զինված ուժերին։ Այս պատճառներով է, որ բրիտանացիները կարծում են, որ Սթարմերի լեյբորիստների քաղաքական օրակարգերն իրականում բավականին քիչ են տարբերվում պահպանողականների ծրագրերից։