«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներին Էներգետիկայի նախարարությունից պարզաբանումներ չեն ներկայացրել՝ կապված իրենց կողմից ստորագրված պայմանագրերի հետ: Այս մասին Epress.am-ին հայտնել է «Նաիրիտի» նախկին աշխատակից Արփի Թագոյանը:
Նաիրիտցիները իրավական պարզաբանումներ էին պահանջում այն պայմանագրերի վերաբերյալ, որոնցով իրենք հրաժարվել են աշխատավարձը ամիսներ շարունակ չստանալու համար իրենց հասանելիք տույժերից: Դեռևս հուլիսին «Նաիրիտի» գործադիր տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը նաիրիտցիներին հայտնել էր, որ աշխատավարձի պարտքը կտրվի միայն նրանց, ովքեր կստրոագրեն տույժերից հրաժարվելու պայմանագրերը։ Նաիրիտցիները ստիպված են եղել ստորագրել պայմանագրերը՝ աշխատավարձերից չզրկվելու համար։
Թագոյանն ընդգծել է, որ իրենք նախարարին էին դիմել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ խորհրդակցելուց հետո:
Դեռևս պայմանագիրը ստորագրելուց առաջ էր, որ նաիրիտցիները դիմել էին նախարարին, սակայն առավել քան մեկ ամիս անց էլ պատասխան չկա:
«Նախարարությունից մեզ ասացին՝ մի ամսվա ընթացքում կպատասխանեն, այդ մի ամսվա ժամկետը շուտվանից անցել է, սակայն պատասխան չկա: Երբ պատասխան ստանալու պահանջով նաիրիտցիները հավաքվել են նախարարության մոտ, նրանց ասել են՝ գնացեք դիմեք ձեր գործադիր տնօրենին: Մեզ ամենաշատը հետաքրքրում էր այն, թե ինչու այդ գումարները, որ մենք փոխանցում ենք, գնում են «Նաիրիտ 2» ընկերությանը: Մենք պատրաստ էինք գումարը զիջել, եթե դա գնար «Նաիրիտ» ընկերությանը, և մենք ուրախ կլինեինք, եթե օգնած լինեինք գործարանի վերագործարկմանը»,- ասել է Թագոյանը: