Home / Հայաստան / Ադրբեջանը փրկում է Հայաստանին բեռնափոխադրումների ճգնաժամում 

Ադրբեջանը փրկում է Հայաստանին բեռնափոխադրումների ճգնաժամում 

Ադրբեջանը հանել է իր տարածքով դեպի Հայաստան բեռնափոխադրումներ անելու արգելքը՝ նախօրեին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանում։ Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխվող առաջին բեռը ղազախական հացակատիկն է։ Այն արդեն ճանապարհին է։ «Կարծում եմ, որ սա ևս լավ ցուցիչ է նրա, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է ոչ միայն թղթի վրա, այլև գործնականում», – նշել է Ալիևը։ 

Հայաստանի իշխանությունները հաստատել են և ողջունել Ադրբեջանի կողմից սահմանափակումների վերացումը։ «Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման գործում՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ», – պատասխան հայտարություն է տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը», – գրել է նաև Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

Այս նորությունը համընկել է Հայաստանի միջազգային բեռնափոխադրումների ոլորտում առաջացած նոր ճգնաժամի հետ։ Հայկական բեռնափոխադրող ընկերությունները չեն կարողանում բեռներ բերել Հայաստան, որովհետև ֆուռերի վարորդներին արտաքսում են Ռուսաստանից 3-5 տարով: Ռուսաստանում նրանց դեմ սկսել են կիրառել նոր օրենքը, որով արտասահմանցիները ՌԴ-ում կարող են մնալ օրացուցային տարվա ընթացքում առավելագույնը 90 օր՝ նախկին 180 օրվա փոխարեն։ Վարորդները բողոքի ցույցեր են անում Կառավարության շենքի մոտ և պահանջում, որ Հայաստանի իշխանությունները բանակցեն ռուսական կողմի հետ, կամ դիմեն Եվրասիական տնտեսական հանձնաժողով, որպեսզի բեռ տեղափոխների դեմ այդ օրենքը չկիրառվի։

տե՛ս Մենք խոպանչի չենք. ֆուռերի վարորդները բլոկադայի մեջ են

«Սա միայն մեր հարցը չի։ Սա վնասելու է բոլոր բեռներին, որովհետև Ռուսաստանով են գալիս նաև Չինաստանից, Ղասախստանից, Բելառուսից տեղափոխվող բեռները։ Դա Հայաստանի հիմնական ճանապարհն է։ Ամեն ինչն է թանկանալու։ Մի 20 օրից բոլորը կզգան թանկացումները, եթե հարցը չլուծվի», – ասել է վարորդներից մեկը։ 

Հոկտեմբերի 19-ի երեկոյան նրան  նրանք ի նշան բողոքի փակել էին Վրաստանի սահմանի Բագրատաշենի մաքսակետը՝ բարձված բեռնատարերով։ Հոկտեմբերի 20-ի երեկոյան ճանապարհը բացել են՝ համաձայնելով սպասել հոկտեմբերի 24-ի ԵԱՏՄ-ի նիստին, որտեղ , ըստ էկոնոմիկայի փոխնախարարի, քննարկվելու է հարցը։ 

Հայկական ֆուռերի վարորդները անընդհատ խնդիրներ են ունենում նաև հարևան Վրաստանում, որը որպես տարանցիկ երկիր սկսել է ստուգել փոխադրվող բեռները։ «Մի քանի օր է՝ Վրաստանում սկսել են տուգանել նաև հայկական [ուղևորափոխադրող] մեքենաների վարորդներին: Նոր օրենք են ընդունել, ըստ որի նրանք պիտի համապատասխանեն Եվրոմիության ստանդարտներին։ Շատ մեծ շտրաֆներ են գրում` 5000 լարի կամ 700-750 հազար դրամ։ Ամեն մեկը չի կարում վճարել։ Սա էլ նոր խնդիր է», – Epress.am-ին ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից Լևոնը։