Գերմանիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է Պահպանողական կուսակցությունների դաշինքը՝ Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ։ Քրիստոնեադեմոկրատների գլխավորած դաշինքը ստացել է քվեների 28․6 տոկոսը։ Ապագա կանցլեր Մերցը խոստանում է վերականգնել Գերմանիայի դերը Եվրոպայում, անկախանալ Միացյալ Նահանգներից և ազատվել միգրանտներից։
Ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, որին աջակցում և հովանավորում է թրամպական միլիարդատեր Իլոն Մասկը, երկրորդ տեղում է՝ պատմական ռեկորդ աջ պոպուլիստների համար։ Ալիս Վայդերի կուսակցությունը 20․8 տոկոս է հավաքել՝ փաստացի կրկնապատկելով իր պատգամավորական մանդատները։
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը առաջնորդում է գործող կանցլեր Օլաֆ Շոլցը, երրորդ տեղում է՝ 16․4 տոկոս։ Սա վատագույն արդյունքն է կուսակցության պատմության մեջ։ Սոցիալ-դեմոկրատները կորցրել են մանդատների գրեթե կեսը։ Շոլցը արդեն ընդունել է պարտությունը։
Բունդեսթագ են անցել նաև «Կանաչները»՝ 11․6 տոկոս, և Ձախական կուսակցությունը (Die Linke)՝ 8․8 տոկոս։ Ձախերի հարաբերական հաջողությունը կարելի է համարել փոքրամասնության արձագանք ուլտրաաջերի տրիումֆին։
Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 84 տոկոսը՝ ամենաբարձր ցուցանիշը 1990-ից ի վեր։
Խորհրդարանական տեղերից 208-ը բաժին կհանսի քրիստոնեադեմոկրատների ղեկավարած դաշինքին, 152-ը՝ ուլտրաաջերի «Այլընտրանքին», 120-ը՝ սոցիալ-դեմոկրատներին, 85-ը՝ կանաչներին և 64-ը՝ ձախերին։
Կանցլեր ընտրելու համար հարկավոր է կայուն մեծամասնություն ձևավորել․ Ֆրիդրիխ Մերցի գլխավորած «Քրիստոնեադեմոկրատական միության» և «Քրիստոնեասոցիալական միության» դաշինքը, ամենայն հավանականությամբ, կոալիցիա կձևավորի սոցիալ-դեմոկրատների և կանաչների հետ։ Ենթադրվում է, որ բանակցությունները կտևեն մինչև ապրիլ։
Նախընտրական շրջանում Մերցը բացառել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հետ դաշինք կազմելու հավանականությունը․ ուլտրաաջերի հետ չեն համագործակցում նաև Բունդեսթագ անցած մյուս կուսակցությունները։ «Այլընտրանքի» առաջնորդ Ալիս Վայդերը, մինչ այդ, հայտարարել է, թե պատրաստ է համագործակցել ում հետ ասես, թեև հասկանում է, որ ոչ ոք չի պլանավորում ընդունել այդ հրավերը։
Ընդդեմ միգրանտների, հանուն բիզնեսի
Ինչպես միշտ՝ նախընտրական դեբատները կենտրոնացած էին տնտեսական, անվտանգային և միգրացիոն հարցերի վրա։
Շոլցի գլխավորած դաշինքը քանդվեց տնտեսական քաղաքականության շուրջ տարաձայնությունների պատճառով․ Գերմանիան Եվրամիության տնտեսական ավանգարդն է, բայց երկրի եկամուտներն արդեն երկրորդ տարին է՝ չեն աճում։ Գերմանական ինդուստրիայի գրավականը էժան ռուսական գազն էր։ Ներկրման դեմ սանկցիաներից և Հյուսիսային հոսքի պայթեցումից հետո քաղաքական կուսակցությունները ստիպված են նոր բան մտածել։
