Ռուսաստանի նախագահին կից Քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների (СПЧ) խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեևը դիմել է Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ բողոքելով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցների և FlyOne ավիափոխադրողի ներկայացուցիչների կողմից ռուսաստանցիների հանդեպ ցուցաբերված «խտրական վերաբերմունքից»։
Հաղորդվում է, թե խորհուրդը Ռուսաստանի քաղաքացիներից բողոքներ է ստացել և «ծանոթանալով բաց աղբյուրների հրապարակումներին»՝ եզրահանգման է եկել, որ դրանք եզակի դեպքեր չեն։
Ֆադեևի գլխավորած խորհուրդը երկու դեպք է նկարագրել։
Հուլիսի 6-ին, ըստ ռուսական Խորհրդի, Գերմանիայի հյուրախաղերից վերադարձող ռուս օպերային երգչուհի Սվետլանա Կասիանն և նրա անչափահաս դուստրը Երևանից Մոսկվա մեկնող օդանավում մնացել են կանգնած՝ նստելու տեղ չի եղել։ Չնայած նրանք նախօրոք էին եկել օդանավակայան՝ Զվարթնոցում ստուգումն արել են հավելյալ վճարի դիմաց։
Հուլիսի 3-ին էլ, ըստ նույն աղբյուրի, Հռոմ-Երևան-Մոսկվա երթուղու ուղևորները Հռոմում չվերթի հետաձգման պատճառով ուշացել են Երևանից Մոսկվա օդանավից։ Խնդիրը լուծելու փոխարեն՝ օդանավակայանի աշխատակիցները նրանց տարել են ոստիկանության բաժին և պահել այնտեղ առանց պատճառները բացատրելու։ «Ուղևորները հաղորդում են օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ազգային պատկանելիության համար բազմաթիվ վիրավորանքների մասին»։
Զվարթնոցը և FlyOne-ը այս բողոքները չեն մեկնաբանել։ Քաղավիացիայի կոմիտեից և Զվարթնոցից Epress.am-ի զանգերին չեն պատասխանում։
Հայկական կողմի նախաձեռնությամբ օգոստոսի 1-ից ռուս սահմանապահները դուրս են բերվելու Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից։ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ, նախկին КГБ) աշխատակիցների ներկայությունը Զվարթնոցում պայմանավորված էր պատմական իներցիայով և քաղաքական կոնյուկտուրայով, պատճառաբանվում էր միջպետական պայմանագրով, որը Զվարթոնցի հետ կապ չուներ և չէր վավերացվել Հայաստանի խորհրդարանի կողմից։ 34 տարի անց օդանավակայանի սահմանային հսկողությունն իրականացնելու է բացառապես Հայաստանի Սահմանապահ ծառայությունը։ Ռուսական կողմը այս որոշմանը բացասաբար էր արձագանքել․ հայտարարվել էր, թե այն չի համապատասխանում «Հայաստանի և նրա քաղաքացիների անվտանգային շահին» և կայացվել է «պաշտոնական Երևանի մի շարք ոչ բարեկամական քայլերի և հայտարարությունների ֆոնին»։
տե՛ս Հայաստանը շնորհակալ է «Զվարթնոցում» ապօրինի ներկայության համար
FlyOne-ից դժգոհ են բոլո՛րը
FlyOne Armenia-ից դժգոհ են բոլորը՝ անկախ ազգությունից։
Հայ-մոլդովական ավիաընկերությունը թռիչքներ է կատարում 2021-ի դեկտեմբերից։ 2023-ի դրությամբ ընկերությունը Հայաստանում գրանցված ընդամենը 2 օդանավ ուներ, մնացած 4 օդանավերը վարձակալության հիմքունքներով էր շահագործում (տե՛ս «Հետքի» ուսումնասիրությունը)։
Ուղևորները՝ և հայաստանցի, և արտասահմանցի, անընդհատ բողոքում են վերջին պահին չեղարկված չվերթներից, ուշացումներից, ընթացիկ անհարմարություններից, բեռների կորստից և այլն։ Ընկերության ավիապարկը բավարար չէ նման խիտ չվացուցակ սպասարկելու համար․ ամեն օդանավի չնչին անսարքության պատճառով գրաֆիկում խափանումներ են լինում։
Պատահում է, որ ավիաընկերությունը առհասարակ չի պատասխանում զանգերին, լինում է՝ չվերթները չեղարկվում կամ հետաձգվում են, և մարդիկ ամիսներով սպասում են փոխհատուցման։ Ընկերությունը մեղքը վերավաճառների վրա է գցում։ Այս ընթացքում դատական գործեր էլ են եղել։
FlyOne Armenia-ի բաժնետոմսերի 46 տոկոսը պատկանում է մոլդովական Fly One ավիաընկերությանը՝ Մոլդովայի քաղավիացիայի նախկին ղեկավար Միրչա Մալեկայի ընտանիքին։ 54 տոկոսը պատկանում է Հայաստանի քաղաքացիներին՝ 20-ական տոկոս իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասիանի (Գռզո) եղբայր Էդուարդ Սուքիասյանին և Հակոբ Ալեքսանյանին, 9 տոկոս՝ Սուքիասյանների երևանյան «ՍԻԼ Կապիտալ» ՍՊԸ-ին (որի խորհրդի նախագահը նույն Էդուարդ Սուքիասյանն է), մնացած 5 տոկոսը՝ Լարիսա Սահակովային (այս փայի իրական տերը, ըստ «Հետքի», Սահակովայի որդին է՝ FlyOne Armenia-ի գլխավոր տնօրեն, Ռուսաստանի քաղաքացի Արթուր Պողոսբեկյանը, որը Դոմոդեդովոյում բիզնեսներ ունի):
Խնդիրները, որոնց բախվում են FlyOne Armenia-ի հաճախորդները, նոր չեն՝ մոլդովական Fly One-ը հայտնի է նույն գործելաոճով, ինչի համար 2022-ին զրկվել է թռիչքային թույլտվությունների զգալի մասից։
Ավիաընկերություններին վերահսկելու գործառույթը Հայաստանում դրված է Քաղավիացիայի կոմիտեի վրա, որը, սակայն, սպառողների շահերի պաշտպանությամբ չի զբաղվում։ Չկան հստակ ամրագրված նորմեր, որոնց պետք է համապատասխանեն ավիաուղևորներին մատուցվող ծառայությունները: Դրանց վատ որակը հիմք չէ օդանավ շահագործողին վկայականից, թռիչքների համար տրվող հավաստագրերից կամ թույլտվություններից զրկելու համար։