Հայաստանի ու Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները Վաշինգտոնում երեկ ռազմավարական գործընկերության մասին խարտիա են ստորագրել։ Խոստացել են ստեղծել նոր հանձնաժողով, որի նպատակը՝ ընդլայնել հնարավոր փոխգործակցությունը տնտեսական, ենթակառուցվածքային, էներգետիկ, անվտանգային,ժողովրդավարության, ներառականության և նույնիսկ միջանձնային հարաբերությունների ոլորտում։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով՝ աշխատելու են Հայաստանի հետ, որ ամրապնդեն «ինքնիշխանությունը և սուվերեն տարածքի պաշտպանությունը»։ Փաստաթղթում հիշատակվել է Վաշինգոտնի ամուր քաղաքական աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային նախագծին, որը Հայաստանը հակադրում է ռուս-ադրբեջանական «Զանգեզուրյան միջանցքին»։ Ակնարկ է արվել, որ կարող է ընդլայնվել նաև էներգետիկ ոլորտում հայ-ամերիկյան գործընկերությունը։ Բլինքենը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ-ից Հայաստան է ժամանելու մաքսային և սահմանային պարեկների թիմ, որ «հայ գործընկերների հետ աշխատի սահմանային անվտանգության կարողությունները զարգացնելու վրա»։
Փաստաթուղթը դեկլարատիվ բնույթ է կրում։ Ամբողջական տեքստը հրապարակվել է Հայաստանի արտգործնախարարության կայքում։ Ջո Բայդենի արդեն հեռացող վարչակազմից այս խարտիան կժառանգի Դոնալդ Թրամփի կաբինետը․ փաստաթղթի մոտ ապագան կախված է լինելու նրա թիմից, որի տարածաշրջանային մտադրությունները դեռ անորոշ են։ Կախված քաղաքական ճամբարից և ներքաղաքական նպատակներից՝ հայաստանցի փորձագետների մի մասը խարտիան գնահատում է որպես դարակազմիկ ձեռքբերում, մյուս մասը՝ կիսվում վտանգավոր սպասումներով, որոնք հիմնականում կապված են Ռուսաստանի հնարավոր հակազդեցության հետ։
Քաղաքագետ Հակոբ Բադալյանն ընդգծում է՝ ստորագրված փաստաթուղթը, ըստ էության, զուտ կանոնադրություն է, որն ուրվագծում է հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հանձնաժողովների աշխատանքի հնարավոր շրջանակները։ Հայաստանում այն խիստ ուռճացված է ներկայացվում, կարծես ստորագրվածը ոչ թե խարտիա է, այլ գործընկերության պայմանագիր․ «Դրանց տարբերությունը շատ էական է, որովհետեւ մեկը ընդամենը աշխատանքային կարգ է, աշխատակարգ, իսկ մյուսը միջպետական հարաբերության կարգավիճակ»։
Բադալյանն առաջարկում է աղմկոտ անտուրաժի փոխարեն ուշադրություն դարձնել նրան, ինչը կոնկրետ է։
Զանգեզուր
Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ առաջիկայում Հայաստան կժամանի ԱՄՆ մաքսային ու սահմանային պարեկների աշխատանքային խումբ, որի նպատակն է օգնել Հայաստանին՝ ավելացնել սահմանային անվտանգության կարողությունը: Ինչի՞ մասին է այս հայտարարությունը։
«Արդյո՞ք «Միջին միջանցքի», որի մասին դեռևս 2024 թվականի ամռանը Երեւանում հայտարարեց Էնթոնի Բլինքենի տեղակալ Ջեյմս Օ Բրայանը․ ԱՄՆ-ի համար առաջնահերթ է կառուցել Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով առեւտրային միջանցք, և հատկապես Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա երթուղով:
Մյուսը: Հոկտեմբերին Փաշինյան-Պուտին հանդիպմանը ձեռք բերվեց համաձայնություն, որ Իրանի հետ Հայաստանի սահմանի անձնագրային անցակետը ամբողջությամբ կանցնի Հայաստանի սահմանապահ ծառայությանը և ռուս սահմանապահները այլևս ծառայություն չեն իրականացնի այդ անցակետում: Նախորդ տարի դեկտեմբերից այդ համաձայնությունը մտավ ուժի մեջ: Արդյո՞ք ամերիկյան մաքսային ու սահմանային պարեկների խմբի այցի «թիրախում» նաև այդ անցակետն է: Արդյո՞ք հայ-ամերիկյան քննարկումների մասին իրազեկվածության պատճառով էր, որ Իրանի պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, որ հասկանալով Հայաստանի համար հայ-ամերիկյան հարաբերության կարեւորությունը՝ այդուհանդերձ դեմ են ռեգիոնում ԱՄՆ ներկայությանը: Ընդ որում, այդ առումով էլ ուշագրավ է, որ օրերս Հայաստանում էր Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ահմադիանը, որին Երեւանը հավաստիացնում էր հայ-իրանական «բնական շահերի» անսասանությունը», – գրել է քաղաքագետը։
արդյոք Հայաստանն է որոշել
Վաշինգտոնում «երկու բառով» հայտարարվել է նաև, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության (ԻԼԻՊ) դեմ պայքարի Գլոբալ կոալիցիային, որը գլխավորում է ԱՄՆ-ն: Բադալյանը սա անակնկալ որոշում է համարում՝ նախօրոք ոչինչ չէր հաղորդվել։
Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիան կազմավորվել է 2014 թվականին, գործել է Սիրիայում ու Իրաքում: Այդ կոալիցիան ներառում է մոտ 7 տասնյակ պետություն՝ ներգրավված տարբեր ձևաչափերրով եւ բնույթով: Ռազմական բաղադրիչով մասնակցություն ունեցել է մոտ 23 պետություն:
Բադալյանը հիշեցրել է․ «Սիրիայում հայտնի իրադարձությունների մեկնարկին՝ Հալեպի ընկնելուց առաջ, Հայաստանը հայտարարեց, որ «ժամանակավորապես դադարեցնում» է Հալեպում մարդասիրական առաքելության՝ ականազերծողների ու բժիշկների առաքելության գործունեությունը: Հիշեցնեմ, որ այդ առաքելությունը Սիրիայում էր Ռուսաստանի հետ համաձայնության շրջանակում: Հիմա, երբ Սիրիայում ըստ էության հիմնավորապես փոխվում է իրավիճակը, Ռուսաստանի ներկայության տրամաբանությունը և այլն, արդյո՞ք Հայաստանը իր առաքելությունը կշարունակի արդեն «Իսլամական պետության դեմ պայքարի գլոբալ կոալիցիայի» շրջանակում»:
Ինչ է ենթարդում այս որոշումը, արդյոք կոալիցիային միանալը ամերիկյան կողմի նախապայմաններից է եղել, ինչու այդ մասին նախօրոք չի հայտարարվել։ «Այստեղ բուն խնդիրն անշուշտ միանալը չէ: Այդ որոշումը բնականաբար անհրաժեշտությունների հարց է, որոնք կարող են լինել շաղկապված: Եթե որոշումը անհրաժեշտ է եղել լոկ պետքարտուղարությունից ստորագրում ստանալու համար, ապա դա մի հարց է, եթե պետք է եղել այս շրջափուլում Հայաստանի շուրջ անվտանգային ռիսկերի կառավարման հարցում գործուն որեւէ աջակցություն ստանալու համար, դա ուրիշ հարց է: Բայց էականն այն է, որ Հայաստանի հանրությունը փաստացի այդ թեմայով չի ստանում պատշաճ տեղեկատվություն եւ Հայաստանի որոշման մասին առաջինը լսում է այլ երկրի բարձրաստիճան պաշտոնյայից», – գրել է քաղաքագետը։
արաբական ձախողում
«Պատմությունից հայցելով ներողություն, այդուհանդերձ այս պահին ավելի շատ ուշադրության արժանացնեմ, օրինակ, հարևան պետության նախագահի հանդիպումը Էմիրությունների նախագահի հետ, որի ընթացքում քննարկվել են ներդրումային հերթական ծրագրերը:
Ինչու՞ եմ ուշադրության արժանացնում հենց դա: Որովհետեւ նույն Էմիրությունների հետ, որոնց ներդրումային ֆոնդը այսօր խոշորագույնն է աշխարհում եւ գերազանցել է անգամ Սաուդների ֆոնդին, Հայաստանը «ձախողել» է արդեն երկու էական ներդրումային խոշոր ծրագիր՝ ազգային ավիափոխադրող ընկերության ստեղծում եւ արեւային կայանների կառուցման ծրագիր։ Մեկը Էյր Արաբիա հեղինակավոր ընկերության հետ էր, մյուսը՝ Մասդար ընկերության, որը նույնպես խոշորագույններից է աշխարհում:
Անշուշտ, հիանալի է իհարկե որեւէ պետության, առավել եւս համաշխարհային գերտերության հետ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը, եւ երկու հարցերը ես բացարձակապես չեմ հակադրում միմյանց:
Բայց, շատ ավելի առողջ ու արդյունավետ կլիներ, եթե մեր հանրությանը նույնքան հուզեր Հայաստանին առնչվող իրական ներդրումային պորտֆելների, դրանց առկայության, ծավալի, բնույթի, եւ իհարկե՝ հաջողության պատմությունը: Կրկնեմ, իրական ներդրումային ծրագրերի, այլ ոչ թե վերացական, դեկլարատիվ բնույթի նպատակներով հատկացվող դրամաշնորհների կամ վարկերի:
Մինչդեռ, իրական տնտեսությունը մեզանում նույնիսկ հաասարակական-քաղաքական կյանքի երկրորդական պլանում չէ, այլ երրորդական, չորրորդական: Եվ դա այն դեպքում, երբ պետությունը տնտեսությունն է, դրա կառուցվածքը, բովանդակությունը, իսկ անվտանգությունը՝ նաեւ համաշխարհային խոշոր տնտեսական խաղացողների հետ գործնական պայմանավորվածությունների հաստատուն կարողությունը <․․․>», – հավելել Բադալյանը: