Գյումրիի քաղաքացիները փրկեցին Հայաստանի և Հայաստանի իշխանությունների դեմքը: Այսօր Մեդիա կենտրոնում նման կարծիք է հայտնել ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ Ըստ բանախոսի՝ միայն գյումրեցիների ընդվզումից հետո իշխանությունները փորձեցին ադեկվատ արձագանքել կատարվածին, դրանից հետո էր, որ եղավ Վլադիմիր Պուտինի զանգը:
«Չէր լինի զանգը, քարը գլուխը: Ուղղակի եթե գյումրեցիները չարձագանքեին, այդ սպանդը մարդկանց հիշողության մեջ կմնար որպես մի խելագարի արած հանցանք, խնդիրը չէր ձևակերպվի: Չէր ձևակերպվի,որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը խնդիր ունի ռուսական ռազմաբազայի հետ»,- ասել է Հրանուշ Խառատյանը:
Նրա խոսքով՝ «ռուսական բազան չլինի, թուրքերը մեզ կուտեն» խայծի տակ փորձ է արվում հայերին լռեցնել, մինչդեռ ռուսական բազան, ըստ Խառատյանի, միայն տարածաշրջանում Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ուժերին հակակշռելու համար է:
Ազգագրագետի խոսքով՝ տարօրինակ էր, որ սպանդից անմիջապես հետո սոցիալական տիրույթում առաջ քաշվեց «մի քաղաքականացրեք», «ռուսատյացություն մի սերմանեք» հարցը:
«Շատ տարօրինակ էր մի բանի մասին հեղհեղել, որը իսկապես չկա: Օբյեկտիվ է, որ էդ ռազմաբազան գտնվում է Գյումրիում, օբյեկտիվ է, որ ռազմաբազան պետք է առնչություն ունենա գյումրեցիների հետ: Իհարկե, Հայաստանում որևէ ֆոբություն չպիտի լինի: Սակայն ինչպե՞ս չխոսես ռուսներից, եթե կասկածյալին հանձնել են ռուսներին: Ժողովուրդն ընդամենը պահանջում է, որ հայ իրավապահները քննեն, հասկանալի է՝ որ ոչ սրանց են վստահում, ոչ նրանց, բայց արժանապտվության հարց է»,- ասել է Խառատյանը: Նրա կարծիքով՝ զայրույթի ալիքը կարող է տանել ինքնադատաստանի, որի զոհը կարող է լինել մարդ, ում մեղքը ապացուցված չի համարում հայ հասարակության զգալի մասը:
Անդրադառնալով ՌԴ նախագահի զանգին՝ Խառատյանն ասել է, որ դրանով ապացուցվեց, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը «կոպեկի արժեք չունի»:
Հիշեցնենք, որ Սարգսյանը ոճրագրոծության առաջին օրը հրատալ սելեկտորային խորհրդակցություն էր հրավիրել և խոստացել, որ դեպքի քննությունը կլինի իր վերահսկողության ներքո: Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում վստահեցրել է, որ ոճրագործը կպատժվի խստորեն:
«Նման հայտարարությունը Պուտինը կարող էր անել իրենց դատարանի մասին, ոչ թե Հայաստանի»,- նկատել է Խառատյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում սպանվել են Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներ։ Սպանության մեջ կասկածվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։