Էլէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաներում որևէ աշխարհաքաղաքական, արտաքին քաղաքական բաղադրիչ չկա։ Ռուսամետության կամ արևմտամետության հարցն ընդհանրապես չի քննարկվում, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է քաղաքագետ Միքայել Զոլյանը։
«Ի սկզբանե, բողոքը շատ կոնկրետ ծրագիր ուներ՝ բողոքում էին սակագների չհիմնավորված բարձրացման, կոռուպցիայի ու անընդունակ կառավարման դեմ։ Այո, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որի մեղքով ամեն ինչ սկսվեց, ռուսաստանյան «ԻՆՏԵՐ ՌԱՈ»֊ի դուստր ձեռնարկությունն է։ Միևնույն ժամանակ, սակայն, բոլորը հասկանում են, որ ի վերջո պատասխանատվությունը կրում են Հայաստանի իշխանությունները, ու պահանջներն իրենց են հասցեագրված։
Ասում են՝ բողոքի հետևում կանգնած է «հայաստանյան ընդդիմությունը»։ Որքանով հասկանում եմ, դա այնքան էլ այդպես չէ, եթե, իհարկե, այդ բառն օգտագործել ավանդական իմաստով, այսինքն՝ «կառավարության հակառակորդ քաղաքական ուժեր»։ Շարժման առաջնորդների թվում քաղաքական գործիչներ չկան, և ընդհանրապես առաջնորդներ, որպես այդպիսին, չկան։ Կա նախաձեռնող խումբ, որն ինչ֊որ բաներ է կազմակերպում, բայց, միևնույն է, անհասկանալի է, թե ինչպես է այն վերահսկում տեղի ունեցողը։ Ինչ֊որ չափով կազմակերպված ընդդիմություն, այն իմաստով, որով այն կար, օրինակ, հինգ տարի առաջ, Հայաստանում այսօր գրեթե չկա։ Իշխանությունը մաքրել է քաղաքական դաշտը՝ ընդդիմադիր ուժերին զրկելով ֆինանսական ու մեդիա ռեսուրսներից։ Մարդկանց մոտ, սակայն, դժգոհության առիթները չեն պակասել»,֊ գրել է Զոլյանը։
Ըստ քաղաքագետի՝ իշխանությունն ինքն է անում ամեն ինչ, որպեսզի իրավիճակը զարգանա «մայդանական» սցենարով։ Տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի իշխանությունը վարպետության դաս է անցել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մոտ, գրում է նա։
«Նույնիսկ «տիտուշկաների» տեխնոլոգիան, ըստ երևույթին, որոշել են որդեգրել՝ հարմարեցնելով, սակայն, տեղական պայմաններին։ Ցրման ընթացքում առանձնակի դաժանությամբ աչքի էին ընկնում սպորտային կազմվածքով քաղաքացիական հագուստով տղամարդիկ։ Ճիշտ է, հետո պարզվեց, որ դրանք ավանդական «տիտուշկաներ» չեն, այլ՝ ոստիկաններ։ Բնականաբար, երեկ տեղի ունեցածից հետո, մարդիկ այսօր ավելի շատ են ու ավելի վճռական են տրամադրված»,֊ եզրափակում է քաղաքագետը։