Home / Հայաստան / Ձեռնոց ենք նետում Թուրքիային, երբ ՌԴ֊ն է սպառնում մեր անկախությանը․ Լիպարիտյան. «168 ժամ»

Ձեռնոց ենք նետում Թուրքիային, երբ ՌԴ֊ն է սպառնում մեր անկախությանը․ Լիպարիտյան. «168 ժամ»

1994-97 թվականներին Հայաստանի նախագահի ավագ խորհրդական, ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Ժիրայր Լիպարիտյանը պատրաստ չէր ընթերցել մի փաստաթուղթ, որն ամրագրում է արտաքին քաղաքականության բնագավառում արդեն մի քանի տարի շարունակ ընթացող, Հայաստանի անկախությանը սպառնացող վտանգավոր փոփոխությունները։ Այս մասին նա ասել է «168 ժամ» թերթի հետ զրույցում՝ ներկայացնելով այն վտանգները, որոնք պարունակում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը:

Լիպարիտյանի խոսքով՝ հայ ժողովուրդն իր անկախությունը կառուցեց՝ պայքարելով Ռուսաստանի ստեղծած-պարտադրած ԽՍՀՄ-ի ու նրա տիրապետության դեմ։ «Իսկ մենք այնպես ենք խոսում ու այնպիսի քայլեր ենք ձեռնարկում, որ կարծես Թուրքիայից ենք բաժանվել։ Արտաքին քաղաքականություն ենք մշակում, որը ձեռնոց է նետում Թուրքիային, երբ Ռուսաստանն է, որ սպառնում է մեր անկախությանը, ու մենք ինքնիշխանությունը փոքր քայլերով հանձնում ենք Ռուսաստանին»,- ընդգծել է նա։

Դիվանագետի գնահատմամբ` Հայաստանի քաղաքական մտածելակերպը, հետևաբար՝ նաև Ցեղասպանության հռչակագրի իմաստն ու հետևանքները, չի կարելի հասկանալ ու գնահատել, եթե ինքնորոշման կորստի ու Ցեղասպանությանը տված դերի միջև օրգանական կապը չտեսնենք:

«Հարյուրամյակը նաև առիթ պետք է լիներ խորապես քննելու այն բոլոր պատճառները, որոնք մեզ հասցրին ցեղասպանության, և այն պայմանները, որոնք մեզ հասցրին այն վիճակին, որի դեպքում ցեղասպանությունը հնարավոր դարձավ։ Սակայն մենք ավելի հանգիստ ու բավարարված ենք զգում մեզ, երբ օտարից խնդրում ենք Ցեղասպանության ճանաչում։ Կարծես թե դա ավելի հարազատ է մեր քաղաքական մշակույթին։ Սակայն չենք անդրադարձել, որ նման մոտեցումն ունի ծանր ազդեցություն մեր այսօրվա քաղաքականության վրա։ Կամ էլ նախընտրում ենք նման մոտեցում՝ առկա իրավիճակի պատասխանատվությունից խուսափելու համար։ Այս թերի գործունեությունը, ըստ իս, բացատրվում է նրանով, որ սովորություն ունենք անելու այն, ինչ անհրաժեշտ է մեզ լավ զգալու և ոչ անպայման գործը ճիշտ նպատակին ծառայեցնելու համար։ Կարծում եմ՝ 100-ամյակն իմաստավորելու լավագույն ձևը պիտի լիներ Հայաստանի ժողովրդի նկատմամբ մի քիչ հարգանք ցույց տալը, վերաարժեքավորելը մեր պետականության իմաստը՝ այդ ժողովրդի համար արժանապատիվ կյանք ապահովելով»,֊ ասել է Լիպարիտյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում