Տարեսկզբից Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 17 բանտարկյալ է մահացել։ Աճել է նաև ինքնասպանությունների վիճակագրությունը՝ առնվազն 7 դեպք 8 ամսվա ընթացքում։
Դատապարտյալների հարազատներն ամենաշատը բողոքում են առողջապահական ծառայություններից։ Հաճախ կալանավորները հացադուլ են հայտարարում զուտ հիվանդանոց տեղափոխվելու պահանջով։ Չնայած արդարադատության նախարարությունն ամեն անգամ արդարանում է, թե բուժումը կազմակերպվում է նորմերին համապատասխան, կառավարությունն էլ է համաձայն, որ բանտարկյաների համար նախատեսված բուժհիմնարկներում պայմանները լավը չեն, և համակարգը ենթակա է վերաձևման։
Վերջերս նախագիծ է մշակվել, որով առաջարկվում է մինչև 2025-ի տարեվերջ լուծարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն, քանի որ հնարավոր չէ բարեփոխել։ Հատկացվող միջոցները կառավարությունը նախատեսում է ուղղել ՊՈԱԿ-ներին, որոնք առողջապահության նախարարության ենթակայությամբ գործում են քրեակատարողական հիմնարկների ներսում, կամ քաղաքացիական հիվանդանոցներին, որոնցում նախատեսվում է կազմակերպել բանտարկյալների առանձին խմբերի (օրինակ՝ հոգեբուժական խնդիրներ ունեցողների) բուժումը։
Մինչև 2026-ի վերջ նախատեսում են փակել նաև «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկները, որոնք չունեն մինիմալ կենցաղային պայմաններ։ Դրանք լուծարելու որոշումն ընդունվել է վաղուց, բայց ժամկետներն անընդհատ երկարաձգվում են։
Լրագրողների մուտքը քրեակատարողական հիմնարկներ սահմանափակված է և վերահսկելի։ Պաշտոնական հաղորդագրությունները ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխանում եղածներին։ Հասկանալու համար՝ ինչ է կատարվում բանտերի ներսում և ինչով է պայմանավորված մահերի այս վիճակագրությունը, Epress.am-ը զրուցել է նախկին դատապարտյալ Ա․Ս․-ի հետ։
պայմաններ
Քրեակատարողական հիմնարկները մեծամասամբ հին, Սովետի օրոք կառուցված շենքերում են։ Ես եղել եմ Նուբարաշենում, Արմավիրում, Սևանում և Կոշում, որն արդեն փակվել է։ Խցերում մարդկանց վիճակը ծանր է․ 6-7 հոգի ապրում են 20 կամ 24 ք/մ տարածքում, որից 6 քմ-ն հատկացվում է բաղնիք-զուգարանին, օրվա ընթացքում համարյա չեն շարժվում։ Արմավիրում խմելու ջուրը կեղտոտ է, Նուբարաշենում ընդհանրապես պայման չկա, Սևանում թաղթաբիթիներն են պրոբլեմ, համարյա ամեն տեղ օդափոխության ու խոնավության խնդիր կա: Եթե դրսում +30 է, խցային պայմաններում ջերմաստիճանը հասնում է +45-ի։ Հիմա կոնդիցիոներ են դրել, բայց խնդիրը չի լուծվում։
Սրան գումարվում է նաև հիվանդությունների շրջանառությունը փակ տարածքներում, ընդհանուր նյարդային վիճակը․ եթե հիվանդ չես, կհիվանդանաս ընթացքում, եթե հիվանդ ես՝ ավելի վատ։
հացադուլ
Հացադուլ են հայտարարում հիմնականում նախաքննության փուլում։ Կա էդպիսի օրինաչափություն։ Հացադուլն օգնում է ուշադրություն հրավիրել քննության նկատմամբ, կալանավորները հույս ունեն, որ օրենքը կկիրառվի ի օգուտ իրենց։
Դատապարտյալների դրդապատճառներն այլ են․ հիմնականում հացադուլ են անում առողջական խնդիրների պատճառով կամ վաղաժամկետ ազատման պահանջով։ Կան նաև խմբակային հացադուլների դեպքեր, բայց դրանք ունեն ավելի կոմպլեքս պատճառներ։
Ցանկացած պարագայում կարգն այնպիսին է, որ հացադուլ հայտարարած անձին պետք է մեկուսացնել։ Նրանց պահում են առանձին խցերում, սահմանվում է վերահսկողության հատուկ ռեժիմ։ Հսկիչը 10-15 րոպեն մեկ գալիս է, որ ստուգի՝ գիտակցության մեջ է արդյոք, շարժվում-խոսում է թե ոչ։ Առաջին հինգ օրը բուժզննումը երկու ժամը մեկ է, 5-րդ օրվանից սկսած՝ ժամը մեկ։ Եթե վիճակը կրիտիկական է, բժշկական միջամտություն է ցուցված հացադուլավորի կամքից անկախ։ 12-րդ օրվանից հետո հսկողությունը խստացվում է, և բժշկական ստուգումներն արվում են 15 րոպեն մեկ։
Առաջին անգամ հացադուլ եմ արել բանտում՝ բժշկական հարցերի, Հեպատիտ C ունեցող հիվանդների խնդիրների, հեռախոսի անհասանելության հետ կապված՝ 19 օր։ Երկրորդ անգամ հացադուլ եմ արել ազատության մեջ՝ Դատախազության շենքի դիմաց։ Տևել է 11 օր։ Նույնիսկ ազատության մեջ հացադուլը հատուկ հսկողության ռեժիմ է ենթադրում։ Սա բարի կամքի դրսևորում չէ, այլ օրենսդրական պահանջ․ կան միջազգային նորմեր, ներքին կարգավորումներ, որոնք ապահովվում են։
բժիշկներ
Առողջապահության հետ կապված․․․ Նախ, պետք է խոստովանեմ, որ հիմա մի 500 տոկոսով ավելի լավ է, քան եղել է նախկինում։ Ասկոֆեն-անալգինից անցնել ենք բուժման։ Ավելի հաճախ են հիվանդանոց տեղափոխում, իրոք բուժում, դեղեր հատկացնում և այլն։
Չեմ ասում, թե չկան խնդիրներ։ [Արմավիրիր ՔԿՀ-ից] բժիշկ Գեժոյանին, օրինակ, կալանավորել են և մեղադրում են նրանում, որ իրա պատճառով կալանավորներ են մահացել, որ ժամանակին սկոռի չի կանչել, այս չի արել, այն չի արել։ Ես չեմ կարծում, որ սա համատարած բան է։
Ինչ վերաբերում է հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց, խնդիրները նախքան ՔԿՀ-ն են սկսվում։ Սա դատարանների, դատախազության, սխալ պաշտպանության հարց է։ Հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ շատ հաճախ վճարունակ չեն, չունեն նորմալ փաստաբան, հանրային պաշտպանի ինստիտուտի համար էլ նրանց գործերը հերթական գործ են զուտ, այսինքն՝ արդյունավետ պաշտպանություն չի իրականացվում։ Դատավճիռը կայացվում է, մարդը հասնում է քրեակատարողական հիմնարկ, տեսնում են, որ նա հոգեկան խնդիր ունի, բայց ի՞նչ անել։ Փաստաթղթեր չեն ներկայացրել ո՛չ դատախազը, ո՛չ փաստաբանը, դատավորն էլ առանց խորանալու պատիժ է նշանակել։ Բանտի անձնակազմի համար էլ է սա պրոբլեմ, ու նրանք իսկապես փորձում են ինչ-որ լուծում գտնել, տեղափոխել հոգեբուժական հաստատություն և այլն։ Դա բարդ, ժամանակատար պրոցես է։ Դատապարտյալը մտավ խուց, վե՛րջ, ինքը էլ չի ուզում ոչ մի բան լսել ու հեշտ չի ամիսներով սպասելը։ Ինքնավնասման և ինքնասպանության դեպքերի մեջ շատ կան հենց հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ։ Ամեն հինգշաբթի, ուրբաթ հոգեբույժներ են գալիս ՔԿՀ, դեղեր են նշանակում։ Եթե ծանր հիվանդություն է, դա հարցին լուծում չի տալիս։ Հաստիքային հոգեբույժ ՔԿՀ-ում որպես կանոն չկա, այցելությունները քիչ են՝ շաբաթը մեկ անգամ։
Իսկ ընդհանուր առմամբ, բուժկետը կա, բժիշկը կա, գնացող-եկողը կա, գլխավոր բժիշկը կա, անհրաժեշտության դեպքում առաջնային վիրահատությունը կա։ Որպես նոր զարգացող ինստիտուտ, ինքը բախվում է տարբեր խնդիրների։ Ու շատ բան կախված է ՔԿՀ-ի գլխավոր բժշկի բարոյական կերպարից։ Դատապարտյալները պետպատվերի տակ են ընկնում՝ բացառությամբ որոշ դեպքերի։ Ու ստեղ սկսվում են բոլոր այն խնդիրները, որոնք կան նաև ազատության մեջ պետպատվերի հետ կապված։
Ես ընկեր ունեմ, որ մի սթից գողություն է արել, վեց ամսով կալանավորվել է, որ սիրտը վիրահատի։ Ստենտ են դրել դատապարտված լինելու ժամանակահատվածում, մի մեշոկ էլ ձրի դեղ։ Ստենտավորումների համար, եթե ազատության մեջ լիներ, մի քանի միլիոն դրամ պիտի վճարեր։ Ու ներսում բոլորն էլ տեղյակ էին, ինչի է ինքը էտ գողությունն արել։ Մի 5 տարի հետո, երբ նոր վիրահատության կարիք ունենա, հետ է գալու քրեակատարողական հիմնարկ։
Դժվար է բացատրել, թե ինչքան բան է կախված տեղում կոնկրետ մարդուց։ Եթե քրեակատարողականի գլխավոր բժիշկը բարեխիղճ է, բախտդ բերեց։ Ամեն ինչ հնարավոր է հեշտ կազմակերպել։ Օրինակ՝ Սևան ՔԿՀ-ի նախկին գլխավոր բժիշկ Սիմոնյանը, որը նաև Հրազդան ՔԿՀ-ի գլխավոր բժիշկն է եղել․ ես չեմ հանդիպել գոնե մեկ դատապարտյալի, որ բողոքի նրանից։ Իրեն ասում էին՝ ինչ-որ շատ ես պետպատվերներ բացում, ինքն էլ ասում էր՝ ես իմ պարտականություններն եմ կատարում։ Նրա օրոք նաև քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու հետ կապված խնդիրներ չեն եղել։ Ինչքան դիմում ենք գրել, մի հատ մերժում չենք ստացել։ Պարզ է, որ նման պայմաններում ոչ ոք հացադուլ չի հայտարարելու, ինչ է թե անալիզ է ուզում հանձնել։
Ուրիշ օրինակ՝ առողջապահության ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթը, որը վիզ էր դնում, որ պետպատվերը չկպնի։ Մենք դա բացատրում էինք նրանով, որ էտ մարդը զուտ ֆոբիա ունի դատապարտյալներից, իրոք զզվում էր իրա պացիենտներից․ Գեժոյանի հետ միասին ահագին ջանք են գործադրել, որ դատապարտյալի կյանքը վերածեն դժոխքի։ Իրենց հիմնարկում խնդիրները մշտական բնույթ են կրել։
Հարց կարելի է տալ՝ ո՞նց են նման մարդիկ հայտնվել քրեակատարողական հիմնարկում, առողջապահական համակարգում։ Կային բժիշկներ, որոնց ձեռք էր տալիս կախվածություն ունեցող մարդկանց չբուժել, փոխարենը՝ դեղ վաճառել նրանց և նրանց ընկերներին։ Մարդիկ կան ՔԿՀ-ների ներսում և հենց բուժկետերում, որ տարիներով հարստացել են դրա հաշվին։ Կան նաև ձերբակալվածներ։
ինքնավնասում
Ինչ վերաբերում է ինքնավնասման դեպքերին։ Մի տարի ՔԿԾ-ն 200 դեպքի մասին է հաղորդում, մի տարի՝ 300։ Դրանք կարող են ավելի շատ էլ լինել։
Ես վեցը տարի ապրել եմ բանտում, հազարումի պատճառ եմ տեսել․ մարդ կա՝ հոգեկան շատ վատ վիճակում է, մարդ կա՝ բողոքում է դատավճռի դեմ, մարդ կա՝ բանտից դուրս մեծ խնդիրներ ունի։ Հոգեբան շատ հաճախ չկա, հանրային պաշտպանի ինստիտուտը նորմալ չի աշխատում, ներսի կյանքին հեշտ չէ ադապտացվել։
Առաջ ինքնավնասման դեպքերը մեծամասամբ կապված էին ղումար խաղալու, կրված փողը տեղ չհասցնելու հետ։ Ինքնասպան էին լինում, որ «ֆուֆլո չմնան»։ Հեղինակությունը փրկելու միջոց էր։ 2019-ից հետո ղումարը կրճատվել է։ Որոշ տեղերում էլ չկա։
Ինքնասպանությունները հիմա ընդունված է կապել քրեական ենթամշակույթի հետ։ Դա սուտ է։ Էտ ենթամշակույթը ավելի շատ միջանձնային կոնֆլիկտներ է կանխել, քան ստեղծել։ Ավանդույթային նորմերով ապրող մարդկանց համար օրենք խախտելը կամ օրենքին հակառակ ապրելը խնդիր չէ, հակառակը։ Բայց կա մի բան, որը հստակ է դրված՝ մարդկային կյանքը գերակա արժեք է, մարդուն կյանքից զրկել չի կարելի։ Սա զսպման մեխանիզմ է համակարգի ներսում։ Բայց այդ ենթամշակույթում որոշ բաներ չեն ներվում երբեք, օրինակ՝ մարդիկ, որոնք բռնաբարության կամ անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգության համար են դատվել։ Նրանց կյանքը բանտում այլ տեսակի պատիժ է լինելու։
Նուբարաշենում, օրինակ, մոտ 600 կալանավոր-դատապարտյալ կա և մոտ 400 աշխատող, ամեն ինքնասպանության դեպք ենթադրում է, որ էտ հազար հոգու անդորրը ամիսներով խաթարվելու է։ Դա ոչ մեկին պետք չէ։ Ես չեմ ասում, որ չեն լինում կոնֆլիկտներ կամ չկա ներքին հիերարխիա։ Բայց կան նաև մեխանիզմներ, որոնք զսպում են մեծ միջադեպերը։
վաղաժամկետը չի աշխատում
Արդեն ասացի, որ երկրորդ անգամ հացադուլ եմ արել ազատության մեջ՝ Դատախազության շենքի դիմաց։ Ինձ վաղաժամկետ ազատ էին արձակել, և դատախազությունը բողոքարկել էր որոշումը Վերաքննիչ դատարան։ Դատախազությունը համարյա թե միշտ բողոքարկում է պայմանական վաղաժամկետ ազատման որոշումները, որովհետև ազատազրկումը դիտարկում է որպես ինքնանպատակ։ Նրանք իրոք չեն հասկացել, ինչ է նշանակում «վերասոցիալականացում»։ Սրա պատճառով դատավորները խուսափում են ազատման որոշումներ կայացնելուց և նախընտրում են դատապարտյալին թողնել փակի տակ, նույնիսկ եթե նա անցել է արդեն բոլոր փուլերով, կուտակել է անհրաժեշտ բալերը, խուսափել է ՉէՊէ-ներից, գնացել է բոլոր պարապմունքներին, անվճար աշխատել է, դրական վարքագիծ է ցուցաբերել։ Դատապարտյալների համար սա ամենամեծ անարդարությունն է, ու իմ հացադուլը սրա դեմ բողոքելու վերջին միջոցն էր։
Դատախազության պատնեշը ուղղակի չի հաղթահարվում։ Ինձ թվում է, մինչև էս դատախազները չգնան վերջապես թոշակի, էտ համակարգը չի էլ աշխատելու։ Էս ծրագրի տակ դատախազությունը ստորագրել է, որովհետև կառավարությունն է ասել՝ ստորագրի։ Եվ հիմա ուղիղ է ասում՝ ստորագրել եմ, բայց համարում եմ դա անիմաստ։
Պետության բյուջեից տարեկան 300 միլիոն դրամ է ծախսվում կամ գրանտային միջոցներից 1,5 միլիոն դոլար է հատկացվում վերասոցիալականացման ինստիտուտը կայացնելու համար։ Դատախազությունը սա համարում է անիմաստ ծախս։ Ու քանի դեռ Դատախազությունը չի գնում այս ճանապարհով, այլ շարունակում է հին, պատժողական քաղաքականությունը՝ սա իրոք անիմաստ ծախս է։ Այդ գումարը տալիս են տարբեր ՊՈԱԿ-ներին, դասընթացներ են կազմակերպում, արհեստանոցներ են սարքում, բարեկարգում են անում և այլն։ Մարդիկ գնում են այդ դասըթացներին, անվճար աշխատում են արհեստանոցներում, որ պատժի ⅔-րդը կրելուց հետո վաղաժամկետ ազատման հնարավորություն ունենան։ Դատախազությունը ասում է՝ չեմ հավատում, որ անձը կարող է վերասոցիալականացվել։ Վերջին խոսքը, ենթադրենք, դատավորինն է։ Բայց դատավորը կոնկրետ գործի դետալներում խորանալու ժամանակ չունի, ինքը մի հատ է, գործերը՝ շատ․ եթե վաղաժամկետ ազատման որոշում կայացնի, գիտի՝ դատախազությունը, հղվելով Վճռաբեկ դատաանի իրարամերժ որոշումներից մեկին, գնալու է Վերաքննիչ ու բողոքարկի, եթե վերաքննիչը իրա որոշումը բեկանի, ինքը մեծ հավանականությամբ ապագայում ընկելու է Արդարադատության խորհրդի կարգապահական վարույթի տակ։ Իրեն դա պե՞տք է։ Ո՛չ։
Սա փակ շղթա է։ Մարդիկ տարիներով ջանք են գործադրում, անընդհատ մերժման որոշում ստանալուց հետո վերջնականապես հիասթափվում են համակարգից։ Առանձին խնդիր են ցմահները․ 30-35 տարի պատիժ կրելուց հետո նրանց կտրում են վաղաժամկետից զուտ կատարած հանցագործության ծանրության հիմքով։ Ինչո՞ւ է օրենքը ծանր հանցագործություններ կատարածներին վաղաժամկետ ազատման հնարավորություն տալիս, եթե նրանք այդ հնարավորությունից ի սկզբանե զրկված են։ Եթե կյանք կյանքի դիմաց սկզբունքն է գործում, թող օրենքի մեջ տենց էլ գրեն, մարդիկ իմանան, որ իրենք այս ընթացակարգից օգտվելու իրավունք չունեն։
Դատապարտյալը մեկ սկզբունք ունի՝ երբեք չվստահել պետությանը։ Սա դիմադրություն է առաջացնում նաև բարեփոխումների նկատմամբ։ Որովհետև այն, ինչ կա օրենքով, և այն, ինչ կա իրականում, իրար չեն բռնում։ Սրան գումարվում է բազային անարդարությունը․ մի գրիչ գողանալու համար մարդուն կարող են չորսը տարվա ազատազրկման դատապարտել, 50 միլիոն դոլար գողանալու համար՝ երեք տարվա ազատազրկման։ Ու չնայած ՔԿՀ-ն դատավճռի հետ կապ չունի, պատիժ նշանակողն ու իրականացնողը նույնացվում են որպես մեկ համակարգի տարբեր մասեր։