Ստեղծված իրավիճակը պայմանավորված է նաև Գերմանիայի արտաքին քաղաքականությամբ։ Գեոպոլիտիկ վեճն այս անգամ ավելի սուր էր։ Միացյալ Նահանգներում նոր վարչակազմ է հաստատվել, որը փոխել է իր արտաքին քաղաքականությունը։ Սա առաջին հերթին ուկրաինական պատերազմին և Ռուսաստանի հետ հարաբերություններին է վերաբերում։ Վաշինգտոնը բանակցություններ է սկսել Մոսկվայի հետ՝ դրանցից ի սկզվանե բացառելով եվրոպացի դաշնակիցներին։ Եվրոպացիները կանգնել են փաստի առաջ։ Դատելով պաշտոնական հայտարարություններից՝ Միացյալ Նահանգները մտադիր է նահանջել իր դիրքերից, մասնակիորեն համաձայնել Կրեմլի պահանջներին։ Քննարկվում է նաև տնտեսական համագործակցությունը վերականգնելու հարցը, որը սառեցվել էր Արևմտյան պատժամիջոցներով։ Այդ պատժամիջոցներից ամենաշատը տուժել է հենց Գերմանիան, որը ռուսական էներգակիրների կարևոր սպառողներից էր համարվում։
Նախընտրական քարոզարշավում ռասիստական սենտիմենտների պակաս էլ չկար։ Աջերը շեշտը դնում էին հակամիգրանտական քաղաքականության վրա, պարբերաբար հիշտակվում էր, որ 2024-ի մայիսից հետո Գերմանիայում մահացու հարձակումների առնվազն 5 դեպք է գրանցվել, որոնցից 3-ը՝ հենց նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Գերմանական մամուլը շեշտում էր, որ այդ հարձակումները իրականացվել են միգրանտական հետագիծ ունեցող մարդկանց կողմից։
Աջեր և ուլտրա աջեր
Ապագա կանցլերը՝ Ֆրիդրիխ Մերցը, խոստացել է վերականգնել Գերմանիայի տնտեսությունը, խիստ սահմանափակել միգրացիան, կրճատել հարկերը և սոցիալական ծախսերը։ Ու թեև նրա կուսակցությունը հրաժարվում է ուլտրաաջերի հետ կոալիցիայից, նրանց նախընտրական խոստումներն այս մասով կրկնվում են։
Ե՛վ քրիստոնեադեմոկրատները, և՛ «Այլընտրանքի» աջ պոպուլիստները ներգաղթյալների դեմ պատերազմ և սոցիալական ապահովության ապամոնտաժում են նախատեսում։ Բայց հաղթած կուսակցությունը խոստանում է շարունակել աջակցել Ուկրաինային՝ նոր տեմբերով և ավելի վճռական։
Ուկրաինային աջակցություն են խոստանում նաև սոցիալ-դեմոկրատները՝ պահպանողականների հավանական դաշնակիցները։ Թեև նրանք դեմ են հարկերի և սոցծրագրերի կրճատմանը, ենթադրվում է, որ դաշինք կազմելու համար կարող են և վերանայել իրենց առաջնահերթությունները։
Աջերի «այլընտրանքը», հակառակը, նախատեսում է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ավելին՝ նրանք Եվրամիության արմատական վերաձևում են առաջարկում և խոստանում դուրս գալ ԵՄ-ից, եթե այդ վերաձևումը չհաջողի։ «Ալտերնատիվի» առաջնորդները առաջարկում են նաև վերականգնել ատոմային էլեկտրակայանների աշխատանքը։
Հետաքրքիր է քվեների աշխարհագրական բաշխումը․ ուլտրաաջերը վստահ հաղթանակ են տանում Արևելյան Գերմանիայում, թեև վերջին տարիներին աջակիցներ են գտել նաև արևմտյան նահանգներում։
Միացյալ Նահանգների նոր նախագահ Դոնալդ Թրամփի թիմակից Իլոն Մասկը բացահայտ աջակցություն է հայտնել «Այլընտրանքին»։ Իսկ Ամերիկայի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հանդիպել է Վայդելի հետ՝ Մյունխենի գագաթնաժողովին իր հայտնի ելույթից անմիջապես հետո, որում քննադատում էր Արևմուտքին և առաջարկում «թշնամիներ» փնտրել ներսում, ոչ թե դրսում։
Մերցը ընտրություններից հետո հայտարարել է՝ Գերմանիայի համար առաջնահերթություն է լինելու ԱՄՆ-ից «իրական անկախացումը», մասնավորապես, անվտանգության հարցերում։ Նա խոստացել է մեծացնել բանակի ֆինանսավորումը՝ ՀՆԱ 2 տոկոսից առնվազն 3 տոկոսի (127 միլիարդ եվրո)։