Ոչ իշխանական եռյակի ներկայացուցիչները (ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն) մինչև հոկտեմբերի 24-ի պատրաստվում են «ճանապարհային քարտեզ» ներկայացնել։ Այս մասին այսօր կայացած եռյակի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Վերջինիս խոսքով՝ ուժերից յուրաքանչյուրը իր «ճանապարհային քարտեզն» է մշակում, ապա դրանց հիման վրա ստեղծվելու է միասնական ծրագիր։ Հանրահավաքի ժամանակ ամեն քաղաքական միավոր իր ծրագիրն է ներկայացնելու։
Նա ասել է, որ իրենք համարում են, թե հոկտեմբերի 10-ի հանրահավաքի ժամանակ թերություններ կային, օրինակ, հարթակից հնչել են տարբեր իրար հակասող կարծիքներ, մասնավորապես, ԵՏՄ անդամության հարցի շուրջ:
«Հարթակը չպետք է դառնա դեբատների տեղ, այդ թերությունը մենք կաշխատենք շտկել մինչև մյուս հանրահավաքը: Իհարկե, օրինակ, ԵՏՄ-ի հարցում», – ասել է Ռուբեն Հակոբյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ «այնպես չէ, որ ուժերը միավորվել են և պարտադիր է, որպեսզի արտաքին քաղաքական վեկտորի մասին նույն կարծիքը ունենան, կամ դառնան գաղափարական մեկ միավոր»։
Նախորդ հանրահավաքին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր, որ ԵՏՄ անդամակցությունը Հայաստանի համար անշրջելի իրողություն է, իսկ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քննադատել էր Սերժ Սարգսյանին այդ որոշումը կայացնելու համար։
Հանրահավաքից այլ տիպի հիասթափություններ Հակոբյանը չի հայտնել: Նա ասել է, որ միավորված ուժերը միշտ էլ զգուշացրել են, որ մեկ հանրահավաքով իշխանափոխություն չի լինի և դրա համար ժողովրդի չվհատվող աջակցությունն է պետք:
«Ճանապարհային քարտեզի» մասին խոսելով` Հակոբյանը նշել է, որ դա վերաբերում է իշխանափոխություն իրականացնելուն տանող եռյակի հետագա քայլերին:
«Մեր նպատակը իշխանափոխությունն է, սակայն այժմ չենք կարող ասել որևէ ժամանակացույց դրա իրականացման համար, այն էլ՝ 3 ուժերի անունից», – նշել է, «Ժառանգության» ներկայացուցիչը։
Epress.am-ի հարցին, թե արդյոք եռյակը քննարկել է «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առաջարկը` Ռուբեն Հակոբյանն ասել է, որ այդ հարցը նույնիսկ «Ժառանգության» վարչության օրակարգում չէ: